Գավառում կայացած դասընթացի շրջանակներում ներկայացվեցին զորակոչիկների ու զինծառայողների իրավունքներին ու պարտականություններին առնչվող հարցեր
15:15, October 26, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն«Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները» թեմայով դասընթացների շարքը շարունակվում է. հերթական կանգառը Գավառ քաղաքն էր: Ինչպես արդեն նշել ենք, դասընթացները ներառում են ինչպես զորակոչային, նախազորակոչային ու զինվորական ծառայության ժամանակահատվածում զորակոչիկների իրավունքներն ու պարտականությունները, այնպես էլ դրանց վերաբերող իրավական կարգավորումներն ու բողոքարկման մեխանիզմները: Գավառում կայացած դասընթացի մասնակիցները հիմնականում 16-25 տարեկան երիտասարդներ էին, ովքեր իրենց մտահոգող հարցերի շուրջ տեղեկատվություն ստացան դասընթացավար, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանից, քննարկեցին իրենց հետ տեղի ունեցած իրական դեպքեր և իրավիճակներ՝ կապված զինվորական ծառայությունից տարկետման եւ ազատման հիմքերի, հանրապետական բուժզննության ներկայանալու դեպքում փոխհատուցվող տրանսպորտային միջոցների ոչ բավարար լինելու, ինչպես նաև առողջական խնդիրների առկայությամբ զինվորական ծառայության զորակոչվելու և առողջական վիճակի հետազոտման ակտերը քաղաքացիներին չտրամադրելու պրակտիկայի հետ: