Աբսուրդ է՝ պարզել Շմայսի սեռական հարաբերություն ունենալու կարողությունը սպառնալիքների պահին. քննիչ
10:10, November 26, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը, որն առնչվում է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին։
Հիշեցնենք, որ պատգամավորը, իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի վերաբերյալ հրապարակումներին՝ բառացիորեն սպառնացել էր բռնելու դեպքում բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին: «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի և գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»,- ասել էր ՀՀԿ-ական պատգամավորը։
Արթուր Սաքունցը դիմել էր ոստիկանություն, սակայն ոստիկանությունը հանցակազմի բացակայության հիմքով գործը կարճել էր։ Այդ որոշումը իրավապաշտպանը բողոքարկել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որը, սակայն, մերժել էր պատգամավորի դեմ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չեղարկելու միջնորդությունը։
Վերաքննիչ դատարանում այսօր ներկա էր միայն գործը քննած քննիչ Վազգեն Ավետիսյանը, որը լիարժեքորեն ստանձնել էր Շմայսի փաստաբանի դերը և ամեն կերպ փորձում էր պարզաբանել, թե իրականում ինչ է նկատի ունեցել պատգամավորը։ Ըստ քննիչի՝ Առաքել Մովսիսյանը ոչ ոքի հասցեական խոսք չի ուղղել, ընդհանրական հայտարարություն է արել՝ առանց դիտավորության։ Անգամ, ըստ Ավետիսյանի, «Աստված մի արասցե» բառերը, Աստծո անունը մեջբերելը ամենավառ ապացույցն են, որ նրա խոսքերում դիտավորություն, սպառնալիք չի եղել։ Եվ եթե նման պարագայում պատգամավորի նկատմամբ ինքը քրեական գործ հարուցեր, ապա դա կդիտվեր անձի ազատ արտահայտման իրավունքի խախտում։
Աղբյուրը՝ 1in.am