Լիա Միսակյանի գործով շարունակվեց վերաքննիչ բողոքների քննությունը
15:48, October 26, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Լիա Միսակյան2015թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Ավետիսյանի, շարունակվեց երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվեց Դատարանի՝ մեկ այլ գործով նախապես նշանակված դատական նիստ ունենալու պատճառով:
Դատական նիստին ներկա էին ամբաստանյալներ Զ. Այվազյանը և Լ. Վարդանյանը, վերջինիս պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, մեղադրող Դավիթ Կարապետյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը: Զ. Այվազյանի ներկայացուցիչ Ե. Սարգսյանը դատական նիստին ներկայացավ ուշացումով: Տուժողի իրավահաջորդ Գ. Միսակյանը և վերջինիս ներկայացուցիչ Ա. Սաքունցը չէին ներկայացել դատական նիստին աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, սակայն դա խոչընդոտ չհանդիսացավ դատական նիստը շարունակելու համար:
Լ. Վարդանյանի ներկայացուցիչ Գ. Հովհաննիսյանը իր բողոքում հիմնավորումներ ներկայացրեց իր պաշտպանյալի արարքում ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշների բացակայության, կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության անհիմն լինելու, ինչպես նաև Դատարանի կողմից թույլ տրված խախտումների մասին: Մասնավորապես, Գ. Հովհաննիսյանը նշեց, որ Դատարանն անհիմն մերժել է ամբաստանյալների անմեղությունը հիմնավորելու նպատակով ներկայացված միջնորդությունները, հնարավորություն չի տվել հարցաքննելու հանձնաժողովային փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արգամ Հովսեփյանին և ականատես վկա բուժքույր Լուսինե Մինասյանին: Հիմնավորումներ ներկայացվեցին նաև Դատարանի կողմից կանխակալ ու կողմնակալ վերաբերմունք դրսևորելու մասին: Եզրափակելով վերաքննիչ բողոքը՝ Գ. Հովհաննիսյանը խնդրեց Դատարանին՝ Լ. Վարդանյանի արդար դատաքննության իրավունքը չխախտելու նպատակով քննության առնել և բավարարել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, առանց որևէ հիմնավորման, մերժված պաշտպանական կողմի միջնորդությունները և բեկանել ու փոփոխել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2015թ. հունիսի 15-ի դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով հանցանքի կատարման մեջ Լ. Վարդանյանի անմեղությունն այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ:
Դատական նիստը կրկին հետաձգվեց՝ մեկ այլ գործով նախապես նշանակված դատական նիստ ունենալու պատճառով:
Հաջորդ նիստը նշանակած է 2015թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին: