Նա կրակելիս գտնվել է խորը ցնցման մեջ. «Ճաճոյի Էդոյի» որդու սպանության մեջ կասկածվող կինը չպետք է ազատազրկվի. իրավապաշտպան
22:23, May 27, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով 32-ամյա Լիանա Կիրակոսյանն, ով մեղադրվում է ամուսնու սպանության մեջ, չպետք է ազատազրկվի: Shabat.am-ի հետ զրույցում իրավապաշտպանը նշեց. «Կինը երկար ժամանակ է բռնության ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել մի ընտանիքում, որը հայտնի է հանրային կյանքում իր որոշակի վարքագծով, որը կապված է քրեորեն հետապնդելի գործողությունների հետ: Այստեղ գործ ունենք նաև անպատժելիության հետ, քանի որ տվյալ դեպքում անձն ունեցել է ատրճանակ: Այս պահին կարող ենք ասել, որ այդ ատրճանակն անօրինական է եղել: Ըստ տարածված տեղեկությունների՝ այն տանը կիրառվել է (հարևանները պարբերաբար լսել են կրակոցներ) և կրակոցների վերաբերյալ ոստիկանությունը չէր կարող չիմանալ: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ գործողություններ են կատարվել ատրճանակը բռանագրավելու: Ստացվում է, որ եթե կատարվեին քայլեր, այդ ատրճանակն առնվազն չէր լինի կամ դրա կրողը չէր մնա անպատիժ»:
Ըստ Սաքունցի՝ Լիանա Կիրակոսյանին անազատության մեջ պահելու հիմքեր չկան. «Իհարկե քննության ընթացքում կպարզվեն մանրամասներ, բայց պարզ է, որ այն վիճակը, որ Լիանան կրակելիս գտնվել է խորը ցնցման մեջ, այսինքն ողջամիտ գործողություն չի իրականացրել: Հակառակ պարագայում նա ավելի վաղ կարող էր կիրառել ատրճանակը: Դա եղել է շարունակական բռնությունների, հոգեբանական ճնշումների, նվաստացումների ենթարկվող անձի կողմից իրականացված քայլ: Ոչ թե գիտակցված, այլ իրավիճակին արձագանք է եղել: Կարծում եմ, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չպետք է կիրառվի: Անազատության մեջ պահելը կլինի անհամաչափ և ոչ ճիշտ. նա փախչելու կամ խուսափելու մտադրություն նման վիճակում դժվար թե ունենա՝ այն էլ անչափահաս երեխաների հետ: Նրան պետք է անհապաղ հոգեբանական և բժշկական աջակցություն ցուցաբերվի, որը չի կարող ապահովվել անազատության մեջ և հատկապես մեր քրեակատարողական հիմնարկներում»:
Իրավապաշտպանը նկատում է՝ վերջին տարիներին աճել է այն դատական գործերի թիվը՝ կապված կանանց նկատմամբ բռնություների՝ ընդհուպ մինչև սպանության դեպքերի հետ, որը տեղի է ունենում հենց ընտանիքի ներսում ընտանիքի անդամի կողմից: «Նման գործերում տուժողները որպես կանոն կանայք են: Բոլոր այդ գործերում ակնհայտ է մեկ օրինաչափություն՝ բռնությունների վերաբերյալ ահազանգերին իրավապահ մարմինները ոչ պատշաճ ուշադրություն են դարձրել: Տեղի է ունենում դժբախտություն և հետո միայն իրավապահ մարմինը սկսում է իրականացնել իր գործառույթը, իսկ կանխարգելիչ քայլեր չեն իրականացվում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու կնոջ կողմից ամուսնու սպանության դեպքի հանգամանքները: Հաղորդագրության մեջ նշվում էր. «2017 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 00:50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի 33-ամյա բնակչի դիակը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 33-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ:
Ըստ նախնական տվյալների՝ մայիսի 25-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ամուսնու հետ առաջացած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել ամուսնու ուղղությամբ ու սպանել նրան:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում 32-ամյա կինը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը: Նույն օրը վերջինս ձերբակալվել է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, վերցվել համապատասխան փորձանմուշներ»: