ԵՄ-ի կողմնակիցների թիվն աճել է, ԵԱՏՄ-ինը՝ անկում ապրել
16:31, September 27, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, ԵՏՄ2014-ի համեմատ 2017-ին Հայաստանում ԵՄ-ի կողմնակիցների թիվն աճել է: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը ներկայացվեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ-ի հետ համագործակցությամբ այս տարվա մայիսին ՀՀ տարածքում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տեղեկացրեց՝ հարցման նպատակն է հասկանալ հասարակության դիրքորոշումները միջազգային կառույցների (ԵՄ, ԵԱՏՄ) նկատմամբ:
«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի (APR Group) նախագահ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց, որ հարցումներն իրականացվել են Երևանում և ՀՀ մարզերում: Սխալի մեծությունը կազմում է 2.8 տոկոս: Հարցվածները 18-ից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ են. «Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի կողմնակիցները կազմել են 33 տոկոս, ԵԱՏՄ կողմնակիցները՝ 32 տոկոս, 16 տոկոսը երկու բլոկին էլ կողմնակից է, 10 տոկոսը՝ ոչ մեկին, ոչ մյուսին»:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ, ընդհանուր առմամբ, Եմ-ի կողմնակիցները 18-ից 45 տարեկաններն են, իսկ ԵԱՏՄ կողմնակիցները 45-ից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչները: Կանայք ավելի շատ են կողմնորոշված են դեպի ԵՄ:
Անդրադառնալով մարզերում կողմնորոշվածությանը՝ պարոն Սարգսյանն ասաց, որ ԵԱՏՄ-ի կողմնակիցների մեծամասնությունը ըստ հարցման արդյունքների՝ կենտրոնացած է Լոռու մարզում, իսկ ԵՄ-ի կողմնակիցների մեծամասնությունը՝ Տավուշի մարզում:
Իսկ թե ինչու է ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը նվազել, պարոն Սարգսյանը պարզաբանեց. «Դա կապում ենք ապրիլյան պատերազմի և ՌԴ-ի՝ Ադրբեջանին զինամթերք և ռազմական տեխնիկա մատուցելու հետ»:
Նույն հարցի կապակցությամբ պարոն Սաքունցը կարծիք հայտնեց, թե գնալով կողմնորոշումներն ավելի են հստակեցվել. «2013-ի սեպտեմբերի 3-ից հետո, երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց Մաքսային միության, հետո ԵԱՏՄ-ի անդամակցության մասին, ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը սկսեց նվազել: Սա կապված է այն փաստի հետ, որ ԵԱՏՄ-ն մարդիկ նույնականացնում են Ռուսաստանի հետ: Եվ հենց դրանով են պայմանավորված ԵԱՏՄ կողմնակիցների կողմնորոշումները»:
Հարցման արդյունքները նաև վկայում են այն մասին, որ հանրության շրջանում մեծ է միգրացիայի միտումները դեպի ԵՄ: Այս մասին պարոն Սաքունցն ասաց. «ԵՄ կողմնակիցների պահանջները ինստիտուտների աշխատանքի բարելավման վերաբերյալ օրակարգային հարց է, դրանով է պայմանավորված նրանց մոտ միգրացիոն միտումների աճը: ԵԱՏՄ-ի դեպքում միգրացիայի միտումների նվազումը վկայում է այն մասին, որ անձինք չեն տարբերակում՝ այնտեղ գնան, թե այստեղ մնան: ԵՄ-ի հետ կապված նշեմ, որ եթե այս միտումները շարունակվեն, ապա միգրացիայի աճ է լինելու այն պահանջատեր քաղաքացիների հաշվին, որոնք հակված են բարեփոխումների: Ուստի հանրության որակի լուրջ փոփոխությունների հետ գործ կունենանք»:
Դառնալով ԵՄ-ի հետ նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային համաձայնագրին՝ պարոն Սաքունցը հավաստիացրեց, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը հիմնված է ոչ թե իշխանությունների բարի ցանկության վրա, այլ ունի բավականին լուրջ հանրային բազա: