«Ցանկացած կին ու աղջիկ կարող է դատի տալ նախարարին». իրավապաշտպան
10:44, February 27, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը գյուղնախարար Սերգո Կարապետյանին՝ կարտոֆիլը աղջիկների հետ համեմատելու համար դատի տալու բոլոր հիմքերը տեսնում է: «Ցանկացած կին ու աղջիկ կարող է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հիմքով դատարան դիմել ու պահանջել առնվազն ներողություն: Այդ համեմատությունը վիրավորանք էր, աղջիկների արժանապատվությունը նվաստացնող»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը: Ըստ նրա, նախարարը այդ համեմատությամբ, հրապարակայնացրեց այն մտածելակերը, որ Հայաստանում գոյություն ունի ազգային ավանդույթների շրջանակում՝ կանանց ու աղջիկների նկատմամբ. «Ոչ թե նորություն ասաց, այլ աղջիկների տալու-առնելու մոտեցումը հիմնավորեց: Այդ մոտեցումը մարդկային արժանապատվության նկատմամբ արհամարհական վերաբերմունք էր: Պաշտոնատար անձը իր հրապարակային ելույթներում այլ մոտեցում պետք է ցույց տար, անթույլատրելի են նման մոտեցումները համեմատության նպատակով օգտագործելը: Սա ընդգծում էր այն մոտեցումը, թե կինը ընտրության հնարավորություն չունի, չի կարող ընտրել, այլ իր փոխարեն ընտրում են»: Հիշեցնենք, որ Շիրակի մարզում գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ նախարարը ասել էր, թե «կարտոֆիլը աղջկա պես մի բան է, առաջին ուզողին պիտի տաս»: Այս համեմատությունը զայրացրել էր կանանց ու մի խումբ կանայք բողոքի ակցիաներ են անցկացրել, այցելել նախարարին:
Աղբյուրը` aravot.am