Դադարեցնել իրավապաշտպան գործունեության նկատմամբ ակնհայտ ճնշումները
21:20, December 26, 2015 | Հայտարարություններ, ՍեփականՎերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից ձևավորվել է արատավոր պրակտիկա. հանցագործության մասին հաղորդման մեջ ներկայացված իրավիճակում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը պարզելու փոխարեն՝ քրեական հետապնդում հարուցել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց նկատմամբ:
Հանցագործության մասին հայտնած անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում սուտ մատնության հանցակազմի հիմքով, որի շրջանակներում հաղորդում ներկայացրած անձանց ներգրավում են որպես վկա և հարցաքննում: Որպես հետևանք՝ հանցագործության զոհերը կամ հանցագործության մասին տեղեկություն ունեցող անձինք ստիպված են լինում ետ կանգնել հանցագործությունների վերաբերյալ իրենց պնդումներից` վախենալով իրենց իսկ նկատմամբ կամայական քրեական հետապնդումից:
Ընդ որում, իրավապահ մարմինների կողմից որդեգրված նման գործելաոճը, որպես կանոն, ցուցաբերվում է պաշտոնատար անձանց՝ որպես ենթադրյալ իրավախախտների ներգրավմամբ գործերի շրջանակներում: Այսինքն` նման գործերի շրջանակներում իրավապահ մարմնի կողմից փորձ է կատարվում իրավական գնահատական տալ ոչ թե ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց արարքին և գործողություններին, այլ հանցագործության մասին հաղորդում ներկայացնողների վարքագծին: Արդյունքում, հանրային նշանակություն ունեցող և հանրությանը վտանգ ներկայացնող հանցագործությունները չեն արժանանում օբյեկտիվ քննության, բուն հանցանքը հմտորեն թաքցվում և անուշադրության է մատնվում, իսկ ենթադրյալ իրավախախտները չեն ենթարկվում պատասխանատվության:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պրակտիկայում ևս առկա են նման գործեր, որոնց քննության շրջանակներում, Կազմակերպության ներկայացուցիչների ահազանգերի հիմքում ընկած հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը պարզելու փոխարեն, ակնհայտ կերպով թիրախավորվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձինք և վկաները՝ միտումնավոր կերպով ուշադրությունը շեղելով բուն հանցագործության փաստից:
Այսպես` Կազմակերպության կողմից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել 2015 թվականի սեպտեմբերի 18-ին hraparak.am ինտերնետային լրատվական կայքի «Շուտ գնա ստեղից, թե չէ դու առանց արգանդի կմնաս. հերթական միջադեպը Սաշիկ Սարգսյանի մասնակցությամբ» նյութի հիման վրա (լրատվական նյութին հղում կատարելով): Նշված լրատվական նյութում ներկայացվել էր, թե ինչպես է խմբագրություն այցելած կինը պատմել Սաշիկ Սարգսյանի գործողությունների մասին, մասնավորապես նշելով, որ վերջինս բռնություն է գործադրել մի երիտասարդի նկատմամբ, ապա սպառնացել իր հասցեին անեծքներ հնչեցնող տարեց կնոջը: Նյութում տեղ գտած տեղեկատվության ուղղությամբ բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու փոխարեն՝ Երևան քաղաքի քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում թիրախավորվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով լրատվամիջոցով տարածված նյութի հիման վրա հանցագործության մասին հաղորդում էր տվել: Ա. Սաքունցի նկատմամբ ապօրինի հետապնդումները հասել են ընդհուպ մինչև բերման ենթարկելու մասին որոշում կայացնելը:
Մեկ այլ դեպքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել՝ Վանաձոր ՔԿՀ դատապարտյալ Կ. Ս.-ի նկատմամբ ճնշումների և սպառնալիքների վերաբերյալ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ահազանգի հիման վրա: ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները անցնելու) շրջանակներում գործը քննելու փոխարեն՝ կրկին քրեական գործ հարուցվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնության) հատկանիշներով, որի թիրախը դարձան հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Ա. Սաքունցը և հասարակական դիտորդական խմբի անդամներ Ա. Զալյանն ու Օ. Զալյանը: Արդյունքում, տուժող՝ Վանաձոր ՔԿՀ դատապարտյալ Կ. Ս.-ը ստիպված եղավ հրաժարվել իր իրավունքների պաշտպանության և վերականգնման պահանջից, քրեորեն պատժելի արարքը մնաց անհետևանք, հանցագործությունը՝ չբացահայտված, իսկ ենթադրյալ հանցագործը հերթական անգամ մնաց անպատիժ:
Իրավասու մարմինների՝ նման ոչ իրավաչափ գործելաոճը ակնհայտորեն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների և անհատների գործունեության դեմ: Այն նպատակ է հետապնդում՝ ճնշումների միջոցով լռեցնելու իրավապաշտպանների ձայնը, ստիպելու չբարձրաձայնել հանցագործությունների, մասնավորապես, պաշտոնատար անձանց ապօրինի վարքագծի մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը
• խստորեն դատապարտում է հանցագործությունները մեկ այլ՝ շինծու, հանցագործությամբ կոծկելու՝ իրավապահ մարմինների գործելաոճը,
• կրկին հիշեցնում է, որ իրավական պետության կայացման կարևորագույն գործոններից է իրավապահ մարմինների անկախությունը, բարեվարքությունը, օբյեկտիվությունը և պրոֆեսիոնալիզմը,
• հրավիրում է իրավասու մարմինների ուշադրությունը այն հանգամանքին, որ իրավապահ մարմինների պարտականությունն է հանցագործության մասին հայտնած անձանց պաշտպանությունը, իսկ նկարագրված գործելաոճի հետևանքները կարող են ունենալ անդառնալի և անվերահսկելի հետևանքներ և հօդս ցնդեցնել պետական կառավարման համակարգի, մասնավորպես՝ իրավապահ մարմինների հանդեպ վստահության բարձրացմանը, ընտրողական արդարադատության և անպատժելիության մթնոլորտի վերացմանն ուղղված բոլոր ջանքերը,
և հայտարարում,
որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան հասարակական կազմակերպության առջև դրված կարևորագույն խնդիրը մարդու իրավունքների պաշտպանությունն է, որը կիրականացվի ցանկացած դեպքում և մթնոլորտում: