«Իսկ ինչու Սուրիկ Խաչատրյանի տանը հայտնաբերված զինանոցը ահաբեկչական զենք չհամարվեց». իրավապաշտպան
12:05, November 26, 2015«Այն արսենալը, որ Սուրիկ Խաչատրյանի տանը հայտնաբերեցին, չգիտես ինչու դրա մեջ ահաբեկման կամ կազմակերպված խմբի նշույլ չէին տեսնում: Այդ զինանոցը, որ Լիսկայի տանն էր Բուդաղյան եղբայրներից մեկի սպանության գործի քննության շրջանակում հայտնաբերված, արդյոք դա ահաբեկչական խմբավորման զենք չէր, չտեսանք նման բան»,- այսօր ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված հանցավոր խմբավորման դեպքին անդրադառնալով՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա համոզմամբ, տեղի ունեցած դեպքը Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակով է պայմանավորված. «Սպասվող նոր սահմանադրության հանրաքվեին նախորդող իրավիճակի հետ է կապված, իսկ իրավիճակը իշխանության, Սերժ Սարգսյանի վարչակազմի համար իրապես դժվար է, որովհետեւ հիմնական ընտրազանգվածը դեմ է այդ փոփոխություններին, կա խորը դժգոհություն իշխանությունների գործելակերպի ու նախաձեռնության նկատմամբ: Այդ պայմաններում վարչակազմը պետք է կիրառի միայն բռնարարքներ, կեղծիքներ, այդ փոփոխության գործընթացն ու հանրաքվեն լեգիտիմացնելու: Ու քանի որ չունեն այդ լեգիտիմության պաշարը, պետք է գնան այն ճանապարհով, որ ոչ լեգիտիմ տեսքով ներկայացնեն հիմնական ընդդիմադիր ուժերին»:
Անդրադառնալով տարածված նախնական լուրերին, թե հայտնաբերված խմբավորումը կապ ունի քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ, պարոն Սաքունցն ասաց. «Հենց դա ապացուցում է, որ ընդդիմադիր ուժերին վարկաբեկելու տրամաբանությունը իշխանության կողմից հիմնական ճանապարհն է: Բայց ես չեմ վստահում ԱԱԾ այդ հայտարարությանը, որովհետեւ շատ կոնկրետ պետք է ներկայացվի հանգամանքները, այդ խմբի ձեւավորման, խմբի կողմից ժամանակակից սպառազինության ձեռք բերման աղբյուրների վերաբերյալ»:
Աղբյուրը՝ aravot.am