Իշխանությունն անակնկալի է եկել ընդվզումից
08:20, February 27, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՔաղբանտարկյալներԵթե իշխանությունները պատկերացնեին, որ ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման որոշման դեմ մեծ հանրային ընդվզում կլիներ, չէին գնա այդ քայլին: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ չէր սպասվում նման հանրային ընդվզում: Իսկ ընդվզումը ստիպեց, որպեսզի կալանավորման որոշումը չեղարկվի:
“Սա խոսում է այդ ամենի հեղինակների ոչ ադեկվատ, ոչ համարժեք վիճակի մասին, երբ որ նրանք անհաղորդ են հայաստանյան իրականությանը և լավ չեն տիրապետում մարդկանց տրամադրություններին: Այսինքն՝ իրենք չեն տիրապետում իրավիճակին՝ հանրային, հասարակական տրամադրությունների տեսանկյունից”,- ասաց Սաքունցը:
Նա նշեց, որ միանշանակ էր՝ Գասպարիի կալանավորման որոշումն ապօրինի էր, առավել ևս աբսուրդ էր քննիչի միջնորդությունը՝ նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ կալանավորումը, այն անմարդկային վերբերմունքը, որը կիրառվեց Գասպարիի նկատմամբ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց հետո, նույն գործողության առանձին օղակներ էին, որոնց նպատակն ամեն գնով քաղաքացիական անհնազանդության օրինակ հանդիսացող անձին ճնշելն ու հնազանդեցնելն է:
“Որևէ այլ պատրվակ, որի հիման վրա կարող էին լուրջ քրեական հետապնդման ենթարկել ու ազատազրկել Գասպարիին, իրենք չունեին: Բայց դա այնքան արտառոց էր, որ նույնիսկ Հայաստանի նման երկրում մեծ ընդվզման հանգեցրեց, ընդհուպ հարցը հասավ խորհրդարան”,- ասաց նա:
Սաքունցը նկատում է, որ Գասպարիի նկատմամբ հետապնդման ու ապօրինի կալանավորման հեղինակներն ընկրկեցին, հետ կանգնեցին իրենց արածից: «Այնքան անվստահ էին իրենց գործողություններում, որ նույնիսկ որևէ ողջամիտ հիմնավորում կամ փաստարկ՝ ընդդեմ այդ ընդվզման ու բողոքի չէին կարող բերել: Դրա ձևակերպումը հանդիսացավ Վերաքննիչ դատարանի որոշումը: Ակնհայտ է, որ մենք ունենք ոչ թե իրավական որոշում, այլ ունենք քաղաքական որոշում, ինչը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ Գասպարիի նկատմամբ հետապնդումներն ունեցել են քաղաքական բնույթ»,- ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ եթե անդրադարձ կատարենք մեկ այլ ակտիվիստի՝ Գևորգ Սաֆարյանի կալանավորմանը, տեսնում ենք, որ նույն ձեռագիրն էր գործում: Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում Գասպարիի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ դեպքին անդրադառնալով՝ Արթուր Սաքունցը նշեց, որ պետք է արձանագրել հետևյալը. “Մեր երկրում քրեական հեղինակություն հանդիսացող անձը ազատ մուտք է գործում երկիր, ու նրան դիմավորում են ԱԺ պատգամավորը և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ինչի մասին նշվում է լրատվամիջոցներում, այդ մարդիկ ազատ մուտք են գործում Բաղրամյան 26 և հանդիսանում են քաղաքական իշխանության ներկայացուցիչներն ու սյուները: Ակնհայտ է, որ քրեական աշխարհի ու քաղաքական աշխարհի սերտաճվածությունը փաստ է: Ոչ միայն փաստ է, այլ նաև գործոն է: Դրա դրսևորումներից մեկը դարձավ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնությունների փաստը”,- ասաց նա: Իրավապաշտպանի խոսքով՝ այս վիճակը քրեակատարողական հիմնարկներում ԽՍՀՄ տարիներին կիրառվում էր, երբեմն առանձնացնում էին քրեական տարրերին ու քաղաքական հայացքների համար կալանավորվածներին: Հիմա ակնհայտ է, որ այդ սերտաճվածության ապացույց է հանդիսանում այն, որ քրեական աշխարհի ներակայացուցիչները, որոնց քրեական հետապնդման է ենթարկում հենց նույն իրավական համակարգը, պետք է դժգոհություն ունենար այդ համակարգից: Բայց, Սաքունցի խոսքով, փաստորեն նրանք դժգոհ չեն համակարգից, հակառակը, այդ համակարգը քննադատողներին են իրենց թիրախ դարձնում: Դա ևս մեկ անգամ ապացուցում է սերտաճվածությունը:
“Մենք այս դրսևորումները տեսանք վերջին երկու տարվա ընթացքում: Նախորդ ժամանակահատվածում՝ նորանկախ Հայաստանում, բռնություններն իրականացնում էին հենց իշխանության ներկայացուցիչները: Բայց հիմա փոխել են ձեռագիրը և գործիք են օգտագործում քրեական աշխարհի ներկայացուցիչներին, քրեական աշխարհի գործոններն են գործի դնում՝ որպես ճնշման միջոց: Սա լուրջ մարտահրավեր է և իր էությամբ շատ ստոր մեթոդ է: Ամբողջ պատասխանատվությունն այս ամենի համար կրում է քաղաքական իշխանությունը, որը կեղտոտ ու ստոր մեթոդների է դիմում՝ իր տեսակետից այլ կերպ մտածողների, իր գործողությունները քննադատողների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով: Այսինքն՝ մենք ակնհայտ գործ ունենք նոր մակարդակի վրա գտնվող՝ քաղաքական իշխանություն պլյուս քրեական աշխարհ, սերտաճման փաստի ու գործողության հետ”,- ընդգծեց նա:
Այս պարագայում, ըստ նրա, կասկածելի է ցանկացած նախաձեռնություն, որը քաղաքական իշխանությունը կարող է ներկայացնել, իբրև թե բարեփոխումներ ու փոփոխություններ են կատարվում:
“Այս համակարգն իր էությամբ ոչ թե ապօրինի է, այլ արդեն քրեական է”,- ասաց իրավապաշտպանը: