Այդ պահանջով պատժում են ոչ միայն Հայկ Կյուրեղյանին, այլ նաև հանրությանը. իրավապաշտպան Արթուր Սաքունց
18:13, August 27, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես հայտնում է Orer.am-ը, երեկ տեղի ունեցած Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստի ժամանակ դատախազը պահանջեց մեղադրյալին դատապարտել 14 տարվա ազատազրկման:
Մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանը միջնորդեց դատարանին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համախոհ, ծրագրավորող Հայկ Կյուրեղյանին մեղավոր ճանաչել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Ո՞րքանով է արդարացված դատախազի նման պահանջը. այս հարցի շուրջ Orer.am-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
«Դատախազի պահանջած 14 տարվա ազատազրկումը բացարձակապես անհիմն է, որովհետև այն գործողությունները, որոնք իրականացրել է Հայկ Կյուրեղյանը, ակնհայտորեն ուղղված էին Շանթ Հարությունյանի և ընկերների նկատմամբ ապօրինի դատավարության բողոքի ցույցի հետ:
Ես որակում եմ այդ պահանջը որպես պատժիչ գործողություն՝ ուղղված այն նպատակներին, որոնք ունեցել է Հայկ Կյուրեղյանը: Նա իր գործողություններում նպատակ չի ունեցել վտանգել որևիցե մեկի առողջությունը, խախտել հասարակական կարգը : Իր գործողությունները ողջունվել են հենց հանրության կողմից»,- մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Մեր հարցին, թե ինչպես պետք է վարվեր դատախազը, Արթուր Սաքունցը պատասխանեց.
«Կարող էին վարչական պատասխանատվության ենթարկել: Սովորաբար ժողովրդավարական պետություններում, եթե անհնազանդության ակցիաներ են լինում, որոնց ընթացքում վնասվում են ինչ-որ արժեքներ, դատարանը, նախաքննության մարմինը կարևորում են մոտիվը, դրդապատճառը:
Այս պարագայում մենք տեսնում ենք, որ դրդապատճառին չեն անդրադառնում. որո՞նք են եղել դրդապատճառները և ի՞նչ նպատակ է հետապնդել: Ըստ էության՝ այդ պահանջով ավելի շատ պատժում են ոչ միայն Հայկ Կյուրեղյանին, այլ նաև հանրությանը՝ զգուշացնելով, որ քաղաքացիական անհնազանդության, բողոքի ցույցերը՝ ուղղված ապօրինությունների դեմ, կարող են պատժվել»:
Անդրադառնալով Հայկ Կյուրեղյանի՝ դատական նիստերին ներկա չգտնվելու փաստին՝ իրավապաշտպանը նշեց, որ դա դատարանի կողմից Հայկ Կյուրեղյանի դատական իրավունքի կոպիտ ոտնահարում է. «Եթե նույնիսկ Հայկ Կյուրեղյանը ներկա չի եղել, նա իր վերաբերմունքը դատարանի հանդեպ արտահայտել է` չհարգելով այդ դատական իշխանությունը, իսկ դա նրա իրավունքն է, դատավորը կարող էր լավագույն դեպքում վարչական պատասխանատվության ենթարկել: Այսինքն՝ տեսնում ենք դատավոր-դատախազ մեկ միասնական մարմին:
Դատախազությունը հենց նույն օրը հայտարարել է Ռուբեն Հայրապետյանի կողմից բռնությունների փաստով գործ չհարուցելու մասին: Այսինքն՝ դատախազությունը նույն օրը ծայրահեղ պատիժ է առաջարկում Հայկ Կյուրեղյանի նկատմամբ, մյուս դեպքում քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշում կայացնելով՝ հովանավորում է Ռուբեն Հայրապետյանի նպատակները, այն է՝ բռնություն:
Դատախազությունը բացարձակապես ուշադրության չարժանացրեց և իրավական գնահատական չտվեց այն հանգամանքին, որ Ռուբեն Հայրապետյանի գործողություններից տուժել են ոչ միայն Արսեն Հարությունյանը, այլ նաև բռնության իրականացման ժամանակ այդ տարածքում հանգստացող քաղաքացիները, որոնք սարսափած ստիպված են եղել թողնել իրենց հանգիստը և լողազգեստներով հեռանալ տարածքից:
Այսինքն՝ այստեղ դատախազության կողմից տեսնում ենք ակնհայտ բռնության նպատակով գործողությունների հովանավորություն, որն իրականացվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից, իսկ մյուս դեպքում՝ դատապարտել Հայկ Կյուրեղյանի գործողությունները, որոնք ուղղված են ապօրինությունների դեմ: Սա ավելի շատ հենց ցույց է տալիս մեր դատախազության բովանդակությունը»,- ավելացրեց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատավարության մեկնարկից առաջ դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրած Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: