Պատասխանող կողմը միջնորդեց կարճել գործի վարույթը
16:23, September 27, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Լ. Հակոբյանի, շարունակվեց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության հայցի քննությունը՝ ընդդեմ Անուշ Պողոսյանի, որով պահանջվել է Ա. Պողոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206.5-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելու հիմքով:
Նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչ Կարեն Պարոնյանը, գործով որպես երրորդ անձ ներգրավված Արմեն Մկրտչյանը, պատասխանող Ա. Պողոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Նախորդ դատական նիստին պատասխանողի ներկայացուցչի՝ որպես երրորդ անձ ներգրավված Ա. Մկրտչյանին դատավարության մասնակիցների կազմից հանելու միջնորդության վերաբերյալ Դատարանը ճշտեց կողմերի կարծիքները: Հայցվոր կողմը հարցի լուծումը թողեց դատարանի հայեցողությանը:
Պատասխանողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը որպես լրացուցիչ հիմնավորում վկայակոչեց ՀՀ Սահմանադրական դատարանի 2010 թ. փետրվարի 5-ի թիվ ՍԴՈ-864 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ վարչական պատասխանատվության նպատակն առավելապես կրում է հանրային բնույթ, իրավախախտ անձը պատասխանատվություն է կրում հասարակության, այլ ոչ թե մասնավոր անձի առջև, վարչական պատասխանատվությունն առնչվում է ոչ այնքան մասնավոր, որքան հանրային շահերին:
Դատարանը հստակեցրեց՝ արդյոք Ա. Մկրտչյանին երրորդ անձ ճանաչելուց հետո փաստական հիմքերի փոփոխություն տեղի ունեցել է, թե ոչ, ինչին ի պատասխան՝ Տ. Սիրադեղյանը նշեց, որ միջնորդությունը ներկայացվել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի կարգով, որի դեպքում դատարանը կարող է երրորդ անձին ոչ պատշաճ երրորդ անձ ճանաչել նաև այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայել են նրան որպես երրորդ անձ ներգրավվելու հիմքերը:
Դատարանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, որոշեց մերժել այն՝ հաշվի առնելով, որ Ա. Մկրտչյանին որպես երրորդ անձ ներգրավելու հիմքը չի փոփոխվել:
Այնուհետև հայցվորի ներկայացուցիչ Կ. Պարոնյանը ներկայացրեց հայցադիմումի առարկան ու հիմքերը:
Պատասխանողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանի հարցին ի պատասխան՝ հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ հայցադիմումին կից փաստաթղթերում արձանագրությունից մեկը կիսատ է եղել, և դատարան ներկայացրեց արձանագրության շարունակությունը:
Փաստաթղթին ծանոթանալուց հետո Տ. Սիրադեղյանն արձանագրեց, որ ներկայացված արձանագրությունը նախորդի շարունակությունը չէ, քանի որ վերջինս ավարտված և ստորագրված է պահանջատիրոջ ու հարկադիր կատարողների կողմից: Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ հարցը հայցադիմումի առարկային ու հիմքերին չի վերաբերում, իսկ Տ. Սիրադեղյանը պարզաբանեց, որ հայցադիմումը դատարան ներկայացվել է Ա. Պողոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, որը կարող է լինել միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության հիման վրա: Հնչեցված հարցին հայցվորի կողմից հստակ պատասխան չտրվեց:
Ներկայացված արձանագրության առնչությամբ Տ. Սիրադեղյանը միջնորդություն ներկայացրեց գործի վարույթը կարճելու վերաբերյալ՝ նշելով, որ 2016 թ. մարտի 31-ին և 2016 թ. ապրիլի 20-ին կազմված «արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ» գրառումը կրող փաստաթղթերը չեն համապատասխանում վարչական իրավախախտման արձանագրությանը ներկայացվող պահանջներին, իսկ անձին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումները ենթակա են դատարանի քննությանը միայն հարուցված վարչական վարույթի ընթացքում վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմված լինելու և այդ արձանագրությունը հայցադիմումին կից դատարան ներկայացված լինելու դեպքում:
Միջնորդության գրավոր տեքստին ծանոթանալուց հետո Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով 2016 թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 16:00-ին: