Պետության և իշխանության նույնականացումն ու տարանջատումը
19:11, August 27, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄինչև 20-րդ դար մարդկային քաղաքակրթությունը գիտեր պետություն հասկացության մեկ բովանդակություն, որը կարելի է ներկայացնել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի խոսքերով. «Ֆրանսիան ես եմ»: Մինչ պետության ներկայիս պատկերացումները, պետությունը նույնականացված էր մեկ անձով: Մեկ անձի ձեռքերում էր գործադիր, օրենսդիր, դատական իշխանության բոլոր գործառույթների իրականացումը: Կայսրը, թագավորը, ցարն ու սուլթանն էր օրենքները սահմանում իր հրամաններով, ուկազներով, հրովարտակներով, ինքն էր նշանակում կամ ազատում նախարարներին, կառավարիչներին, դատավորներին, հարկահավաքներին, ինքն էր բացում կամ թույլատրում բացել և փակել դպրոցներ, համալսարաններ, ինքն էր որոշում մարդկանց ազատազրկել, բանտարկել, թե ներում շնորհել, կամ աքսորել, կամ մահապատժի ենթարկել: Նման պետությունում հասարակության, բնակիչների կողմից ցանկացած ոտնձգություն կայսրի, թագավորի, սուլթանի նկատմամբ դաժանորեն ճնշվում էր, որովհետև համարվում էր ոտնձգություն պետության դեմ: Թագավորի, կայսրի, ցարի կամ սուլթանի պալատում հեղաշրջման արդյունքում կամ ժառանգության իրավունքով էր նոր թագավորի, կայսրի, ցարի կամ սուլթանի խնդիրը լուծվում՝ նեղ շրջանակում, պալատում: Այպիսին էր թույլատրելին ու այսպես կոչված լեգիտիմը:
Իսկ որտե՞ղ էին պետության բնակիչները, ո՞րն էր նրանց դերը: Նրանք իրենց թագավորի, կայսրի, ցարի, սուլթանի սեփականությունն էին հանդիսանում, իրենց թագավորի, կայսրի, ցարի, սուլթանի հպատակներն ու ճորտեր էին հանդիսանում ի ծնե, քանի որ ծնվել էին այն պետության տարածքում, որը նույն այդ սուլթանի, ցարի, կայսրի, թագավորի սեփականությունն էր:
Եթե մի պետությունը մեկ այլ պետությանը պատերազմ էր հայտարարում, ապա նման որոշումը կայացնում էր կայսրը, թագավորը, ցարն ու սուլթանը: Եվ կայսրը, թագավորը, ցարն ու սուլթանն էր ըստ իր հայեցողության որոշում ում հետ խորհրդակցել՝ կնոջ, ընկերոջ, վեզիրի ու նախարարի հետ, կամ չխորհրդակցել: Ժողովուրդը, պետության բնակիչները ոչ մի առնչություն չունեին նման որոշման հետ, առավել ևս նրանց կարծիքը որևէ դեր չուներ:
Հասկանալի է, որ նման պետությունը նույնականացված էր միակենտրոն իշխանություն ունեցող անձի հետ: Ովքե՞ր էին հպատակները, որ որևէ նշանակություն, դեր ունենային պետություն հասկացության մեջ: Նրանք որպես ստրուկներ, հպատակներ ընդամենը բանող ուժ էին, նյութական, որոշ դեպքերում նաև մտավոր արժեքներ ստեղծողներ՝ հանուն կայսերական, թագավորական, ցարական, սուլթանական պետության: Նրանք ունեին միայն աշխատելու պարտավորություն՝ թագավորական, սուլթանական, ցարական, կայսերական գանձարանը լցնելու հարկ ու բահրա, տուրք վճարելու համար, պարտավոր էին զինվոր մատակարարել թագավորի, կայսրի, սուլթանի, ցարի բանակին: Եթե այս ամենը չանեին, չէին կարող ապրել, չէին ունենա իրենց գոյատևման համար իրենց հատկացված, թույլատրված սահմաններում ապրուստի միջոցներ: Իհարկե, որոշ, շատ հատ ու կենտ մարդիկ կային, որոնք չէին ենթարկվում, փախչում էին այդ պարտականությունների կատարումից, և գոյատևելու համար գողանում էին, խլում այլ մարդկանցից ապրուստի միջոցներ, զենքեր՝ իրենց պաշտպանության համար, կամ իրենց «հանցագործությունները» կատարելու համար: Հասկանալի է, որ գողացվածը հանդիսանում էր կայսրի, ցարի, թագավորի, սուլթանի սեփականությունը, անկախ այն անմիջական տնօրինողից:Այսպիսին է եղել մինչև 20-րդ դար մարդկային քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում պետության բովանդակությունը: Իհարկե, որոշ սահմանափակ ժամանակահատվածներում գոյություն են ունեցել վերստին մարդկանց սահմանափակ ընդգրկմամբ որոշ բացառություններ՝ հին հունական պոլիսներն օրինակ, որտեղ Աթենքի բնակիչներն ունեցել են քաղաքացու կարգավիճակ: Բայց աթենքյան ժողովրդավարությունը գոյատևել է միմիայն ստրուկների աշխատանքի և կյանքի հաշվին: Նմանապես հին Հանրապետական Հռոմում՝ մինչև դիկտատուրայի հաստատումը:Առաջին արմատական, մինչև հիմա շարունակվող երկարաժամկետ «շեղումը» պետության կայսերական, ցարական, սուլթանական, թագավորական բնույթից իրականացվեց ԱՄՆ-ում: Առաջին լուրջ պատմական «ծռությունը» իրականացվեց աշխարհի ամենախոշոր և ամենահզոր Բրիտանական կայսրության դեմ ընդվզման արդյունքում: Սա «ծռություն» էր հանուն նոր բնույթի պետության, որում պետության բնակիչներն այլևս հպատակներ չէին, այլ քաղաքացիներ, որոնք սեփական նախաձեռնությամբ հիմքից ստեղծեցին նոր բովանդակությամբ պետություն: Ընդունեցին սահմանադրություն՝ սահմանեցին գործադիր, օրենսդիր և դատական իրարից անկախ և միմյանց հակակշռող իշխանության ճյուղեր:
Սահմանեցին մինչև հիմա գործող սկզբունքներ ու կանոններ, որոնք կարող են գործել միմիայն պետության քաղաքացիների ցանկությամբ, նրանց որոշմամբ և մասնակցությամբ. ժողովրդով, ժողովրդից և հանուն ժողովրդի:Պետությունը դադարեց նույնականացվել որևէ անձի կամ խմբի հետ: Անհեթեթ էր նման պետությունում Լյուդովիկոս 14-ի «պետությունը ես եմ» հայտնի թեզը: Դատարանն այլևս որոշում է կայացնում ժողովրդի անունից, ոչ թե կայսրի, թագավորի, ցարի կամ սուլթանի: Մյուս կայսերական, ցարական, սուլթանական, թագավորական պետությունների մի մասում, հատկապես եվրոպական մայրցամաքում, նույնպես տեղի ունեցան արմատական փոփոխություններ՝ պետության հպատակներն այլևս հանդես են գալիս որպես քաղաքացիներ: Սա էլ մեկ պետության նոր բնույթի ձևավորման այլ ճանապարհն է, որն ընթացել է կայսերական, սուլթանական, թագավորական, ցարական պետությունում իշխանության դեմ ընդվզումների, ապստամբությունների, խռովությունների, ի վերջո բացարձակ միապետության աստիճանական ապակենտրոնացման ուղով: Այլևս պետությունը չի նույնականացվում թագավորի անձի և նրա իշխանության հետ:
Հպատակներն այլևս համոզվել են, որ առանց կայսրի, ցարի, թագավորի և սուլթանի էլ կարող են ոչ միայն ունենալ պետություն, այլև կառավարել անկայսր, անթագավոր, անցար, անսուլթան պետությունը:
Պետության բնույթի նման փոփոխությունները կատարվել են Արևմտյան Եվրոպայում, շարունակվում են Արևելյան Եվրոպայում, այլ մայրցամաքներում: Որոշ կայսերական, թագավորական, սուլթանական պետություններ դեռևս պահպանվել են՝ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Հորդանանը և այլն: Որոշ հանրապետական անվանումով պետություններում էլ փոխվեցին միայն անվանումները, բայց պետությունը շարունակում է կրել կայսերական, թագավորական, ցարական սուլթանական բնույթ՝ ղեկավարները ձևականորեն ընտրվում են, սակայն բնույթով շարունակում են լինել որոշ դեպքերում շատ ավելի սուլթանական, կայսերական, թագավորական, քան նախկին պատմական նմանատիպ պետություններում. օրինակ Հյուսիսային Կորեան, Կուբան, Սահարան, Բելոռուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը:
Նոր բնույթի՝ հանրապետական, ժողովրդավարական պետությունում իշխանության իրականացումը մեկ անձի կամ անձանց խմբի կողմից այլևս անթույլատրելի է համարվում: Ավելին, իշխանության յուրացումը մեկ անձի կամ անձանց խմբի կողմից համարվում է պետության դեմ հանցագործություն: Այսինքն արմատականորեն է փոխվել պետության և իշխանության հարաբերությունը: Պետությունը հանդես է գալիս որպես տվյալ տարածքում քաղաքացիների միավորում, որն ընտրում և ձևավորում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններ: Պետության քաղաքացիներն իրենց կողմից ընտրված իշխանություններին հանձնարարում են լուծել հասարակության և նրա անդամների համար ընդհանուր նշանակություն ունեցող անվտանգության, պաշտպանության, սոցիալական, տնտեսական խնդիրներ, իրականացնել նշված խնդիրների լուծմանն ուղղված արտաքին և ներքին քաղաքականություն: Բացի քաղաքացիների հանձնարարություններից, այլ ինքնիրավչություն չեն կարող թույլ տալ իշխանությունները: Նման բնույթի պետությունում իշխանությունը կարող է լինել ընդունելի կամ անընդունելի պետության քաղաքացիների համար, ըստ որի նրանք կարող են փոխվել ընտրությունների միջոցով: Այլևս պալատի շրջանակներում չեն կարող լուծվել պետական հարցերը: Պետության արդյունավետությունը, նրա գոյությունը պայմանավորված է այլևս ոչ թե կայսրի, թագավորի, ցարի կամ սուլթանի անձնական հատկանիշներով, այլ իշխանության մարմինների գործունեության արդյունավետությամբ, նրանց նկատմամբ քաղաքացիների վստահությամբ: Նախկինում, եթե հպատակները չվստահեին, անընդունելի համարեին իրենց թագավորին, կայսրին, ցարին կամ սուլթանին և նրանց որոշումները, ապա որևէ նշանակություն կամ ազդեցություն չէին կարող ունենալ հպատակների կարծիքները: Եթե թագավորը, կայսրը, սուլթանը, կամ ցարը շատ դաժան վերաբերվեր իր հպատակներին, ապա միակ տարբերակը մնում էր ապստամբությունը, ընդվզումը, խռովությունը, որ միշտ դաժանորեն ճշնվում էր, իսկ ընդվզողներին մահապատժի էին ենթարկում, հրապարակային կախարան էին բարձրացնում, որպես դաս մյուս հպատակներին: Որևէ տարբերակ փոխելու թագավորին, ցարին, կայսրին կամ սուլթանին չկար ի սկզբանե:
Նոր բնույթի պետության արդյունավետության գրավականը հանդիսանում է հենց իշխանության փոփոխելիությունը:Նոր, ժողովրդավարական պետությունում ընդվզումը իշխանության դեմ կարող է լինել, միմիայն եթե իշխանությունը հնարավոր չէ փոխել ընտրությամբ, եթե իշխանությունը պահվում է բռնությամբ: Այսինքն, երբ պետության բնույթը դադարել է լինել ժողովրդավարական և իր բնույթով կայսերական է, թագավորական է, ցարական է կամ սուլթանական է:
Այսպիսով, մարդկային քաղաքակրթությունը ստեղծել է երկու բնույթի պետություն. «Պետությունը ես եմ» լյուդովիկոսյան և ժողովրդավարական: Միակենտրոն, անձնակենտրոն իշխանությամբ պետության տեսակն այլևս պատմական գիտության ուսումնասիրման առարկա է, իսկ նոր ժողովրդավարական պետությունը քաղաքագիտության ուսումնասիրության առարկա:Հիմա, մենք ՀՀ-ում որ սկզբունքի պետությունն ենք տեսնում:Եթե ժողովրդավարական, ապա իշխանության անփոփոխելիությունը հերքում է ժողովրդավարական լինելու փաստը: Ավելին, գործ ունենք իրականում անձնակենտրոն իշխանության հետ:
Եթե ընդվզում ենք անձնակենտրոն իշխանության դեմ, դա ընդվզում է պետությա՞ն, թե՞ իշխանության դեմ: Եթե ընդվզում ենք ժողովրդավարական պետությունում իշխանությունը բռնությամբ, ուժով պահող իշխանության դեմ, ընդվզում է պետությա՞ն, թե՞ իշխանության դեմ:
Կողմնորոշվեք՝ հանուն ցարական, կայսերական, թագավորական, սուլթանական պետության, թե հանուն ժողովրդավարական պետության: Գուցե Աթենքյան ժողովրդավարությա՞ն կողմնակից եք, նման դեպքում ասեք ովքեր են ստրուկները, որոնց հաշվին պահպանում եք այդպիսի սահմանափակ անձանց ժողովրդավարությունը:
Արթուր Սաքունց
26 օգոստոսի, 2017թ., Վանաձոր