ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի դիրքորոշումը ՀՀ ղեկավարության կողմից ընդունված Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ
14:03, September 27, 2014 | Այլ, Հայտարարություններ | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, ՔաղբանտարկյալներՇուրջ մեկ տարի է անցել Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը միանալու մտադրության եւ Եվրասիականտնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից, ինչը փաստորեն նշանակում էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի՝ ԵՄ-Հայասատան գրեթե չորս տարվա ակտիվ եւ արդյունավետ բանակցությունների արդյունքում մշակված նախագծի նախաստորագրման խափանում: Այդ ժամանակից ի վեր Եվրամիության Արեւելյան գործընկերության (ԵՄ ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) մի քանի անգամ հանդես է եկել հայտարարություններով, որոնցում իր անհամաձայնությունն է արտահայտել Երեւանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ՝ ընդգծելով դրա հետ կապված պետական ինքնիշխանությանը եւ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները եւ մտահոգություն հայտնելով երկրում բարեփոխումների ընթացքը խարխլելու վերաբերյալ:
Անցած ամիսները հաստատեցին Պլատֆորմի սկզբունքային դիրքորոշման եւ Հայաստանի հեռանկարների վերաբերյալ նրա գնահատականների հիմնավորվածությունը (տե՛ս ՀԱՊ 2013թ. սեպտեմբերի 17-ի եւ դեկտեմբերի 21-ի հայտարարությունները): Եվրամիության հետ մինչ այդ դինամիկ զարգացող համագործակցությունը զգալիորեն սառեցվեց: Մեր երկիրը հայտնվեց նվաստացուցիչ վիճակում՝ բախվելով Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երեք հիմնադիր երկրներից երկուսի՝ Բելառուսի եւ Ղազախստանի բացահայտ չհետաքրքրվածությանը՝ Հայաստանը Միության չորրորդ անդամի կարգավիճակում տեսնելու առումով: Տեղի ունեցածը արդեն այժմ ամենածանր կերպով է անդրադառնում Հայաստանի միջազգային վարկանիշի վրա՝ նրա բազմաթիվ գործընկերների մեջ հարուցելով կասկածներ՝ իր ազգային շահերին համապատասխան ինքնիշխան որոշումներ կայացնելու՝ Երեւանի ընդունակության վերաբերյալ:
Հակառակ եվրասիական ինտեգրման կողմնակիցների հավաստիացումների՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված ընտրությունը որեւէ կերպ չբարձրացրեց մեր երկրի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության մակարդակը: Անցնող տարին, եթե ելնելու լինենք սահմանամերձ շրջաններում զինված ընդհարումների եւ միջադեպերի զոհերի թվից, ամենաողբերգականը եղավ ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի հաստատումից հետո անցած երկու տասնամյակներում: Շարունակվեց ռուսական հարձակողական զենքի մատակարարումը Ադրբեջանին, ինչը դարձել է տարածաշրջանում լարվածության սրման լրացուցիչ գործոն:
Համոզիչ չեն հօգուտ եվրասիական ընտրության հիմնական փաստարկներից համարվող՝ էներգետիկ անվտանգություն ոլորտում երկրի ձեռքբերումները: Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը զրկվեց երկիրը բնական գազով ապահովելու մենաշնորհ ունեցող ընկերության իր վերջին 20% բաժնեմասից, եւ հասարակությունը կանգնեց գազի եւ էլեկտրաէներգիայի հերթական թանկացման փաստի առջեւ:
Եվրասիական միության անդամակցության մշուշոտ հեռանկարը, որի վավերացումը հերթական անգամ տեղափոխվել է նոր ամսաթիվ՝ 2014-ի հոկտեմբերի 10, արդեն իսկ Հայաստանի համար ստեղծում է իր ամենամերձավոր հարեւաններից՝ Վրաստանից եւ Իրանից հեռանալու նախադրյալներ: Վերջին տարվա ընթացքում ի հայտ եկած նոր մարտահրավերները մեծացնում են մեր քաղաքացիների սոցիալական խոցելիությունը եւ բարձրացնում արտագաղթի տեմպերը:
ՀԱՊ-ը տագնապով է արձանագրում հայ հասարակության մեջ խորացող պառակտումը, ինչն ուղղակի հետեւանք է Արեւելյան գործընկերության շուրջ վեճերի, ուկրաինական հակամարտության եւ Մոսկվա-Արեւմուտք առճակատման վերաբերյալ տարբեր տեսակետների: Ըստ որում, սուր հակասությունները, որպես կանոն, անմիջականորեն չեն առնչվում մեր երկրի կենսական շահերին եւ նրա զարգացման կոնկրետ խնդիրներին: Այսօրինակ անառողջ երեւույթը՝ ծավալված գլոբալ տեղեկատվական պատերազմի եւ առաջին հերթին հայաստանյան հասարակության վրա ռուսական հեռուստաալիքների բաց ցանցում վերահեռարձակման աննախադեպ մանիպուլյատիվ ազդեցության ուղիղ հետեւանքն է: Պլատֆորմն արդեն ՀՀ պատկան մարմինների առջեւ բարձրացրել է ՀՀ օրենքներին համապատասխան լիցենզավորում ստացած հեռարձակողների կողմից քսենոֆոբիայի անթույլատրելի քարոզչության հարցը (տե՛ս ՀԱՊ 07.04.2014թ. հայտարարությունը ): Սակայն ՀՀ իշխանությունների կողմից երկրի տեղեկատվական անվտանգության սպառնալիքների եւ ազգային օրենսդրության խախտումների հետ կապված որեւէ միջոց չձեռնարկվեց:
Քաղաքացիական նախաձեռնությունների անտեսման այս եւ բազմաթիվ այլ օրինակներ լուրջ կասկածի տակ են դնում ՀՀ իշխանությունների հավաստիացումները՝ անկախ ինտեգրացիոն մոդելի ընտրությունից՝ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհն անշեղորեն շարունակելու եւ հանրության հետ երկխոսության ծավալման պատրաստակամության մասին: Հենց եվրասիական ընտրության մասին հայտարարելուց հետո մենք վկա դարձանք քաղաքացիական ընդվզման որոշակի ձեւերի հանդեպ դրսեւորված անհանդուրժողականության: 2013թ. սեպտեմբերի 5-ին եւ դեկտեմբերի 2-ին քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը եւ նրանց վրա կատարված հարձակումների հետաքննությունների «կոծկումը», Շանթ Հարությունյանի եւ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող քրեական հետապնդումը, ինչի մասին բազմիցս նշվել է պլատֆորմի հայտարարություններում, որեւէ կերպ չեն ամրապնդում մեր վստահությունն առ այն, որ Հայաստանը զարգանում է որպես ազատ եւ ժողովրդավարական պետություն:
ՀԱՊ-ը բազմիցս առաջարկել է ՀՀ իշխանություններին, առաջին հերթին Ազգային ժողովին՝ առարկայական քննարկումներ կազմակերպել մի ամբողջ շարք հիմնահարցերի վերաբերյալ՝ կապված սեպտեմբերի 3-ի շրջադարձային որոշման հետ: Պաշտոնական հրապարակային որեւէ ձեւաչափով նման քննարկումներ չանցկացվեցին՝ ո՛չ Հայաստանի Հանրապետության նախագահի անցյալ տարվա սեպտեմբերյան հայտարարությունից առաջ, ո՛չ էլ դրանից հետո: Ըստ որում, մենք չենք զարմանա, եթե Հայաստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի նախագիծը, որ դիվանագիտական կասկածելի ընթացակարգերի արդյունքում է ձեւավորվել, հաստատվի խորհրդարանի հապշտապ կերպով հրավիրված արտահերթ նիստում, արագացված կարգով, առանց պատշաճ նախապատրաստման եւ քննարկումների: Այս իրողությունը վկայում է ազգի ճակատագրի ու պետության երկարաժամկետ հեռանկարների վերաբերյալ քաղաքական որոշումների կայացման համակարգում առկա լուրջ արատների մասին:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր խիստ դժգոհությունը եւ անհամաձայնությունն է արտահայտում ՀՀ ղեկավարության կողմից ընդունված Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումների եւ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը խափանելու որոշման հետ: Միեւնույն ժամանակ, մենք խորապես հիասթափված ենք Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի եւ բարեփոխումների օրակարգի վերաբերյալ խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի շրջանում սկզբունքային դիրքորոշման բացակայության առնչությամբ, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտարարության վերաբերյալ քննադատաբար հանդես եկած ուժերի՝ միասնական ճակատով հանդես գալու անկարողությամբ:
Ստեղծված իրավիճակում ՀԱՊ-ը ակնկալում է առաջին հերթին հենց հայ հասարակության համախմբում՝ հանուն իր ազգային շահերի պաշտպանության, եւ իր հիմնական խնդիրն է համարում համաքաղաքացիների տեղեկացվածության մակարդակի եւ երկրի ապագայի հանդեպ պատասխանատվության բարձրացումը:
25.09.2014
Երեւան