ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության
17:27, February 28, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. փետրվարի 27-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Դիլանյանի, դռնբաց դատական նիստում հրապարակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ ոստիկանության դեմ ներկայացված հայցի քննության շրջանակներում կայացված դատական ակտը, որով դատարանը վճռեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում քանի ծառայող է աշխատում, նրանցից քանիսն են ղեկավար պաշտոնում, քանիսը՝ շարքային, քանիսն են արական սեռի, քանիսը՝ իգական: Միաժամանակ, Ա. Սաքունցը խնդրել էր տեղեկատվությունը տրամադրել ըստ կոչումների: Պահանջված տեղեկատվության տրամադրումը, սակայն, մերժվել էր ՀՀ ոստիկանության շտաբի պետ Վ. Եղիազարյանի կողմից, ով, վկայակոչելով «ՀՀ ոստիկանության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 2-ՆԳ հրամանը, նշել էր, որ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ հաստիքների կամ ցուցակի, համարվում են գաղտնի: