Զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
10:42, November 27, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք2015թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Պետրոսյանի, շարունակվեց զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Մուրադ Խաչատրյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր Մ. Խաչատրյանի ներկայությունն ապահովելու նպատակով:
Բողոքի քննությունը կայացավ տուժողի իրավահաջորդ Մ. Խաչատրյանի, վերջինիս ներկայացուցիչ Ա. Սաքունցի, վարույթն իրականացրած ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Եղոյանի և կայազորի զինվորական դատախազի տեղակալ Անուշավան Հարությունյանի մասնակցությամբ:
Տուժողի իրավահաջորդ Մ. Խաչատրյանը, միանալով իր ներկայացուցչի բողոքին, նշեց, որ իր համար կասկածելի է նախաքննական մարմնի կողմից առաջ քաշված այն վարկածը, որ իր որդու մահը վրա է հասել զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում արձակված կրակահերթից: Նա նշեց, որ Գ. Խաչատրյանը կրթված, գրագետ անձնավորություն է, սեփական ուժերով ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն և նրա համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր որդին անզգուշաբար վարվել զենքի հետ:
Լսելով Մ. Խաչատրյանին՝ Դատարանն անցավ գործում առկա ապացույցների հետազոտմանը, որից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը պնդեց նախորդ նիստում ներկայացված միջնորդությունը, որով պահանջել էր ստանալ դեպքի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով իրականացված ծառայողական քննության նյութերը: Ներկայացված միջնորդության դեմ առարկեցին վարույթն իրականացրած քննիչ Լ. Եղոյանը և դատախազ Ա. Հարությունյանը: Մասնավորապես, Լ. Եղոյանը նշեց, որ Գ. Խաչատրյանի ծառայողական քննությունն իրականացվել է նույն զորամասում կարճ ժամանակ առաջ տեղի ունեցած երկու մահվան դեպքերի հետ համատեղ, և համարվում է ծառայողական գաղտնիք, որի պատճառով էլ խնդրեց մերժել ներկայացված միջնորդությունը:
Ա. Սաքունցը նշեց, որ իր համար խիստ անհասկանալի է Գ. Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ծառայողական քննությունն այլ դեպքի հետ համատեղ կատարելու հանգամանքը, և վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ նյութերին ծանոթ լինելու պայմաններում խախտվում են կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները, քանզի բողոքաբեր կողմը դրանց բովանդակությանը ծանոթ չէ:
Դատարանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, գտավ, որ այն հիմնավոր է և ենթակա է բավարարման դատարանի կողմից: Այսպիսով, դեպքի առթիվ կատարված ծառայողական քննության նյութերն ստանալու հիմքով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2015թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին:
Տես նաև՝ hcav.am