Որպեսզի կասկածները փարատվեն, Վոլինկինը պետք է ցուցմունք տալու պատրաստակամություն հայտնի. իրավապաշտպան
10:28, May 26, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես հայտնի է, Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ և անուններ հայտնել։ Նա նշել է, որ շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է։ Բացի այդ, ՌԴ դեսպանի անունն այս պատմության մեջ շոշափվում է նաև բազմաթիվ հրապարակումներում: Այս ամենի հետ հանդերձ՝ ՌԴ դեսպանը, սակայն, այս առնչությամբ հրաժարվում է մեկնաբանություն տալ:
«Պետք է հաշվի առնել, որ դիվանագիտական կառույց են և ունեն վերապահումներ հրապարակային մեկնաբանություններ ներկայացնելու առումով, հատկապես, երբ խոսքը վերաբերում է նման զգայուն թեմաների, ինչպիսին քրեական գործն է այս պարագայում»,-NewsBook-ի հետ զրույցում դեսպանի լռությունը նման կերպ մեկնաբանեց իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ ընդգծելով, որ այս պահին հարց պետք է ուղղել քննչական մարմիններին, որոնք նախաքննություն են իրականացնում: Նշենք, որ գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը:
«Քննչական գհործողությունների ընթացքում անպայման պետք է քննեն և Անի Հովհաննիսյանին, և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին և, իհարկե, դեսպան Վոլինկինին, որովհետև խոսքը վերաբերում է բավական լուրջ մեղադրանքի: Դրանից հետո, երբ արդեն տեսնենք, թե ինչպես են արձագանքում ՀՀ նախաքննություն իրականացնող մարմիններն այս պահանջներին, նոր կարող ենք ավելի հստակ եզրակացություն կազմել»,- նշեց նա:
Վերջինիս խոսքով, եթե նախաքննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի կողմից փաստեր են ներկայացնում կամ անուններ են տրվում, ապա գործի օբյեկտիվության բազմակողմանիության և լրիվության ապահովման տեսակետից պետք է անպայման հարցաքննվեն այն մարդիկ, որոնց անունները տրվում են:
«Այս գործում, որպեսզի բոլոր կասկածները փարատվեն, առաջին հերթին դեսպան Վոլինկինը պետք է պատրաստակամություն հայտնի և ցուցմունք տա, չնայած գիտենք, որ կա դիվանագիտական անձեռնմխելիության ինստիտուտը: Բայց որպեսզի կասկածները փարատվեն, դրա հիմնական ցուցանիշը կարող է լինել հենց իր կողմից հարցաքննվելու պատրաստակամությունը»,- ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ մյուս կողմից էլ ՀՀ քննչական մարմինները պետք է անպայման համապատասխան գործողություններ կատարեն:
«Պետք է Վոլինկինին կամ որպես վկա ներգրավեն, կամ հարցաքննության վերաբերյալ որոշում կայացնեն՝ այդ թվում նաև առերեսումներ»,- նկատեց նա:
Հարցին` չե՞ք կարծում, որ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է Վոլինիկին պարզաբանումների կանչի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր ԱԳՆ-ի հետ կապված ես խիստ վերապահումներ ունեմ: Մենք համոզվեցինք, որ իր գործառույթների իրականացումից առհասարակ հրաժարվում է ԱԳՆ-ն: Բայց հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռուսական դեսպանությանը կամ ՌԴ-ի պաշտոնական ներկայացուցիչներին, ԱԳՆ-ն ընդհանրապես իրեն նման քայլ թույլ տալ չի կարող, որովհետև ինքը հանդիսանում է ՌԴ ԱԳՆ-ի ենթական: Այս դեպքում ինչպե՞ս կարող է ենթական իր ղեկավարից ինչ-որ բան պահանջել»:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հաղորդում էր տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար ՀՀ դրամ: