“Մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը` հասարակական կազմակերպությունների հզորացման շնորհիվ” ծրագրի հաշվետու համաժողով
00:00, February 20, 2010 | Մամլո հաղորդագրություններ2010 թ. փետրվարի 19-ին Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպվել էր “Մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը` հասարակական կազմակերպությունների հզորացման շնորհիվ” ծրագրի հաշվետու համաժողովը, որը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնես կենտրոնում:
Հաշվետու համաժողովը հնարավորություն ընձեռնեց անդրադառնալ “Մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը` հասարակական կազմակերպությունների հզորացման շնորհիվ” ծրագրի առավել զգալի ձեռքբերումներին: Ծրագրի հիմնական նպատակն էր հզորացնել ընտրված վեց կազմակերպությունների շահերի պաշտպանության կարողությունը և աջակցել ինստիտուցիոնալ զարգացմանը:
Ծրագրի շրջանակներում հետևյալ վեց կազմակերպությունները արժանացել էին դրամաշնորհների. “Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” ՀԿ-ն, “Ընդդեմ իրավական կամայականությունների” ՀԿ-ն, Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության “Ունիսոն” ՀԿ-ն, “Համագործակցություն հանուն ժողովրդավարության” ՀԿ-ն, “Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե” ՀԿ-ն և “Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ-ն:
Վերոհիշյալ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը ուղղված էին լրատվամիջոցների գործունեության և խոսքի ազատության խնդիրներին, մարդու իրավունքների պաշտպանությանը փակ և կիսափակ հաստատություններում, հասարակության փոքրամասնությունների և խոցելի խմբերի իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: