Զեկուցագիր ներկայացրած զինծառայողը արդեն երեք ամիս սպասում է պատասխանի
16:42, November 27, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունԻր իրավունքների պաշտպանության նպատակով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել զինծառայող Ա. Գրիգորյանը, ով հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին զեկուցագրով դիմել է վերադաս հրամանատարությանը ՀՀ ՊՆ N զորամասում իր զբաղեցրած պաշտոնից ՀՀ ԶՈւ պահեստազոր արձակելու խնդրանքով, սակայն ամիսներ շարունակ որևէ պատասխան չի ստացել: Իր կողմից ներկայացված զեկուցագրին համապատասխան ընթացք տալու հարցով դիմել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նախարարին հասցեագրված դիմումը ևս անպատասխան է մնացել:
Հիմք ընդունելով Ա. Գրիգորյանի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ներկայացրած դիմումը՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ին Կազմակերպությունը ևս դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարին՝ Ա. Գրիգորյանի կողմից ներկայացրած վերոնշյալ զեկուցագրին ընթացք տալու և վերջինիս՝ ՀՀ Զինված ուժերի պահեստազոր արձակելու հարցով, որը ևս մնացել է անարձագանք:
2015 թվականի նոյեմբերի 24-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀ Պաշտպանության նախարարության անգործությունը վերացնելու և Ա. Գրիգորյանի խախտված իրավունքները վերականգնելուն պարտավորեցնելու պահանջով:
Փաստորեն, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Կառավարության 2010թ. ապրիլի 8-ի թիվ 393-Ն որոշմամբ հստակ ժամկետներ են սահմանվում զեկուցագիր ներկայացնելուց հետո ՀՀ ԶՈւ պահեստազոր արձակելու վերաբերյալ, մասնավորապես՝ զեկուցագիր ստացած հրամանատարը պարտավոր է ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում զեկուցագիրը կից գրությամբ ուղարկել լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարին, որը փաստաթղթերը կադրային մարմնում մուտք լինելուց հետո ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում պարտավոր է զինծառայողի ծառայությունից արձակումը համաձայնեցնել շահագրգիռ ծառայությունների հետ և ուսման ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափը ներկայացնել զինծառայողին, այնուամենայնիվ իրավասու մարմինները, այդ թվում՝ և Պաշտպանության նախարարությունը, շարունակում են անգործություն դրսևորել՝ զինծառայողի զեկուցագիրը, ապա նաև նույն խնդրով ՀՀ Պաշտպանության նախարարություն ներկայացված դիմումը ամիսներ շարունակ թողնելով անպատասխան, ինչը կարող է հանգեցնել ծանր և անդառնալի հետևանքների և որի ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Զինծառայողի ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ իրավասու մարմինների կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվում. Ա. Գրիգորյանը անելանելի դրության մեջ է հայտնվել, քանզի գործի հանգուցալուծումը ձգձգելու դեպքում, եթե վերջինս չներկայանա զորամաս, կմեղադրվի դասալքության մեջ: