Գլխավոր դատախազությունն իրեն օրենքից դուրս է դրել
18:36, March 27, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Գլխավոր դատախազության հայտարարությանն այն մասին, թե «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի հիման վրա կատարվել է ուսումնասիրություն և պարզվել, որ 114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ, իսկ մնացած 113-ը՝ ոչ:
Արթուր Սարքունցն ասում է, որ Գլխավոր դատախազությունն իրեն օրենքից դուրս է դրել:
«Գլխավոր դատախազությունը պատշաճ քննություն չի կատարել, ավելին, անտեսել է տեղի ունեցածի կազմակերպված ու զանգվածային բնույթը: Դատախազությունն ակնհայտորեն անտեսել է քաղաքապետարանների, մարզպետարանների և վարչական մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ կազմակերպված հանցագործության փաստը և իր գործողությամբ և ոչ համարժեք իրավական գնահատականով կոծկում է հանցագործությունը»,- ասաց Սաքունցը:
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ Գլխավոր դաախազությունն առաջնորդվում է ոչ թե օրենքով, այլ քաղաքական իշխանությանը ծառայելու տրամաբանությամբ և իրեն դնում է օրենքից դուրս:
«Սա նաև նշանակում է, որ ընտրական գործընթացում հետագա հանցագործությունների, խախտումների և անկանխատեսելի այլ փաստերի դրսևորումների համար անմիջական պատասխանատվություն է կրելու նաև հենց Գլխավոր դատախազությունը, որ իր անգործությամբ ըստ էության նպաստում է այս խախտումների շարունակական լինելուն», ասաց իրավապաշտպանը: