Լիա Միսակյանի գործով նոր վկա հարցաքննվեց
17:10, March 28, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Լիա Միսակյան2015 թ. մարտի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատաքննությունը վերսկսելու միջնորդություն էր ներկայացրել ՝ 2013 թ. հունվարի 2-ի հեթապահ բուժքույր Իրինա Մամյանի եղբորը՝ Սարգիս Մամյանին ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնած տեղեկությունների շուրջ հարցաքննելու նպատակով, և պաշտպանական կողմը խնդրել էր բավարար ժամանակ տրամադրել միջնորդությանը ծանոթանալու ու դիրքորոշում հայտնելու համար:
2015 թ. մարտի 27-ի դատական նիստին ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը և Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը չառարկեցին ներկայացված միջնորդության դեմ:
Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, լսելով կողմերի կարծիքները, գտավ, որ միջնորդությունը հիմնավոր է և որոշեց վերսկսել դատաքննությունը:
Այնուհետև, դատական նիստն ընդմիջվեց Սարգիս Մամյանի ներկայությունն ապահովելու նպատակով:
Ընդմիջումից հետո հարցաքննվեց դատարան ներկայացած վկան: Սարգիս Մամյանը հայտնեց, որ ինքը հանդիսանում է գործով վկա Իրինա Մամյանի քույրը: Վկան տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցի հարցերին ի պատասխան նշեց, որ հիշում է ֆեյսբուք սոցիալական ցանցում տուժողի իրավահաջորդի եղբոր՝ Անդրեյ Միսակյանի հետ ունեցած խոսակցությունը, նշեց, որ Լիա Միսակյանի մահվան դեպքի մասին տեղեկացել է քրոջից, իսկ Ա. Միսակյանի հետ խոսակցության ընթացքում հայտնած մյուս տեղեկություններն իրեն հայտնի են մամուլից: Ըստ վկայի՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի լաբորատորիայի չաշխատելու և հերթապահ բժիշկների մասնագիտական որակների մասին տեղեկությունները եղել են սոսկ իր դատողությունները, մեկնաբանություններն ու անձնական կարծիքը: Դատական նիստի ընթացքում Ա. Սաքունցը հրապարակեց ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարված գրառումների բովանդակությունը, այնուհետև հետաքրքրվեց, թե արդյոք վկան որոշակի մտահոգություններ ունի Իրինա Մամյանի նկատմամբ բժշկական կենտրոնի որևէ աշխատակցի կողմից ճնշումներ գործադրելու վերաբերյալ: Վկան պատասխանեց, որ որպես եղբայր ինքը մտահոգված է, սակայն այնուհետև Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան նշեց, որ ինքը դատարանում հայտնում է ճշմարտությունը և կաշկանդված չէ: Դատավոր Լ. Ավետիսյանը հարցրեց, թե արդյոք միջնորդությունը ներկայացվելուց հետո բժշկական կենտրոնից որևէ մեկը դիմել է Իրինա Մամյանին, պարզելու՝ թե ինչու է եղբայրը նման բաներ ասել, սակայն վկան նշեց, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի:
Վկայի հարցաքննության ավարտից հետո Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը հայտարարեց, որ ցանկանում է միջնորդություններ ներկայացնել, սակայն, քանի որ միջնորդությունները ծավալուն էին, իսկ աշխատանքային օրն արդեն ավարտվել էր, խնդրեց հետաձգել դատական նիստը:
Այդպիսով, սույն գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2015 թ. ապրիլի 2-ին, ժամը 10:30-ին: