ՀՔԱՎ հայտարարությունը Բորիս Նեմցովի սպանության մասին
17:25, February 28, 2015 | Հայտարարություններ, ՍեփականՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խիստ դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ժողովրդավարական ուժերի առաջնորդ Բորիս Նեմցովի սպանությունը:
Գտնում ենք, որ Բորիս Նեմցովի սպանությունը միանշանակ հանդիսանում է քաղաքական, որի պատասխանատվությունը ուղղակիորեն կրում է Ռուսաստանի Դաշնության բռնապետ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բորիս Նեմցովը հայտնի էր իր սկզբունքային հետևողական դիրքորոշմամբ և գործունեությամբ, Վ. Պուտինի քաղաքականության անզիջում քննադատությամբ:
Բորիս Նեմցովը հստակ և հիմնավոր գնահատականներ էր տալիս Վ. Պուտինի գործունեությանը ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլ նաև միջազգային ասպարեզում՝ գտնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը բռնակցել է Ղրիմը, իրականացնում է ագրեսիա Ուկրաինայի արևելքում:
Բ. Նեմցովը կոռումպացված և քրեական բնույթի պուտինյան վարչակարգը վտանգավոր էր համարում ոչ միայն Ռուսաստանի, այլև միջազգային հանրության համար:
Դատապարտելով ժողովրդավարական սկզբունքների ու արժեքների հետևողական պաշտպան, հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը՝ ցավակցում ենք նրա հարազատներին, ընկերներին և համախոհներին:
Միաժամանակ գտնում ենք, որ ժողովրդավարական պետություններն ու ուժերը վերջնականապես համաձայնեցված և միասնական քայլեր կկիրառեն Վ. Պուտինի բռնապետական ռեժիմի դեմ պայքարելու և այն հեռացնելու ուղղությամբ:
Բորիս Նեմցովի սպանությունը անմիջական սպառնալիք է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև նրա քաղաքական և ռազմական ազդեցության ոլորտում գտնվող պետությունների ժողովրդավարական ուժերին:
28 փետրվարի, 2015 թ.
Վանաձոր