Ռազմաբժշկական հանձնաժողովների բժիշկները ղեկավարվում են քանակ ապահովելու հրահանգով. Արթուր Սաքունց
14:30, January 28, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է երեկ մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան դեպքին:
«Մենք, ցավոք սրտի, լրացուցիչ տվյալներ չունենք, որովհետև դեռ քրեական գործի շրջանակներում կարվի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար մահվան պատճառները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս. Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
Արթուր Սաքունցն ամեն դեպքում մտահոգության հարց համարեց, որ զորակոչից տասը օր հետո է դեպքը տեղի ունեցել, որովհետև մինչ այդ էլի են եղել դեպքեր, երբ զորակոչված ծառայողը ինֆարկտից մահացել է, կամ բարձր ջերմություն է ունեցել: «Այսինքն` կոնկրետ այդ փաստերը գալիս են ապացուցելու, որ զորակոչի շրջանակում բժշկական զննության հետ կապված լուրջ խնդիրներ կան, մենք դա բազմաթիվ դեպքերով, ահազանգերով բարձրացնում ենք»,-ասաց նա:
Նա նշեց, որ զորակոչի խախտումը և պատշաճ բժշկական զննություն իրականացնելը տարբեր հարցեր են: «Այսինքն` մենք խոսում ենք հիմնավոր, բազմակողմանի բժշկական զննության մասին, քանի որ բժշկական զննությունը որակյալ, օբյեկտիվ չի իրականացվում, չի բացահայտվում մարդու առողջական վիճակի ամբողջ պատկերը: Ավելին, որոշակի առողջական խնդիրներ ունենալու դեպքում մենք արձանագրել ենք, որ բժշկական հանձնաժողովը համապատասխան ախտորոշումը չի տալիս»,-նշեց նա:
Արթուր Սաքունցն ասաց, որ իրենց բոլոր զեկույցներում անընդհատ բարձրացնում են այդ հարցերը, որ ռազմաբժշկական զննության ախտորոշումները չեն համապատասխանում քաղաքացիական բժշկական հաստատությունների կողմից տրված ախտորոշումներին: «Այսինքն` իրենք սահմանափակված են զուտ զորակոչի թիվը ապահովելու միտումով և սկսած 2010 թվականից մենք տեսնում ենք, որ նույնիսկ հիվանդությունների ցանկը, որը սահմանվում է Պաշտպանության նախարարի հրամանով, հիվանդությունների ցանկն է փոխվել և մեղմացվել է առողջական խնդիրների հիմքով պիտանելիության հարցը: Եթե առաջ որոշ հիվանդությունների առկայության դեպքում հստակ էր, որ երիտասարդը պիտանի չէր համարվում կամ տարկետում էին տրամադրում, հիմա այդ սահմանափակումները հանվել են և նույն հիվանդության առկայության դեպքում համարվում է պիտանի»,-ասաց նա և ավելացրեց, որ ռազմաբժշկական հանձնաժողովներ ներգրավված բժիշկները իրենց որոշումները կայացնելիս ղեկավարվում են ոչ թե առողջական օբյեկտիվ տվյալներով, այլ այն հրահանգի կատարմամբ, որ ապահովեն քանակ:
«Շատ դեպքերում մարզերում կատարված զորակոչում չկա պատշաճ բժշկական հիմնարկություն, որը ապահովված լինի անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, այսինքն՝ բժշկական զննության ցանկը, որը կարող է ապահովել Երևանում, նույնը չի կարող ապահովել Արմավիրում կամ Իջևանում: Իսկ երբ լինում են հարցեր, որ լրացուցիչ բժշկական զննություն պետք է անցկացվի և ուղեգրում են Երևան, երիտասարդը գնալու ճանապարհածախսի համար համապատասխան միջոցներ չունի և ուժի մեջ է լինում տեղի բժշկական եզրակացությունը՝ իր մտահոգություններով հանդերձ, որը մնում է չլուծված»,-ասաց նա:
Արթուր Սաքունցը նշեց, որ ցանկացած Պաշտպանության նախարար պետք է քաջություն ունենա և հրապարակային հայտարարի, որ երկրում տնտեսական, առողջապահական, սոցիալական տարբեր բնագավառներում առկա խնդիրների հետևանքները անմիջականորեն պետք է լուծվեն, որպեսզի իրենք կարողանան իրենց զորակոչի և զինծառայության հետ կապված խնդրին պատշաճ լուծում տալ: «Սա չի արդարացնում, որ լուծում չեն տալիս այդ խնդրին, սակայն իրենց մոտեցումը թողնում են նույնը, այն է՝ ծածկադմփոց անելը»,-ասաց նա: