ԱԺ փոխնախագահի պաշտոնն ընդդիմությանը տալը ողջունելի է. Արթուր Սաքունց
11:40, October 27, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեսականորեն ողջունում է սահմանադրական փոփոխություններով ընդդիմությանը վերահսկողական լծակների ու ԱԺ փոխնախագահի պաշտոնի տրամադրումը, բայց կարծում է, որ Հայաստանի պարագայում այս մոդելը չի աշխատելու:
«Ինքը տեսական մակարդակում իրական և արդյունավետ ինստիտուտ է, ինչո՞ւ, որովհետև երբ կա քաղաքական մեծամասնություն, ժողովրդավարական գործընթացներ ու դրա զարգացումների ապահովման համար կարևոր է, որպեսզի լինի մեծամասնության իշխանության սահմանափակվածություն: Այսինքն՝ մեծամասնությունը ժողովրդավարության պայմաններում պետք է ունենա սահմանափակ իշխանություն, այլապես կվերածվի բացարձակ իշխանության, այսինքն՝ շատ հեշտությամբ կտրանսֆորմացվի բռնապետության, որի լավագույն օրինակը նացիստական Գերմանիան է»,– Tert.am –ի հետ զրույցում ասաց նա:
«Եթե ընդդիմության ու իշխանության միջև տարբերություններ չկան, կամ դրանք աննշան են, խոսքը ծրագրային մոտեցումների մասին է, ապա սա չի աշխատում Հայաստանի պարագայում։ Երբ տեսնում եմ, որ ընդդիմությունը կոչվում է ոչ թե ընդդիմություն, այլ ոչ իշխանական ուժեր, իսկ որոշ հարցերում ոչ իշխանական ուժերի ու իշխանական ուժերի միջև էական տարբերություններ չկան, սա արդեն դառնում է ձևական»,– ավելացրեց նա:
Նշենք, որ փոփոխությունների հայեցակարգով նման մոդել նախատեսված է, ինչպես նաև Վերահսկիչ պալատի և այլ վերահսկողական պաշտոնների, ինչի մասին խոսել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նշենք, որ նման առաջարկի հեղինակը Վենետիկի հանձնաժողովն է:
Աղբյուրը՝ www.tert.am