«Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ» հետազոտության արդյունքների ներկայացում. 2014-2017թթ.
17:47, September 26, 2017 | Մամլո հաղորդագրություններ2017 թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կներկայացնի «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ-ի հետ համագործակցությամբ այս տարվա մայիսին ՀՀ տարածքում իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հետազոտության նպատակն էր պարզել հասարակության դիրքորոշումները միջազգային կառույցների (ԵՄ, ԵԱՏՄ) նկատմամբ:
«Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ» խորագիրը կրող հետազոտության արդյունքները կներկայացվեն նախորդ 3 տարիներին իրականացված համանման հետազոտության արդյունքների հետ համեմատությամբ:
Ըստ դրա՝ միջազգային կառույցներին ՀՀ ցանկալի անդամակցության վերաբերյալ հարցվածների կարծիքները որոշ չափով տարբերվում են նախորդ տարիներից: Բանախոսները կներկայացնեն դրանք ինչպես ըստ առանձին տարիների, այնպես էլ 4 տարվա կտրվածքով, ինչպես նաև կանդրադառնան դիրքորոշումների վրա ազդեցություն ունեցած հնարավոր գործոններին:
ՀՀ նկատմամբ ՌԴ ունեցած վերաբերմունքի մասին դիրքրորոշումները ևս 2016-ի համեմատությամբ զգալիորեն փոխվել են:
Հարցվածների կարծիքները տարբերվում են նաև՝ ըստ նրանց տեղեկատվության աղբյուրների:
Հետազոտության շրջանակներում դիտարկվել է նաև միջազգային կառույցներին անդամակցության շուրջ հասարակական վերաբերմունքը՝ ըստ Հայաստանի Հանրապետության նկատմամբ առանձին երկրների դրսևորած քաղաքականության գնահատումների: Ըստ այդմ՝ վերլուծվել է նաև ԵԱՏՄ հանդեպ հանրային վերաբերմունքի վրա ՌԴ ունեցած ազդեցությունը:
Հետազոտության արդյունքները կներկայացվեն նաև ըստ առանձին մարզերի և սոցիալ-ժողովրդագրական բնութագրիչների (սեռ, տարիք, բնակավայրի տիպ, ընտանիքի միջին ամսեկան եկամուտ):
Բանախոսներն են՝
Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ
Ռուբեն Սարգսյան, «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ նախագահ