Քաղբանտարկյալների գործով դատական նիստ անցավ թեժ մթնոլորտում
14:13, June 26, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | Քաղբանտարկյալներ2014թ. հունիսի 25-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց 2013 թվականի նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը: Նախագահող դատավոր Մ. Մարտիրոսյանը նախ անդրադարձավ դատարանին բացարկ հայտնելու հիմքերին, գործով ներգրավված ամբաստանյալները բացարկ չհայտնեցին, իսկ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ եթե բացարկ ներկայացնի նախագահող դատավոր Մ. Մարտիրոսյանին, կնշանակի, որ հույս ունի, որ մեկ ուրիշ դատավորը կարող է արդար լինել, հետևաբար տարբերություն չկա, թե ով քննի գործը: Դիմելով գործով ներգրավված մյուս ամբաստանյալներին՝ Շանթ Հարությունյանը նշեց, որ նրանք իրավունք ունեն դատարանում հայտնել իրենց դիրքորոշումը, ներկայացնեն բոլոր հիմքերը, որոնք կլուծեն իրենց մեկ օր շուտ ազատվելու հարցը, բայց ոչ մյուսների արժանապատվության հաշվին:
Այնուհետև դատարանն անցավ ամբաստանյալների ինքնության ճշտմանը: Հիշեցնենք, որ սույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված Շանթ Հարությունյանին, Վահե Մկրտչյանին, Ալբերտ Մարգարյանին, Ալեք Պողոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Ավետիս Ավետիսյանին, Հայկ Հարությունյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Միսակ Առաքելյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Սևակ Մնացականյանին, Շահեն Հարությունյանին, Տիգրան Պերոսյանին և Վարդան Վարդանյանին: Դատաքննությանը մասնակցում է նաև անչափահաս Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը՝ որպես օրինական ներկայացուցիչ:
Նախագահող դատավորը հայտնեց, որ գործով մեղադրանքը պաշտպանում են ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ավագ դատախազներ Գևորգյանը և Երիցյանը ու պարզաբանեց նրանց բացարկ հայտնելու հիմքերը: Ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը բացարկ հայտնեց ոչ միայն գործով ներգրավված մեղադրողներին, այլ ամբողջ դատարանին: Նա հայտարարեց, որ քանի որ գործը Ռուսաստանի Դաշնության պատվերն է, հետևաբար այն պետք է քննվի Ռուսաստանի Դաշնությունից գործուղված դատարանի կողմից: Այս միջնորդությանը միացան նաև Շանթ Հարությունյանը, Վահե Մկրտչյանը և Վարդան Վարդանյանը:
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժեց ներկայացված միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ, որից հետո պարզաբանեց ամբաստանյալների դատավարական իրավունքները և պարտականությունները:
Շանթ Հարությունյանը դատարանից ճշտեց, թե արդյոք դատաքննությունն ընթանում է կողերի հավասության սկզբունքի պահպանմամբ, և այնուհետև խնդրեց ամբաստանյալներին միմյանց հետ խորհրդակցելու հնարավորություն և պայմաններ ապահովել, նշելով, որ նախաքննության 8 ամիսների ընթացքում մեղադրող կողմն աշխատել է այդ մեթոդով: Նախագահող դատավոր Մ. Մարտիրոսյանը հայտնեց, որ այդ պահանջը հնարավոր չէ ապահովել, քանի որ օրենսդրությունը նման հարց չի կարգավորում:
Դատական նիստի ընթացքում քննարկվեց նաև ամբաստանյալների պաշտպանությունն իրականացնելու համար ներգրավված փաստաբանների հետագա մասնակցության հարցը:
Սույն գործի շրջանակներում Ւնեսսա Պետրոսյանը շարունակելու է Շանթ Հարությունյանի շահերի պաշտպանությունը, միաժամանակ, ամբաստանյալներ Վարդան Վարդանյանը և Շահեն Հարությունյանը հրաժարվեցին նախաքննության ընթացքում իրենց պաշտպանությունն իրականացրած հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանի ծառայություններից և հայտնեցին, որ իրենց պաշտպանությունը պետք է իրականացնի Ինեսսա Պետրոսյանը:
Միսակ Առաքելյանի շահերի պաշտպանությունն իրականացնելու է փաստաբան Հովհաննես Քոչարյանը: Վահե Մկրչտյանը և Ալբերտ Մարգարյանը հրաժարվեցին հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանից և հայտնեցին, որ իրենց պաշտպանությունը պետք է իրականացնի Հովհաննես Քոչարյանը: Ալեք Պողոսյանը, ով նախորդ դատական նիստին հրաժարվել էր իր պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի անդամ Էդուարդ Աղաջանյանի ծառայություններից, նշեց, որ հետագայում հնարավոր է գործով այլ պաշտպան ներգրավվի:
Փաստաբան Արա Զաքարյանը իրականացնելու է ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի շահերի պաշտպանությունը:
Ամբաստանյալներ Սևակ Մնացականյանի և Ավետիս Ավետիսյանի շահերը պաշտպանելու է փաստաբան Կարեն Քալանթարյանը, Ռուզաննա Հովհաննիսյանը շարունակելու է իրականացնել Մկտիչ Հովհաննիսյանի պաշտպանությունը, իսկ Լիպարիտ Պետրոսյանի փաստաբանը մնալու է հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանը:
Դատավոր Մ.Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ գործով ներգրավված 16 տուժողները դատարան ներկայացրել են գրություններ՝ տարբեր պատճառներով նիստին չներկայանալու վերաբերյալ և խնդրել իրենց ծանուցել միայն հարցաքննությունների ժամանակ: Գործով պաշտպաններ Արա Զաքարյանը և Ինեսսա Պետրոսյանը պարտադիր համարեցին նրանց ներկայությունը, քանի որ հենց տուժողների ցուցմունքների հիման վրա է ամբաստանյալներին մեղադրանք առաջադրվել, սակայն դատարանը որոշեց դատական նիստերն անցկացնել տուժողների բացակայությամբ և պարտադիր հրավիրել միայն իրենց ցուցմունքների ժամանակ:
Մինչ դատաքննության փուլին անցնելը Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը ներկայացրեց միջնորդություն՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու և գրավի չափ որոշելու մասին: Միջնորդության հրապարակման ընթացքում ամբաստանյալ Շանթ Հարությունյանը միջամտեց պաշտպանի խոսքին, որից հետո դատարանը ամբաստանյալի նկատմամբ կիրառեց դատավարական սանկցիա՝ նախազգուշացում: Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ եթե հավատում ենք պաշտպանի միջնորդության մեջ հիշատակված մարմիններին (ՀՀ վճռաբեկ դատարան, Արդարադատության խորհուրդ), ապա նշանակում է, որ հավատում ենք Սերժ Սարգսյանի արդարադատությանը, իսկ նոյեմբերի 5-ի ցույցն ուղղված է եղել նաև արդարադատության համակարգի դեմ:
Մեղադրողը առարկեց ներկայացված միջնորդության դեմ և խնդրեց մերժել այն:
Դատարանը, խորհրդակցական սենյակում քննարկելով միջնորդությունը, մերժեց այն և պարզաբանեց, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակման պահից 10-օրյա ժամկետում:
Սույն գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպան Ինեսսա Պետրոսյանի՝ մեկ այլ գործով դատական նիստ մասնակցելու պատճառով:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014 թ. հունիսի 27-ին, ժամը 12:00-ին: