Ցուցարար Հասմիկ Էվոյանի կողմից հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելու վերաբերյալ արձանագրություն չկա
15:56, March 27, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հավաքների և միավորումների ազատություն2017 թ. մարտի 27-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ա.Թովմասյանի, Գևորգ Սաֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտին տեղի ունեցած հավաքի մասնակից Հասմիկ Էվոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննության շրջանակում ևս մեկ նախնական դատական նիստ կայացավ:
Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է Հ. Էվոյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը, պատասխանող Հ. Էվոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Տ. Սիրադեղյանը ներկայացրեց ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցի հիմքերն ու առարկան՝ նշելով, որ Հ. Էվոյանին ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու՝ ոստիկանների գործողությունները հանգեցրել են նրա՝ հավաքների ազատության, կարծիքի ազատ արտահայտման, անձնական ազատության և անձեռնմխելիության ու ազատ տեղաշարժի, խոշտանգումներից, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտմանը:
Այնուհետև հայցվորին հարցեր ուղղեց ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության առկայության մասին, ապա նշեց, որ նյութերի նախապատրաստման ընթացքում կազմված արձանագրության մեջ իրավախախտման էության հատվածում նշված է միայն ոստիկանի պահանջը չկատարելու արարքը, հետևաբար՝ բացակայում է հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելու արարքի վերաբերյալ կազմված արձանագրությունը, որպիսի պայմաններում գործի վարույթը մասնակի ենթակա է կարճման:
Պատասխանողի ներկայացուցիչը գործի վարույթը մասնակի կարճելու վերաբերյալ նաև միջնորդություն ներկայացեց, որի վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի կողմի դիրքորոշումը լսելուց հետո՝ դատաքննության փուլում:
Դատարանը գործը համարեց դատաքննությանը նախապատրաստված և դատաքննության օր նշանակեց 2017 թ. հունիսի 6-ը: