«Եթե կոմկուսին հաջողվեց այդ վիճակը պահպանել ասենք 70 տարի, ՀՀԿ-ն քանի՞ տարվա հույս ունի»
16:14, June 27, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչները որպես ԱԺ ընտրությունների արդյունքները հանրության կողմից ընդունելի համարվելու փաստարկ նշում են, թե քվեարկությունից հետո բողոքի ցույցեր չեղան։
Այսինքն նախ, ընդունում են, որ նախորդ բոլոր ընտրություններից հետո, քանի որ բողոքի ցույցեր են եղել, ուրեմն ընդունելի չեն եղել այդ ընտրությունները հանրության համար, հետևաբար ապօրինի են եղել իրենց բոլոր նախկին կառավարումները։
Թե ինչպես կարող էին, նախորդած ժամանակաշրջանում ՀՀ քաղաքացիների կողմից ապօրինի, անօրինական համարվող, մի խմբի կողմից զավթած իշխանությամբ փորձել ՀՀ քաղաքացիների հարցերով զբաղվել, դա պետք է կարողանան բացատրել։
Բայց առանց իրենց բացատրության էլ ակնհայտ է՝ իշխանությունը զավթածները միայն իրենց իշխանությունը պահելու հարցով են զբաղված լինում։
Ի վերջո, Խորհրդային Միությունում կազմակերպված բոլոր ընտրություններից հետո էլ բողոքի ցույցեր չէին լինում, բայց դա չէր նշանակում, թե ժողովուրդը գոհ էր իշխանությունից, կամ դա չէր նշանակում, թե իշխանությունը զավթած չէր քաղբյուրոյի կողմից, կամ չէր նշանակում, թե այդ ընտրությունները օրինական են։
Եթե, ՀՀԿ֊ի Գործադիր մարմնի համար ընտրության, իշխանության լեգիտիմության չափանիշ է հանդիսանում սովետական չափանիշը, չկա բողոքի ցույց, հետևաբար ընտրությունները օրինական են, արդեն իմացանք։
Պարզապես մի հարց, եթե կոմկուսին հաջողվեց այդ վիճակը պահպանել ասենք 70 տարի, ՀՀԿ֊ն քանի՞ տարվա հույս ունի՝ այս բոլշևիկյան վիճակի կառավարումը պահել իր ձեռքում։
Սթափվեք, գժուկներ, սթափվեք․․․)))