Որն է լինելու քաղաքական նոր ուժի խնդիրը
11:25, February 27, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցածն ի՞նչ էր:
Պրոբլեմը սկսեց այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ հայտարարեց արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին, որին հաջորդեց Սերժ Սարգսյանի հրապարակային կոշտ ելույթը ՀՀԿ գործադիր մարմնում, և սկսվեցին գործողություններ՝ բերման ենթարկումներ, ապօրինի ստուգումներ և այլն: Հանգուցալուծումը կատարվեց, երբ միջնորդների աջակցությամբ տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որից հետո քաղաքական ասպարեզից Գագիկ Ծառուկյանն իսպառ կորել է: Սա տեղի է ունեցել բոլորիս աչքի առջև, բայց խոսքը վերաբերվում է ՀՀ ԱԺ մեծությամբ երկրորդ քաղաքական խմբակցությանը: ԲՀԿ-ն թվաքանակով ԱԺ-ում երկրորդ ուժն է և իր կառուցվածքով կարելի է ասել ՀՀԿ հայելային արտապատկերումն է թե գործարարների առումով, թե բնույթով, թե գործելաոճով, որովհետև ԲՀԿ-ն էլ էր նախընտրական քարոզարշավի ժամանակ ընտրակաշառք բաժանում տրակտորների, պարարտանյութերի ձևով:
Եվս մի կարևոր հանգամանք՝ մեկ անգամ էլ է եղել Ծառուկյան-Սարգսյան հանդիպում 2013 թվականի ընտրություններից առաջ, երբ այդ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր թեկնածությունը նախագահական ընտրություններին չի առաջադրելու: Այսինքն՝ մենք ունենք երկու դիպված. մեկը 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ՝ 2012-ի դեկտեմբերին, որից հետո Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրվում, երկրորդ անգամ երբ փորձեց քաղաքական ինքնուրույն քայլ կատարել, կոշտ և կոպիտ կասեցվեց: Երկու անգամ էլ մենք մի բան ենք արձանագրում. Մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ հանդիսացող միավորն ընկրկում է ճնշմանը, չունի պատասխանատվություն ընտրողների առջև, ինչպես չունի պատասխանատվություն ՀՀԿ-ն՝ հանձինս իր ղեկավարի: Այսինքն՝ ԱԺ-ում երկու քաղաքական միավորները հարցերը լուծում են ոչ թե իրենց, այսպես կոչված, ընտրողների առջև պատասխանատվության տեսակետից, այլ մեկը մյուսի նկատմամբ փոխհարաբերությունների կարգավորման տեսակետից: Դրա համար ես սա իրապես համարում եմ քրեական ռազբորկա, որովհետև կրիմինալ կանոններ են աշխատում, ոչ թե քաղաքական: Քաղաքական կանոններ կլինեին, եթե Գագիկ Ծառուկյանը հրապարակային ելույթ ունենար Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Ավելին՝ ոչ միայն չկա նման ելույթ, այլ նաև Նաիրա Զոհրաբյանի, Վարդան Օսկանյանի կողմից չկա որևէ պարզաբանում ընտրողների առջև:
Բայց մի շատ կարևոր հանգամանք կար, որը միջնորդավորված հայտարարվեց լրատվամիջոցներով, որ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ այդքան արյուն չի կարող իր վրա վերցնել, ինչը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը ակնհայտորեն սպառնացել է, որ եթե Ծառուկյանն ինքնուրույն քայլ կատարի, ապա կարող է արյունահեղություն լինել, որը կարող է լինել իշխանության կողմից բռնի միջոցների կիրառման արդյունքում: Իշխանությունն իրեն պահում է որպես ռեժիմ, որն իր ոչ համախոհների հետ խոսում է շանտաժի, սպառնալիքի լեզվով: Ընդ որում՝ պետք է ասեմ՝ Ծառուկյանի Գագիկի միջնորդավորված հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ և Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթը հիմք է հանդիսանում քրեական հետապնդում իրականացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ անձի նկատմամբ բռնության սպառնալիքի փաստով: Եթե Գագիկ Ծառուկյանն ինչ-ինչ խնդիրներ ունի քրեական օրենսդրության հետ, դա դեռ չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը կարող է քրեորեն պատժելի մեթոդներ կիրառի անձի նկատմամբ:
Մենք խոսում ենք իշխանության կողմից պետական ռեսուրսները քաղաքական, սեփական շահերի օգտագործման մասին: Եթե Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի խոսքով կասկածվում է հարկեր թաքցնելու մեջ, ապա նշանակում է, որ նա շուտ պետք է գործողություններ իրականացներ, այսինքն՝ Սերժ Սարգսյանը հանցագործին թաքցնելու դերում է հանդես գալիս և ասում, որ ըստ նպատակահարմարության ես կարող եմ անձին քրեական պատասխանատվության ենթարկել, եթե անձը քաղաքական շահի տեսակետից չբավարարի իմ շահերին: Սա նույնպես հանցագործություն է։ Ավելին՝ հիմա էլ խոսք չկա, թե ինչ է արվելու։ Ինքն ասում է, որ որևէ խնդիր չունի Գագիկ Ծառուկյան քաղաքացու և գործարարի հետ։ Այն, որ Գագիկ Ծառուկյանը նույն ՀՀԿ-ի հայելային արտապատկերն է իր բովանդակությամբ, դա վեր է կասկածից, բայց մեկն ունի լծակներ օգտագործելու և պատժելու հնարավորություն, մյուսն այդ լծակներից զրկված է, և սիամական երկվորյակները մեկը մյուսի հետ հաշիվ են մաքրում։
Այս իրավիճակում ԲՀԿ-ն ի՞նչ պետք է անի, արդյոք որպես ուժ վերանում է:
Միանշանակ է, որ ԲՀԿ-ն որպես պառլամենտական երկրորդ ուժ դադարելու է գոյություն ունենալուց։ Հիմնական մեխը Սահմանադրական փոփոխությունների ապահովումն է, և այս պահին խոչընդոտող գործոնը հանձինս ԲՀԿ-ի՝ որպես Ռոբերտ Քոչարյանի գործիքի՝ վերացրեց։ Եվ պատահական չէ, որ ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչներն արդեն խոսում են սահմանադրական փոփոխությունների շարունակման մասին։ Ամենայն հավանականությամբ, մարտի 5-ին կորոշվի, որ Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքական դեմք, դադարում է գոյություն ունենալուց։
ԱԺ-ում հարց բարձրացվեց, որ իշխանության հետ տուն պետք է գնան նաև ընդդիմության ներկայացուցիչները, որովհետև մեկը մյուսից լավը չեն։ Այս առումով նոր ուժի ձևավորման նախադրյալներ տեսնո՞ւմ եք։
Խնդիրն այն է, որ հիմա չէ, որ իշխանություն կազմող քաղաքական ուժը և ոչ իշխանություն կազմող հիմնական քաղաքական ուժերը պետք է հեռանային: Դա շուտ էր հայտնի, հատկապես 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ էր ակնհայտ, երբ խորհրդարանական երկրորդ մեծ ուժը քաղաքական պայքարից հրաժարվեց, և այն ժամանակ էլ գործարքը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տեղի ունեցավ։ Եվ երկուսն էլ, ըստ էության, հանրության առջև իրենց խնդիրները չլուծեցին և հանրության առջև պատասխանատվություն չկրեցին։ Այն ժամանակ պետք է հեռանային։ Հիմա, երբ դաշտը մաքրվեց հիմնական խոչընդոտող գործոնից՝ ԲՀԿ-ից, գրավիչ է դառնում այդ դաշտը գրավել, և հայտ ներկայացնողները ամենատարբեր կողմերից են։ Պարզ է, որ խորհրդարանում գոյություն ունեցող որևէ քաղաքական ուժ ԲՀԿ-ի տեղը գրավելու հնարավորությունը չունի։
Հայաստանում կա հստակ խնդիր՝ սահմանադրական նորմերի անվերապահ կատարում, այնպիսի պայմանների ստեղծում, որ ՀՀ Սահմանադրությունն աշխատի։ ՀՀ Սահմանադրությունը եվրոպական քաղաքակրթությանը համապատասխան փաստաթուղթ է։ Եթե կձևավորվի այն քաղաքական միավորը, որն իր բովանդակությամբ կհամապատասխանի այդ արժեհամակարգին, ապա դա կլինի այն ուժը, որը կկարողանա պատասխանել և լուծել այսօրվա խնդիրները: Իսկ այսօրվա խնդիրները գոյություն ունեն, քանի որ այդ նորմերը չեն աշխատում։ Նոր ուժը պետք է այդ արժեհամակարգը սահմանի և այն իրականացնելու պատասխանատվություն վերցնի։
Բայց այստեղ մեկ այլ հարց կա՝ Հայաստանում ֆինանսական ռեսուրսները կենտրոնացված են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի ձեռքին: Գագիկ Ծառուկյանի հարցը լուծվեց, մնացին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Ըստ էության՝ հանձինս Գագիկ Ծառուկյանի՝ նաև Ռոբերտ Քոչարյանի՝ որպես քաղաքական միավոր հանդես գալու հնարավորությունը նվազեցվեց, բայց ինքը որպես ռեսուրս կրող շարունակում է գոյություն ունենալ։ Թե ինչ ելք է գտնելու Ռոբերտ Քոչարյանը, որ չմնա ամենաերիտասարդ թոշակառու, ես դժվար եմ պատկերացնում։ Այստեղ կա տրամաբանական կանոնը, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, և այդ սուրբ տեղը լրացնողները նրանք են, որոնք ունեն ռեսուրսներ, և այստեղ շատ պարզ է, որ այդ ռեսուրսները պետք է ձևավորվեն Հայաստանի պայմաններում դասական սխեմայով, կամ Իվանիշվիլիի սխեմայով, կամ ունենալ այլ մոդել, նոր ներդրումների միջոցով շատ մարդկանց ֆինանսական աջակցության միջոցով։ Եվրոպական արժեքային համակարգին հավակնող ուժը պետք է լինի բաց բաժնետիրական սկզբունքով ձևավորված քաղաքական ուժ։
Ստացվում է, որ որևէ մեկը, ով կընդդիմանա գործող իշխանությանը, արյունահեղությո՞ւն կլինի, և այս պատճառաբանությամբ էլ ամեն անգամ կհետաձգվի՞ գործընթացը։
Ընդհանրապես, ահաբեկիչները և ահաբեկչական բովանդակություն ու բնույթ ունեցող ուժերը, խմբերը իրենց հաշվարկները կատարում են հենց այդ արյունահեղության սպառնալիքի հիման վրա։ Պրակտիկան ցույց է տալիս, որ չպետք է գնալ ահաբեկիչների սպառնալիքներին ենթարկվելու ճանապարհով, ավելին՝ այդ ահաբեկիչների խմբավորման մեջ պետք է մտցնել մարդկային գործոնը, որովհետև իրենց մեջ էլ ենթապատանդներ կան: Միշտ գլխավոր ահաբեկիչը ինքը համախոհներ շատ քիչ է ունենում, ինքն էլ է վախի գործոնով իր թիմը հավաքում և սովորաբար միշտ սահմանափակ տիրույթում է գտնվում, մանավանդ հիմա Հայաստանում Սերժ Սարգսյանը ահաբեկելը շարունակելու ռեսուրսներ չունի։ Անզիջում վարքագիծ է պետք, այլապես եթե դու գնում ես գործարքների, ունենում ես այն, ինչ հիմա կա, այսինքն՝ ենթարկվում ես այն խաղի կանոններին, որը թելադրում է ահաբեկչական խմբավորումը։ Ինքը վախեցողի նկատմամբ է դա կիրառում։
Եվ ևս մեկ դիտարկում՝ եթե դու կրիմինալ սիստեմի մեջ չես մտնում, չես կրում սիստեմի ձեռագիրը և մտածողությունը, ինքը քո նկատմամբ իր գործիքները չի կարողանում կիրառել։ Դրա համար մենք պետք է ստեղծենք կրիմինալ համակարգից դուրս միավոր, որը կհամապատասխանի մեր սահմանադրությամբ ամրագրված եվրոպական արժեքային համակարգին:
Աղբյուրը՝ lragir.am