Առողջական վիճակի պատճառով երկու զինծառայող վաղաժամ ազատվել է զինվորական ծառայությունից
11:09, November 26, 2015Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ զինծառայողներ Վ. Հ-ն եւ Հ. Մ-ն զինվորական ծառայությունից ամիսներ անց ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար եւ վաղաժամ ազատվել են, քանի որ նրանց առողջական վիճակը թույլ չի տվել շարունակել հետագա ծառայությունը:
Զինծառայող Վ. Հ-ի մայրը, ով ապրում է ծանր կենցաղային եւ սոցիալական պայմաններում եւ ինքը եւս ունի առողջական լուրջ խնդիրներ, դեռեւս 2015թ.-ի ապրիլին դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իր որդու առողջական խնդիրների հարցով, որոնք վերջինս ունեցել է դեռ մանկական տարիքից, չնայած 2015թ. փետրվարին զորակոչվել էր ԼՂ Մարտունի-2 զորամաս:
Հաշվի չառնելով նրա մոտ բազմաթիվ խնդիրները, այդ թվում՝ նյարդային և հոգեբանական՝ նրան ճանաչել էին պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով, համաձայն որի՝ նույնիսկ արգելվել է ծառայությունը մարտական հերթափոխում, մարտական զենքի հետ ինքնուրույն գործ ունենալ եւ իրականացնել ծառայությունը հատուկ զորատեսակներում: Նրան նույնիսկ թույլատրելի չի եղել զենքի տրամադրումը եւ մոտ տասը ամիս զինծառայողը զինծառայության ընթացքում ոչնչով չի զբաղվել, որեւէ գործունեության մեջ ընդգրկված չի եղել, սակայն շարունակել է մնալ զինվորական ծառայության մեջ՝ հաճախակի ունենալով ինքնազգացողության վատթարացման դեպքեր: Այդ ողջ ընթացքում զինծառայողի ծնողը պնդել է, որ որդու մոտ խնդիրները պարբերական բնույթ են կրում, իսկ Կազմակերպությունը ապրիլից մինչեւ հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում չորս անգամ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ զինծառայողի համալիր բժշկական հետազոտության իրականացման հարցով, զինվորական ծառայությանը նրա պիտանիության օրինականության հարցի վերանայման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նրան զինվորական ծառայությունից ազատելու նպատակով: Կազմակերպության առաջին գրությանն ընդհանրապես ՀՀ ՊՆ-ն չէր պատասխանել, սակայն նույն պահանջով ներկայացված երկրորդ գրությանն ի պատասխան, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ զինծառայողը ներկայացվել է ԿՌԲՀ փորձաքննության եւ 03.06.2015թ. թիվ 1561 որոշմամաբ՝ «Հարմարվողականության հակազդում օրգանական անբավարար ֆոնի վրա: Թույլ վեգետոանոթային դիստոնիա» ախտորոշումով երկարացվել է բուժումը յոթ օրով, այնուհետեւ 09.06.2015թ. ԿՌԲՀ թիվ 1673 որոշումով ՀՀ ՊՆ 410 հրամանի 2գ հոդվածի կիրառմամբ հատկացվել է 20 օր արձակուրդ, որի ավարտից հետո կրկին ներկայացվելու է ԿՌԲՀ նիստի: Այնուհետեւ, ի լրումն առաջին երկու գրությունների, հայտնել է, որ զինծառայողը ներկայացել է ԿՌԲՀ նիստին եւ թիվ 2019 որոշմամաբ «Օրգանական թեթեւ ասթենիկ խանգարում: Թույլ արտահայտված վեգետոանոթային դիստոնիա» ախտորոշմամաբ ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով:
Այնուհետեւ, պայմանավորված զինծառայողի մոտ հոգեկան եւ նյարդային խանգարումների շարունակական եւ հարաճուն բնույթով, զինծառայողի մոտ ծառայակիցների համար վտանգավոր վարքի առկայությամբ, զորամասում տեղի ունեցած վեճով (ըստ զինծառայողի մոր եւ քրոջ խոսքերի) Կազմակերպությունը 06.08.2015թ.-ին կրկին դիմել է ՀՀ ՊՆ զինծառայողի առողջական վիճակի օբյեկտիվ տվյալների, զինվորական ծառայությանը նրա պիտանիության օրինականության հարցի վերանայման, իսկ անհրաժեշտության դեպքում նրան զինվորական ծառայությունից ազատելու հարցով, որին ի պատասխան՝ 28.08.2015թ.-ին ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ զինծառայողը գտնվում է հետազոտման եւ բուժման մեջ եւ Կազմակերպությունը լրացուցիչ կտեղեկացվի արդյունքների մասին: Եվ միայն 16.11.2015թ.-ին՝ ավելի քան երկու ամիս հետո, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ հետազոտությունների արդյունքում զինծառայողի մոտ վերջնական ախտորոշվել է «Օրգանական ասթենիկ խանգարում, դեզադապտացիոն դեկոմպենսացիա չափավոր արտահայտված, ինքնավնասումներով: Թույլ արտահայտված ՎԱԴ» եւ համաձայն ՀՀ ՊՆ 2013 թ. N410 հրամանի 2բ, 11գ հոդվածների 1-ին սյունակի պահանջների՝ ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի՝ սահմանափակումով պատերազմական ժամանակ:
ՀՀ ՊՆ «ՀՀ ԶՈՒ շարքային կազմի պարտադիր զինծառայողների առողջական վիճակի պատճառով հետագա զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակվելու մասին» 30.09.2015 թ. N 1149 հրամանով Վ. Հ-ն զորացրվել է ՀՀ ԶՈՒ շարքերից:
Իսկ զինծառայող Հ. Մ-ի հարազատները ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմել էին 2015թ.-ի օգոստոսին՝ հայտնելով, որ զորակոչվելուց 3 օր հետո, Հ. Մ-ն գանգատվել է աչքի ցավից, կարմրությունից, տեսողության խավարումից, որից նախկինում չի գանգատվել եւ բուժզննությամբ չի բացահայտվել: Բացի դրանից՝ հայտնել է, որ իր մոտ առաջացել է շլություն: Այս կապակցությամբ դիմել է բուժկետ, որտեղ աչքի կաթիլ են տրամադրել, սակայն օր օրի տեսողությունը վատացել է: Զինծառայողին չեն հավատացել եւ պնդել են, որ վերջինս ձեւացնում է՝ հավելելով, որ նրան չեն կարող տեղափոխել հոսպիտալ, քանի որ գտնվում է «կարանտինում»: Այդ ամբողջ ընթացքում զինծառայողը գանգատվել առողջական վիճակի վատթարացումից:
Կազմակերպությունը երկու անգամ դիմել է ՀՀ ՊՆ՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել՝ զինծառայողի առողջական վիճակը բացահայտելու նպատակով նրան բժշկական փորձաքննության ենթարկելու հարցով: Համաձայն ՀՀ ՊՆ գրության՝ զինծառայողը 2015 թ.-ի օգոստոսից գտնվել է հետազոտման եւ բուժման մեջ, եւ ախտորոշվել է «Գ/ու զարգացման բնածին արատ (5 փորոք) զատիչ նյարդի պարեզով՝ աջից: Տեսողական նյարդի ոսկրային խողովակների ֆիբրող դիսպլազիա: Ձախ երիկամի քար՝ առանց մեզի հոսքի խանգարման: ՕՍ-ցածր աստիճանի հիպերմետրոպիա»:
02.11.2015 թ. ԿՌԲՀ որոշումով, համաձայն ՀՀ ՊՆ 2013 թ. N 410 հրամանի 14բ, 54գ, 16գ հոդվածների 1-ին սյունակի ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար: