3 պատճառ, թե ինչու էր երեկվա վնասազերծումը բեմականացված
23:45, November 26, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ես սպասում էի, որ իշխանությունը պետք է մի բան մտածի, մի բան պետք է հորինի, որպեսզի փորձի սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի դեմ ինքն իր վերահսկողությունը սահմանի»,- այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Երեւանում զինված խմբավորման վնասազերծման օպերացիային, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նկատի ունենալով այն, որ վնասազերծումն իրականացվեց սահմանադրական փոփոխությունների գործընթացի ակտիվ փուլում :
Նրա կարծիքով՝ ԱԱԾ-ն չունեցավ այնքան խելք, որ այդ միջոցառումն իրականացներ բոլորովին այլ ժամանակ. «Բնականաբար այդ 19 հոգուն մեկ օրում չեն ներգրավվել, ապա դա կարող էին անել շատ ավելի շուտ: Շատ ավելի ժամանակ է պահանջվում նման խումբ ձեւավորելու, նման զենքեր ձեռք բերելու համար: Իրենց թվարկած զինանոցն ուենալու համար երկար ժամանակ էր պետք: Այսինքն՝ գործի նկարագրության վերաբերյալ փաստական հանգամանքները՝ մեկ, այն իրավիճակը, որում բացահատեցին, այսինքն՝ քաղաքական ենթատեքստը՝ երկու: Եվ առավել կարեւորը. այն տեսանյութը, որ տարածվեց, թե ինչպես են նրանք այդ գործողությունն իրականցնում՝ երրորդ: Սրանք հիմք են տալիս պնդելու, որ դա բեմադրություն էր: Այդքան զինանոց ունեցող խմբավորմանը տեսախցիկներով, նկարահանող սարքերով այդ գործողությունը մանրամասն նկարահանելով եւ ցույց տալով, առնվազն պետք է խելահեղ լինել, մտածելով, որ այդ խումբը, որ ունենալով այդքան զենք, ինքնապաշտպանության չի դիմելու կամ չի դիմադրելու եւ այլն»:
Արթուր Սաքունցն, անդրադառնալով ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի այսօրվա հարցազրույցին, ասաց. «Այսօր ես ԱԱԾ-ի պետի հարցուպատասխանում նկատեցի, որ նշույլ անգամ չկա այդ խումբը քաղաքական ընդդիմադիրների հետ կապելու համար, որովհետեւ «Ոչ»-ի վերաբերյալ նյութեր ՀՀ քանի քաղաքացու տանը կարող եք տեսնել: Նշանակում է՝ այդ բոլորն էլ կապված են ահաբեկչական խմբի հե՞տ»: