Մ. Բաղդասարովի սնանկացումը կապվում է Ս. Սարգսյանի մտերիմների բիզնես հետաքրքրությունների հետ
10:42, August 27, 2014Այսօր պարզ դարձավ, որ գործարար Միքայել Բաղդասարովին պատկանող «Միկա» մարզահամալիրը հանվել է հարկադիր աճուրդի:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքի փոխանցմամբ մարզահամալիրի մեկնարկային գինը ավելի քան 9 մլրդ. դրամ է: Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում գտնվող «Միկա» կոմպլեքսի ընդհանուր մակերեսը 3658.9 քմ է: Այն կառուցվել է 2008-ին: Եվ աճուրդը կշարունակվի մինչև սեպտեմբերի 4-ը:
Մարզադաշտը եթե հայտնվել է աճուրդում, այս դեպքում որտե՞ղ է մարզումներ իրականացնելու ֆուտբոլային ակումբը: ԳԱԼԱ-ի այս հարցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից փոխանցեցին, որ իրենք այդ հարցին պատասխանել չեն կարող: Լրատվության բաժնի պատասխանատու Տիգրան Իսրայելյանը խորհուրդ տվեց դիմել հենց «Միկա» ակումբին:
«Միկա» ակումբից ԳԱԼԱ-ին հայտնեցին, որ թիմը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր սովորականի նման իր մարզումներն է իրականացնում «Միկա» մարզադաշտում եւ շարունակելու է նաեւ հետայսու: Իսկ թե վաճառքից հետո որտեղ կանցկացնեն մարզումները, ակումբի լրատվության հարցերով պատասխանատու Աշոտ Մարտիրոսյանը պնդեց` նույն վայրում՝ իրենց մարզադաշտում:
«Մենք պարապում ենք եւ շարունակելու ենք նույն ձեւով աշխատել, մեր մարզումներում ոչինչ չի փոխվի, նույն վայրում շարունակելու ենք մարզվել»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:
Այն, որ մարզադաշտը կհանվի վաճառքի, այս մասին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում դեռ ամիսներ առաջ, տեղեկությունները ոչ միայն մարզադաշտին էին վերաբերում, այլ նաեւ «Միկա» ակումբին:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է՝ առաջիկայում վաճառքի հանվի նաև Բաղդասարովին պատկանող «Միկա» ակումբը, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, մենք նման բան չգիտենք»: Մարտիրոսյանը դժվարացավ նաեւ ասել՝ Միքայել Բաղդասարովը ներկայում հանրապետությունում է, թե բացակայում է, արդյոք տեղյակ է, թե ոչ, որ «Միկա» ֆուտբոլային ակումբի մարզադաշտն արդեն աճուրդի է հանվել:
Հիշեցնենք, որ Միքայել Բաղդասարովը նաեւ սնանկացած «Արմավիա» ընկերության սեփականատերն էր, որը Հայաստանում օդային ուղեւորափոխադրումների ոլորտում մենաշնորհային կարգավիճակ ուներ: Եվ Բաղդասարովի մոտ բոլոր անհաջողությունները սկսվեցին հենց «Արմավիա»-ի սնանկացումից հետո:
Թե ինչպես ստացվեց, որ իշխանությունների հովանավորության տակ գործող գործարարի մոտ սկսվեց սնանկացման գործընթաց, այնպես էլ չպարզվեց:
Ի՞նչ պարտքեր ունի Միքայել Բաղդասարովը «Միկա» մարզադաշտի մասով, սա էլ պարզ չէ, չգիտեն նաեւ ակումբի պատասխանատուները, չի տեղեկացվում նաեւ ԴԱՀԿ պաշտոնական կայքում:
Նշենք, որ մարզադաշտը հերթական խոշոր գույքն է, որ Հայաստանում դրվում է ԴԱՀԿ աճուրդի: Մի քանի շաբաթ առաջ ԴԱՀԿ աճուրդի դրվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, եւ անհաջող փորձերից հետո կառավարությունը որոշեց այն փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռին:
Ու՞մ հաշվեկշռին է փոխանցվելու «Միկա»-ի մարզադաշտը, սա եւս անհայտ է:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Բաղդասարովի սնանկացումն ուղղակի կապվում է Ս. Սարգսյանի եղբոր եւ փեսայի բիզնես հետաքրքրությունների հետ:
«Միկա Բաղդասարովի բիզնեսն առավելապես ծաղկում էր ապրում Ռոբերտ Քոչարյանի օրոք, հետո Ս. Սարգսյանի ժամանակ նույնիսկ ամենասկզբում խոսակցություններ գնացին, որ նա պատրաստվում է իր բիզնեսները փակել եւ հեռանալ Հայաստանից: Սա ավելի շատ ես անվանում եմ սեփականության վերաբաշխում, եւ ուղղակիորեն կապվում է Ս. Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի եւ փեսայի՝ Միքայել Մինասյանի բիզնես հետաքրքրությունների հետ: Ս. Սարգսյանն իր նախագահության կամ իշխանության վերջին մեծ ընթացք է տալիս բիզնեսների յուրացմանը, որոնք կարող են հիմա հանդիսանալ իշխանության ձեւավորման համար որպես այլընտրանք»,- ասաց Սաքունցը:
Իսկ տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը բոլորովին այլ կարծիքի է: Նա գտնում է, որ Միքայել Բաղդասարովի դեպքը դասական օրինակ է այն բանի, թե ինչպես մենաշնորհային դաշտում գործող անձը, որը վայելում է իշխանությունների հովանավորությունը, գործում է պետական տանիքի տակ, որոշ ժամանակ անց գցում է հայրենի իշխանություններին ու պետությանը եւ հեռանում:
«Միկա Բաղդասարովը եւ իր ղեկավարությամբ գործող կառույցները Հայաստանի իշխանությունների տնտեսական հովանավորության արդյունքում են մտել դաշտ, եւ այդ ոճը՝ մտնելու եւ հետագայում գործելու, պահպանվեց: Առանց պետական տանիք ունենալու Բաղդասարովը ուղղակի չէր կարող Հայաստանի Հարապետությունում նորմալ գործարարությամբ զբաղվել»:
Ըստ տնտեսագետի՝ գործարարը, օդային ուղեւորափոխադրումների մենաշնորհի 10 տարվա լիցենզիա ստանալով, չի կատարել հարկային ոչ մի պարտավորություն:
«Շատերը մոռացել են, բայց պետք է հիշել, որ մինչեւ ոլորտը քանդելը ավիացիան մեր երկրի առաջին հարկատուն է եղել: Բայց նրան այնպիսի հովանավորություն էին արել, որ նույնիսկ օդի այն հարկը, որ միանգամից գնալու էր ֆինանսների նախարարությունում բացված հաշվեհամարին (խոսքը 10 հազար դրամների մասին է), այդ գումարներն էլ էր գրպանել: Մի փոքրիկ կրպակ, խանութ, մի անձ եթե փորձի պետական բյուջե մեկ լումա պակաս վճարել, այդ մարդուն ամբողջ ունեցվածքով, ընտանիքով ու բարեկամներով կսնանկացնեն: Անհասկանալի էր, թե ով էր այդ մարդը, որ այդ գումարները այդպես էլ մինչեւ հիմա չի փոխանցել»:
Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ բացի այդ, եկամուտը Միքայել Բաղդասարովը դուրս էր հանում երկրից:
Անդրադառնալով մարզադաշտի վաճառքին՝ տնտեսագետը կարծիք հայտնեց, որ այն վաճառում են վարկային պարտավորությունները չկատարելու համար՝ ենթադրելով, որ հավանաբար մարզադաշտն էլ գրավադրված է եղել:
«Ինքը վարկային գումարներ է վերցրել բանկերից, իր ունեցվածքը գրավ է դրել: Օրինակ Ցեմենտի գործարանը հաստատ գրավ է դրված եղել բանկում: Ինքնաթիռները բոլորը գրավ են դրված եղել: Դա արվել է նրա համար, որ երբ ինքը որոշի գնալ, իր ունեցվածքը կա, թող վերցնեն կամ վաճառեն եւ իր հետ պարտք ու պահանջ չունենան: Ես կարծում եմ նույնը նաեւ ֆուտբոլային ակումբին ու մարզադաշտին է վերաբերում: Ինչ-որ ֆինանսական պարտավորությունների դիմաց է գրավադրել մարզադաշտը, իսկ հիմա հանվում է վաճառքի»:
Պարոն Խաչատրյանը հավելեց, որ սա կոռուպցիայի դասական օրինակ կարող է համարվել: «Օլիգարխիայի աշխատելու դասական օրինակ, թե ինչպես կարող են օգտվել առանձին մարդկանց հովանավորությունից եւ հետո պետությանը գցել, խաբել ու անպատիժ թողնել հեռանալ»:
Աղբյուրը՝ galatv.am