Ժ. Բ. Օզքիրիսյանի մուտքի արգելքը ՀՀ վերացվել է
10:49, April 28, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ջ. Բ. Օզկիրիսյան (Շանթ Ոսկերչյան)2016 թ. ապրիլի 27-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Հարությունյանի, կայացավ «Ժ. Բ. Օզքիրիսյանը՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության» գործով երկրորդ նախնական դատական նիստը:
Հիշեցնենք, որ սույն հայցով հայցվորի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Անի Չատինյանը պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ազգային անվտանգության ծառայության այն գործողությունները, որով հայցվորի տվյալները ներառվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, անվավեր ճանաչել վարչական բողոքի վերաբերյալ 2015 թ. հոկտեմբերի 2-ի գրությամբ տրված մերժումը, ինչպես նաև պարտավորեցնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայցվորի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից: Սույն գործով նախորդ նախնական դատական նիստը հետաձգվել էր հայցվորի միջնորդությամբ` հայցապահանջները հստակեցնելու նպատակով:
2016 թ. ապրիլի 27-ի նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվորի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանը և փաստաբան Արտուր Հարությունյանը, որը, դատարանին ներկայացնելով Ժ. Օզքիրիսյանի կողմից տրված լիազորագիրը, ներգրավվեց որպես նրա ներկայացուցիչ: Դատական նիստին մասնակցում էր նաև պատասխանող ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Թաթուլ Ղուկասյանը:
Պատասխանողի ներկայացուցիչ Թ. Ղուկասյանը դատարան ներկայացրեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գրությունն այն մասին, որ 2016 թ. ապրիլի 25-ին Ժ. Օզքիրիսյանի վերաբերյալ տվյալները հանվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից:
Հայցվորի ներկայացուցիչ Ա. Հարությունյանը, հաշվի առնելով տեղի ունեցած փոփոխությունը, գտնելով, որ հայցով ներկայացված երրորդ հայցապահանջն առարկայազուրկ է, քանի որ պահանջված գործողությունն արդեն իսկ կատարվել է, հրաժարվեց ներկայացված երրորդ հայցապահանջից` խնդրելով այդ հիմքով կարճել գործի վարույթը: Միաժամանակ Ա. Հարությունյանը պնդեց մյուս հայցապահանջները՝ նշելով, որ վարչական մարմնի գործողությունները և վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում Ժ. Օզքիրիսյանը հնարավորություն կունենա պատճառված վնասների փոխհատուցում ստանալ:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով հայցվորի` հայցապահանջից հրաժարվելու հանգամանքը, որոշեց հայցվորի վերաբերյալ տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանելուն պարտավորեցնելու պահանջի մասով կարճել գործի վարույթը:
Դատարանը ճշտեց գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով այդ գործողությունների սպառված լինելու վերաբերյալ հայցվոր կողմի դիրքորոշումը: Հայցվորի ներկայացուցիչ Ա. Հարությունյանը նշեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալները փոխանցել է ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկ, որով վիճարկվող գործողություններն ավարտվել են:
Դատարանը նշեց, որ խոսքը վերաբերում է գործողությունները սպառված լինելուն, և դրանք սպառված համարեց այն պատճառաբանությամբ, որ հայցվորի տվյալներն արդեն իսկ հանվել են հիշյալ բանկից:
Այսքանով դատարանը գործը համարեց դատաքննությանը նախապատրաստված և որոշեց այն նշանակել դատաքննության:
Սույն գործով դատաքննությունը տեղի կունենա 2016 թ. հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:
Տես նաև՝ aravot.am