Վլադիմիր Գասպարյանը չի կողմնորոշվում. իրավապաշտպան
14:10, June 26, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերթական հրապարակային հայտարարությունն է արել: Այսօր նա կրկին Բաղրամյան պողոտայում էր, որտեղ էլ հորդորեց չընկնել բառակապակցությունների հետևից, ավելին` ոստիկանապետը շեշտեց. «Իշխանությունները ծառաներ են, այսինչ են, այնինչ են… մենք ծառա չենք, մենք ծառայում ենք: Վա՛յ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»:
Սակայն սա վերջինիս միակ ուշագրավ հայտարարությունը չէ: NewsBook-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ Վլադիմիր Գասպարյանը նկատել է, թե ոչ ոք իրավունք չունի պահանջներ ներկայացնել երկրի գերագույն գլխավոր հրամանատարին` Սերժ Սարգսյանին: Իրավապաշտպանի գնահատմամբ` ոստիկանապետը կողմոնորոշման խնդիր ունի` չի կարողանում կողմնորշվել օրենսդրության տրամաբանության և ՀՀ-ում գոյություն ունեցող փաստացի իրադրության տրամաբանության մեջ:
«Օրենսդրությունն իրապես պահանջում է, որ ոստիկանությունն ապահովի խաղաղ հավաքի մասնակիցների անվտանգությունը, որը հանդիսանում է ծառայության մատուցում: Ոստիկանապետը մոռանում է, որ համայնքային ոստիկանություն հասկացության հիմքում ընկած է քաղաքացիներին ծառայություն մատուցելը, ծառայելը, ինչը, ժողովրդի լեզվով ասած, նոքարություն անել է, որի համար նաև բարեփոխումների լուրջ ծրագիր է մշակվում»,- ասաց նա և հավելեց, որ տվյալ դեպքում գործ ունենք հրապարակված նպատակների և իրական գործողոթյունների տարբերության հետ:
Իրավապաշտպանի համոզմամբ` ոստիկանապետի հայտարարություններն անտրամաբանական են: Կարծում է` Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունները փոքր-ինչ իմաստ կստանային, եթե նա գոնե ասեր, որ ծառայում է օրենքին, հակառակ դեպքում ստացվում է, որ ոստիկանապետը ծառայում է մեկին, ով օրենքից դուրս է:
«Թե՛ Սահմանադրության, թե՛ օրենսդրության տեսակետից տարօրինակ ու անտրամաբանական է, երբ ասում է, որ չի կարելի պահանջներ ներկայացնել երկրի գերագույն գլխավոր հրամանատարին: Ստացվում է, որ կա ինչ-որ մեկը, ով դուրս է օրենքից, և եթե այդպես է, ապա ոստիկանությունն առաջինը պետք է նրա նկատմամբ գործողություններ իրականացնի, հակառակ դեպքում ստացվում է, որ նա ծառայում է ոչ թե օրենքին, այլ նրան»,- շարունակեց նա:
Հատկանշական է, որ ոստիկանության ղեկավարը ցուցարարների հետ հանդիպման է գալիս առավոտյան ժամերին, երբ Բաղրամյան պողոտայում լինում եմ մի քանի տասնյակ մարդիկ: Հարց է առաջանում, թե արդյո՞ք Վլադիմիր Գասպարյանը վախենում է ընկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի օրը: Արթուր Սաքունցի համոզմամբ` խնդիրը ոչ թե վախն է, այլ զգուշությունը: Գտնում է, որ ոստիկանապետն այդ ժամերին է գալիս, որպեսզի ցուցարարների քանակը ճշտի:
«Խնդիրը կայանում է նրանում, որ ամսի 23-ին ցուցարարների նկատմամբ անօրինական պատժիչ գործողություններից հետո, այնուամենայնիվ, ոստիկանությունը զգուշություն ունի, զսպող մեխանիզմ կա` նրանք չեն կարողանում իրենց ազատ զգալ: Նրանք արժանացել են խիստ քննադատության, քանի որ նրանց` ցուցարարների նկատմամբ կատարած ապօրինի գործողությունները հիմք են մի շարք ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար»,- եզրափակեց իրավապաշտպանը:
Աղբյուրը ` www.newsbook.am