«Սկսիր քեզանից», Սաշիկ Սարգսյանից, Հովիկ Աբրահամյանից, Գագիկ Խաչատրյանից, Տիգրան Սարգսյանից…
10:13, January 27, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Կոռուպցիայի կանխարգելումՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով ԱՄՆ կառավարության եւ ՀՀ գլխավոր դատախազության՝ կոռուպցիայի դեմ համատեղ պայքար ծավալելու վերաբերյալ հայտարարություններին, կարծիք հայտնեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտ պայմանը քաղաքական կամքն է, քաղաքական որոշումը:
«Քաղաքական կամքի արտահայտությունը կամ դրա հիմնավորվածությունը պետք է մենք՝ քաղաքացիներս, տեսնենք, որպեսզի վստահենք քաղաքական կամքի վերաբերյալ հայտարարություններին, որի մասին կարող են ամենատարբեր պետական մարմինների ղեկավարները հայտարարել: Իսկ միակ վստահության երաշխիքը կարող է լինել «Սկսիր քեզանից» կարգախոսը, որի իրականացման ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր կատարվեն, իսկ կոնկրետ քայլերի համար արդեն օրենսդրությամբ սահմանված հնարավորությունները, ընթացակարգերը պետք է կիրառել: Օրենքի կիրառման ուղղությամբ գործողություններով միայն մենք կարող ենք համոզվել, որ «Սկսիր քեզանից» սկզբունքն արդեն իրագործվում է»,-նշեց իրավապաշտպանը:
Հայտարարագրերի ուսումնասիրության անհրաժեշտությունը մեկ անգամ չէ, որ նշվել է: Կան բազմաթիվ հրապարակումներ այս կամ այն պաշտոնյայի ահռելի ունեցվածքի վերաբերյալ, սակայն այդ հայտարարագրերը եւ ԶԼՄ հրապարակումները երբեք ուսումնասիրության առարկա չեն դառնում համապատասխան մարմինների կողմից:
«Այդ սկզբունքի իրականացմանն ուղղված գործողության առաջին փաստը կարող էր լինել պաշտոնատար անձանց կողմից եկամուտների վերաբերյալ հայտարարագրերում նշված տվյալների եւ պաշտոնատար անձանց, այդ թվում` նրանց հարազատների պաշտոնական եկամուտների աղբյուրների միջեւ ակնհայտ հակասության փաստերը եւ այդ փաստերի հիման վրա ստուգումների պատշաճ իրականացումը: Բացի այդ, հարկավոր է նաեւ ուսումնասիրության արդյունքները ոչ միայն հրապարակել, այլ նաեւ օրենքով սահմանված իրավական գնահատական տալ»:
Արթուր Սաքունցը որպես ամենաթարմ օրինակ մատնանշում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը՝ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վերաբերյալ, որ օդում կախված լուրեր կան, որ Ծառուկյանը չի կատարում իր հարկային պարտավորությունները: Հանձնարարական տրվեց վարչապետին՝ իրականացնել ստուգումներ: Սակայն Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո հայտնի դարձավ, որ ստուգումների արդյունքում չարաշահումներ չեն հայտնաբերվել:
«Մենք տեսնում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ: Իսկ դա միանշանակ վկայում է, որ կոռուպցիոն մեխանիզմներն ունեն քաղաքական բնույթ, որն ամրագրում է հենց Սերժ Սարգսյանը: Եվ ոչ միայն ունի քաղաքական բնույթ, այլ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է կիրառվել ընտրողաբար, ելնելով քաղաքական նպատակներից: Մի դեպքում նույն գլխավոր դատախազը, որը որպես նախկին զինդատախազ մեկ տարվա ընթացքում ստանում է 100.000 դոլարին համարժեք նվիրատվություն եւ բացարձակապես որեւէ հիմնավորում, բացատրություն չի տալիս, թե այդ ո՞վ է նվիրատվություն տվողը, ինչի՞ համար է նվիրատվություն տալիս, չի ներկայացվում հանրությանը, հավատալ նման մարդու խոսքերին, որ անողոք է լինելու պայքարը կոռուպցիայի դեմ, ես չեմ կարող: Իսկ կարեւորը կոռուպցիայի դեմ պայքարում դա հանրային վստահությունն է, որովհետեւ առանց վստահության եւ հանրային աջակցության հնարավոր չի լինի կոռուպցիան հաղթահարել»,-կարծիք հայտնեց Սաքունցը:
Հարկ է հիշեցնել նաեւ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված քաղաքական կոռուպցիայի դրսեւորման դեպքերին դատախազության պահվածքը:
Իրավապաշտպանի խոսքերով՝ Հայաստանում ձեւական բնույթ ունեն քրեական գործերի, նախաքննության իրականացման, մեղադրանքների առաջադրման բոլոր գործողությունները:
«Պետության կարեւոր, պատասխանատու անձանց կողմից կոռուպցիայի հաղթահարման վերաբերյալ հայտարարությունները նույնպես ունեն ընդամենը քաղաքական նպատակ, որի նպատակը ցույց տալն է, որ իբր թե կա քաղաքական կամք, բայց իրական որեւէ գործողությամբ այդ քաղաքական կամքի հիմնավորվածության՝ չենք նկատում: Այնպես որ, դրանք ընդամենը հերթական խոսքեր են, որոնց նպատակը հետեւյալն է՝ ստանալ լրացուցիչ ֆինանսական աջակցություն»:
Վստահության վերականգնման համար, որը վաղուց արդեն իշխանությունները սպառել են, դատախազությունն առնվազն պետք է ձեռնամուխ լինի Հայաստանում մի քանի անձանց ունեցվածքը խոշորացույցի տակ առնելու եւ պատասխանատվության կանչելու:
«Ցուցակում առաջիններից պետք է լինի վարչապետը, ֆինանսների նախարարը, իրավապահ մարմինների ղեկավարները եւ նրանց աշխատակազմը, որոնք ունեն աստղաբաշխական թվերի հասնող միջոցներ: Պատասխան պետք է տան հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ 40-50 տոկոս աղքատություն ունեցող երկրում կարող են նման տիպի աստղաբաշխական թվերով հարստություն ունենալ: Ես ժամանակին այդ հարցը բարձրացրել եմ, որ ԱԱԾ պետի տեղակալը, որը հեռացվեց, իր անձնական հաշվի վրա ուներ 920.000 ԱՄՆ դոլար: Որտեղի՞ց: Այդ հարցին մինչեւ հիմա էլ պատասխան չի տրվել եւ չի ուսումնասիրվել: Բազմաթիվ հրապարակումները Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի, Նաիրիտի հետ կապված ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ պետք է ստուգվեն: Սրանք հրապարակումներ են կոնկրետ փաստերով հիմնավորված, բայց մենք չենք տեսնում գործողություններ:
Օդում կախված են մնում հենց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի 50 տոկոսով փայ մտնելու մասին լուրերը: Որեւէ ստուգում կատարվե՞լ է այս լուրերի վերաբերյալ: Սա է ամբողջ էությունը, կոռուպցիան հովանավորվում է քաղաքական իշխանության կողմից, եւ ոչ թե պետք է հայտարարություններ արվեն, այլ գործողություններ, իսկ առանց գործողությունների, փոքր ձկնիկների բռնելու միջոցով ցույց տալ, թե իբր գործ է արվում, դա համոզիչ չէ: Հիշենք, որ բոլորիս աչքի առջեւ է կատարվում ամեն ինչ, եւ բոլորն ամեն ինչի մասին շատ լավ գիտեն»,-եզրափակեց իրավապաշտպանը: