Ռուսական ռազմական ներկայության ընդլայնումը Հայաստանում ինքնիշխանության մարտահրավեր եմ դիտարկում. Ա. Սաքունց
10:59, March 27, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ ոչ միայն Գյումրիի ռազմական բազայում, այլ նաև Երևանի կայազորում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների հայտնվելը վկայում է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ընդլայնման, ամրապնդման մասին:
«Ռուսական ռազմական ներկայության ընդլայնումը Հայաստանում ինքնիշխանության մարտահրավեր եմ դիտարկում: Հայաստանի իշխանություններն ընդհանրապես Ռուսաստանի հետ կապված հարցերում ցուցաբերել և ցուցաբերում են ինքնիշխանության պահպանման իմունիտետի բացառիկ բացակայություն, և սա կարող եմ նույնիսկ անվանել հիբրիդային օկուպացիա»,-ասաց նա և նշեց, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը հարևան երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի նկատմամբ իրականացնում է հիբրիդային պատերազմ, իսկ Հայաստանում` մեղմ, փափուկ մեթոդներով «հիբրիդային օկուպացիա»:
Նշենք, որ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է, որ Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում ձևավորվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում:
Արթուր Սաքունցն ասաց, որ այս ընդլայնման հետ կապված մի քանի հարց է առաջանում, մասնավորապես, թե ինչով է պայմանավորված, որ մինչ այժմ չկար, իսկ հիմա դրա անհրաժեշտությունն առաջացել է:
«Այսինքն՝ մենք չունենք որևէ տրամաբանական հիմնավորում Ռուսաստանի Զինված ուժերի ռազմական ոստիկանության ստորաբաժանման ներկայության ապահովման վերաբերյալ»,-ասաց նա և նշեց, որ այդ մասին տեղեկանում են լրատվական միջոցներից:
Նա խնդիր բարձրացրեց, թե ռազմական ոստիկանությունը գործելու է միայն բազայի՞ տարածքում, թե՞ նաև դրանից դուրս: «Շատ տարօրինակ է, որ Գյումրի քաղաքում գործելու են ՀՀ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները և ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: Դա ինչպե՞ս է համատեղվելու»,-ասաց նա:
Արթուր Սաքունցը խնդրահարույց համարեց այն, որ ավելանում է ևս մեկ ստորաբաժանում, որի գործունեության նկատմամբ վերահսկողությունն ամրագրված և հասկանալի չէ:
Իրավապաշտպանը նկատեց նաև, որ Ռուսաստանի հարավային ռազմական բազաների հզորացում է նախատեսվում, և Հայաստանում ռազմական ստորաբաժանումների հիմնումը տրամաբանորեն բխում է այդ փաստից։
«Այնուամենայնիվ ռուսական բազայի զինծառայողների կողմից ռուսական բազայի տարածքից դուրս կատարված հանցագործությունների և գործողությունների համար անմիջականորեն պետք է զբաղվեին ՀՀ իրավապահ մարմինները. սա պայմանագրով է ամրագրված, և այստեղ ռուսական ոստիկանությունն ի՞նչ է անելու: Իսկ եթե որոշակի գործառույթներ պետք է տրամադրվեն, որ ռուսական ոստիկանությունը զբաղվի նաև ռուսական բազայի տարածքից դուրս բազայի զինծառայողների կողմից հակաօրինական գործողություների դեմ պայքարով կամ դրանց վերաբերյալ քննության իրականացմամբ, ապա դա բավական լուրջ մարտահրավեր եմ դիտարկում»,-ասաց նա: