«Կարեւոր էր, որ Վենետիկի հանձնաժողովն առաջին ձեռքից ստացավ ինֆորմացիա». Սաքունց
18:07, August 27, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Սահմանադրական փոփոխությունների շուրջ Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ երեկվա քննարկման ժամանակ ընդգծել էր, որ Մարտի 1-ի 10 զոհերի սպանությունը մինչ այժմ բացահայտված չէ. « Վստահություն չկա այս իշխանության նկատմամբ: Դուք աշխատում եք հուղարկավորության տեքստի փորձագե՞տ, թե՞ խնդիրների լուծման փորձագետ: Մեր իրականության մեջ կա մենիշխանության երկրի տեսակետը: Հասկանում եմ, որ իրավաբաններ եք, բայց չեք կարող չնկատել այն ենթատեքստը, որը կա Սահմանադրության նախագծի տեքստում»: Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը նրան պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովը չի կարող ձեզ վստահություն տալ, կարող է նպաստել միայն քննարկմանը եւ դա քննարկման մասնակիցների կողմից պետք է բարի կամքով ընդունվի. «Մենք ձեզ նման մարդիկ ենք, որ մասնակցում է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ ձեր երկրին օգնելով: Մենք իրավախորհրդատուներ ենք, քաղաքական գործիչներ չենք»: Արթուր Սաքունցն Aravot.am-ի հետ զրույցում կիսելով իր տպավորությունները հանդիպման մասին՝ նախ դժգոհեց կազմակերպիչներից, որոնք այդ քննարկման մասին նրան տեղեկացրել էին նախորդ օրը երեկոյան. «Ինձ ասել էին, որ դա հանդիպում է քաղհասարակության ներկայացուցչների հետ: Բայց երբ եկա, տեսա, որ առաջին շարքում նստած էին խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանք ունեին իրենց քաղաքական շահերը, ի տարբերություն քաղհասարակության ներկայացուցիչների, որոնց շարժառիթները բոլորովին այլ էին: Երբ Վենետիկի հանձնախմբի ներկայացուցիչը հայտարարեց, որ հիմա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին են լսելու, ԲՀԿ-ի ներկայացուցիչը ձայն խնդրեց, ինչը խառնաշփոթություն առաջացրեց, կարծիքների, մթնոլորտի վերաբերյալ»: Ըստ Սաքունցի, հանդիպումը կարեւոր էր, քանի որ Վենետիկի հանձնաժողովը պետք է կարծիքներ ստանար ոչ միայն Սերժ Սարգսյանից, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներից, այլեւ հենց հասարակության ներկայացուցիչներից. «Այս առումով կարեւոր էր, որ իրավիճակի վերաբերյալ իրենք առաջին ձեռքից ստացան ինֆորմացիա: Իրենք փորձում էին հնարավորինս զերծ մնալ, հասկանում եմ, որ իրենց մանդատը թույլ չի տալիս ավելի ակտիվ լինել իրենց մոտեցումներով եւ դիրքորոշումներով, գնահատականների տեսակետից: Դա իրապես միայն իրավաբանական փորձագիտական եզրակացություն տվող կազմակերպություն է: Կարեւոր էր, որ իրենք հասկանան, թե ինչ իրավիճակում է տեղի ունենում այդ գործընթացները: Ես չէի ակնկալում, որ իրենք կարձագանքեին իմ կողմից բարձրացված հարցին, կարեւոր էր այն, որ իրենք լսել են»: Սաքունցը կարծում է, որ հանձնաժողովի անդամների հետ էլի հանդիպումներ կլինեն եւ հնարավորություն կունենան իրենց ամբողջական տեսակետը հայտնել: