Անապահով ընտանիքից զինվորն առաջնագծում` նշանառության տակ. կյանք` սոցիալական անարդարության դիմաց
15:09, April 28, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱպրիլյան քառօրյա պատերազմը բացահայտեց, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային թեժ կետերում, առաջնագծում հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքի զավակներն են ծառայում. զոհված զինծառայողներից շատերը, ինչպես բազմաթիվ հրապարկումներով բացահայտվեց, ծայրահեղ ծանր վիճակում ապրող ընտանիքներից էին:
Սոցիալական ծայրահեղ պայմաններ, հողածածկ հատակ, տարրական կենցաղային պայմաններից զուրկ չքավորության եզրին կանգնած ընտանիքներում ապրիլ ամսվա ընթացքում հրաժեշտ տվեցին առաջնագծում զոհված եւ մինչեւ վերջին պահը պայքարած զինվորների:
«Առաջնագիծ ուղարկվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, եւ ոչ թե մեծ մասը, այլ բոլորը»,-«Մեդիալաբին» ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Արթուր Սաքունցը նշում է, որ ՀՔԱՎ-ը բազմաթիվ անգամ հարցումներ է ուղարկել պաշտպանության նախարարությանը՝ պաշտոնատար անձանց ընտանիքներից զորակոչիկների ծառայության վայրերի մասին տեղեկություններ ստանալու ակնկալիքով, սակայն մշտապես ՊՆ-ից պատասխանել են, թե նման հաշվառում չի իրականացնում։
«Իզուր, հիմա պետք է իրականացնեն։ Եվ ոչ միայն պաշտոնատար անձանց, այլ ընդհանրապես, ըստ ընտանիքների սոցիալական ապահովության պատկանելիության, երիտասարդների զինվորական ծառայության սկզբնական վայրերի, նաեւ ծառայության ընթացքում ծառայության վայրի տեղափոխությունների վերաբերյալ։ Դա է պահանջում հանրությունը, դա է պահանջում օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի պահպանման վիճակի մասին հանրության տեղեկացված լինելու իրավունքը, առանց որի որեւէ վստահության ակնկալիք ոչ ՊՆ-ն, ոչ էլ պետությունը չեն կարող ակնկալել»,-նկատում է Սաքունցը։
Հակառակ դեպքում, ըստ իրավապաշտպանի, որեւէ բացատրություն առանց նման տեղեկատվության առկայության, ոչ միայն վստահելի չէ, կամ կասկածելի է, այլ նաեւ անհիմն:
Իրավապաշտպանը նշում է, որ դա նաեւ նշանակում է, որ բոլոր հայտարարությունները եւ խոստումները, թե վիճակահանությամբ է որոշվում ծառայության վայրը, որ զորակոչի ժամանակ անընդհատ պայքար է մղվում հնարավոր կոռուպցիոն դրսեւորումների դեմ, հերքվում են առնվազն զոհված զինվորների ընտանիքների սոցիալական անապահովության փաստերով:
«Կամ էլ պետք է ենթադրել, որ վիճակահանությանը մասնակցում են միայն սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները, իսկ սոցիալապես ապահով ընտանիքների երիտասարդները զորակոչվում են բոլորովին այլ «վիճակահանությամբ», որի մասին չեն հայտարարում»։
Իրավապաշտպանի խոսքերին գալիս են լրացնելու ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված չքավոր ընտանիքների պատմությունները, որոնք էլ այս թեման հասարակության տարբեր շերտերի մոտ կրկին բուռն քննարկումների առիթ դարձրեցին:
Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր ազգությամբ եզդի շարքային Քյարամ Սլոյանը, ում 20 տարին կբոլորեր ապրիլի 27-ին:
Առաջին պահից ի վեր հասարակությունը խորապես ազդվեց, երբ հրապարակվեցին Քյարամի ընտանիքը սոցիալական ծայրահեղ ծանր պայմանների մասին պատմող տեսանյութն ու լուսանկարները:
Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից մի փոքր հեռու, սարի լանջին գտնվող նրանց կիսակառույց, խոնավ սենյակներով ու հողե հատակով, տարրական պայմաններից զուրկ տունն անգամ տանիք չուներ:
Սակայն, Քյարամի դեպքը եզակի չէ: Հաջորդող բազմաթիվ պատմություններում հստակորեն երեւում էին առաջնագծում զոհված զինվորների ընտանիքներում տիրող խիստ անմխիթար վիճակը:
Զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Դավիթ Հայրապետյանի ընտանիքը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում է բնակվում:
Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյան «Մեդիալաբին» հետ զրույցում նշում է, որ Հայրապետյանների ընտանիքը բազմամարդ է, կենցաղային պայմանները` ծայրահեղ վատ:
«Սոցիալապես անապահով են, տանը կոսմետիկ հարդարանք չկա, ոնց որ քար ու բետոն:, Դավիթի հայրն ու եղբայրը արտագնա աշխատանքի էին մեկնում, որ կարողանան ապրել: Դե Ռուսաստանում էլ լավ չի վիճակը, իրենք էլ է՛լ ավելի վատ վիճակում հայտնվեցին: Մայրը չի աշխատում, բաղնիք չունեն, արտաքնոցը դրսում է: Յոլա գնալով ապրում են»,-ասում է Ղազարյանը:
Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի բնակիչ, շարքային Ռաֆիկ Հակոբյանն եւս ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից է:
Կարմրաշենի գյուղապետ Արտաշես Մելիքյանը «Մեդիալաբին» ասում է, որ տղան ծնողների հետ Սանկտ-Պետերբուրգում էր եւ հավելում. «լավ օրից չէ, որ մեկնել էին արտագնա աշխատանքի»:
«Վատ պայմանների պատճառով, ապրուստի միջոց ստեղծելու համար ընտանիքով գնացել էին Լենինգրադ: Ռաֆիկի զորակոչի ժամկետը որ եկավ, եկան էրեխուն ուղարկեցին բանակ: Կարմրաշենը բարձր լեռնային գյուղ է, աշխատանք չկա: Իրենց տունն էլ մի կիսախարխուլ, կիսաքանդ վիճակում է, գնացել էին աշխատելու, որ գային այստեղ նորմալ ապրեին»,-«Մեդիալաբին» ասում է Մելիքյանը:
Քառօրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արման Անդրեասյանի ու նրա ընտանիքի կենսապայմանների մասին խոսելիս Շիրակի մարզի Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբանյանը շեշտում է նրանց`սոցիալապես անապահով լինելու մասին:
«Ի՞նչ կենցաղ, ոչ տուն ունեն, ոչ տեղ: Այդ երեխան ժիր, աշխատասեր տղա էր, երեւի 12 տարեկանից աշխատում էր, որ ընտանիքին օգներ, ծնողները չեն աշխատում, ընտանիքը մեծ է, սոցիալապես անապահով են, հայրը մեկ-մեկ մեկնում էր արտագնա աշխատանքի, որ ապրուստի միջոց ունենան»,-«Մեդիալաբին» ասում է գյուղապետը:
Զոհված Ժորա Եսայանի ընտանիքն էլ Արարատի մարզի Դարբնիկ գյուղում է բնակվում: Գյուղացիները նշում են, որ Ժորայի հայրն ավտոբուսի վարորդ է, օրվա հացի փողը հազիվ է վաստակում:
Պատմությունը նույնն է 19-ամյա Գրիգոր Հարությունյանի դեպքում: Նա եւս զոհվել է քառօրյա պատերազմի օրերին: Գրիգորի ընտանիքն էլ, կրկին սոցիալապես ծանր պայմաններում է ապրում. միշտ վարձով են ապրել, տնից տուն տեղափոխվել:
Գրիգորը վերջին տարիներին գիշերօթիկում է սովորել, ուզել է ուսումը քոլեջում շարունակել, բայց ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով չի կարողացել: Գրիգորի կրտսեր եղբայրը մոր հետ հիմա ապրում են Գաջեգործների փողոցի վթարային շենքում՝ սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում: Հարազատները News.am-ին պատմել են.
«Տանջված երեխա էր, ուշքն ու միտքն այն էր, որ աշխատեր ու դուրս գար էդ սոցիալական դժվարագույն վիճակից, ոտքի կանգնեին, մորը բուժեր․․․Իր դառը աշխատանքով, իր ձեռքերով փորձում էր էդ տունը, որն ուղղակի տուն էլ չես ասի, չգիտես՝ ինչ է, տան նման սարքեր։ Մեծ եղբայրն էլ է ծառայել ու բանակից վերադարձել առողջական խնդիրներով»։
«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, որը պատերազմի թեժ օրերին, եւ նախքան այդ էլ մշտապես եղել է առաջնագծում, «Մեդիալաբին» ասում է, որ տղաների հետ զրուցելու ընթացքում պարզել է՝ անապահով ընտանիքներից են, պաշտոնյայի երեխայի չի հանդիպել.
«Շատ են երեխեքը, որոնց հայրերը Ռուսաստանում են՝ արտագնա աշխատանքի: Նրանք ասում են՝ ծառայությունը վերջացնեն, իրենք էլ են գնալու»։
«Ակնհայտ է խտրականության դրսեւորումը զինվորական ծառայության ընթացքում, ըստ սոցիալական ապահովության մակարդակի կամ զինվորի ընտանիքի սոցիալական խավի պատկանելիության։ Առայժմ Պաշտպանության նախարարի բացատրությունները նման խտրականության բացակայության մասին վստահելի չեն»,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու են առաջնագծում միայն անապահով ընտանիքի զավակներ, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն խոսել էր ապահով խավի որդիների` բարձրագույն կրթություն ստանալու, ասպիրանտուրա ընդունվելու, գիտական թեզեր պաշտպանելու եւ զինծառայությունից տարեկետում ստանալ մասին:
«Կարծում եմ՝ այս իրականության մեջ միջին եւ բարձր խավերի ընտանիքների երեխաներն են, որ ընդունվում են ուսումնական բարձրագույն հաստատություններ, եւ նրանց մեծ մասն էլ լրացնում է սերժանտական կազմը կամ այս կամ այն մասնագիտությունը, որոնք որ առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում։ Գումարած դրան կա այսօրվա Հայաստանի իրականություն՝ ինչ վիճակում է գտնվում ժողովուրդը։ Եթե վերլուծություն անեք, կտեսնեք, որ դրանք օբյեկտիվ հանգամանքներ են»,- նշել էր նա` շեշտելով, թե «առաջնագծում բոլորի որդիներն են»:
«Անձամբ իմ որդին այնտեղ է ծառայում, սպա է, գլխավոր շտաբի պետի որդին այնտեղ է եղել այս օրերին, եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիները այնտեղ են եղել,-նշել էր նա,- Շատ պաշտոնատար անձանց որդիներ կան, որ ծառայում են: Հիմա ես հո մեկ-մեկ չե՞մ ասելու՝ ովքեր են»:
Սակայն, իրավապաշտան Արթուր Սաքունցը պնդում է. առավել քան տեղին են հանրության այն պնդումները, որ եթե անգամ վիճակահանությամբ են որոշում զինակոչիկներին, թե որին՝ որ զորամաս ուղարկել, ապա զինվորներին առաջնագիծ ուղարկել-չուղարկելու գործընթացում կոռուպցիոն դրսեւորումներ կան.
«Նորից փաստենք շատ ցավալի վիճակագրությունը՝ զոհվածների գերակշիռ մասը, եթե ոչ բոլորը, սոցիալապես անապահով ընտանիքներից են։ Ի դեպ, քանի որ ռազմական գործողությունները եղել են ոչ թե մեկ հատվածում, կամ մեկ զորամասի տարածքում, այլ ողջ բաժանարար գծի երկայնքով, ապա նման «օրինաչափությունը» պատահական չի կարող լինել։ Ոչ միայն ազնիվ կլիներ, այլ նաեւ հանրության առջեւ պատասխանատվության գիտակցման տեսանկյունից համաարժեք կլիներ, ոչ թե փորձել անհեթեթ բացատրություններով կամ մեկնաբանություններով կեղծել ակնհայտ իրողությունը, այլ իրականացնել քննություն՝ թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է ստացվել նման «օրինաչափությունը»։ Նման քննության արդյունքները պետք է նաեւ հրապարակել»։
Նա նշում է, որ նման քննություն իրականացնելու անհրաժեշտության մասին ինքն արդեն հրապարակային ներկայացրել է, հիմա պետք է ժամանակը ծախսել նման քննության ուղղությամբ.
«Հակառակ պարագայում, նշված հարցերի անպատասխան մնալը ոչ մի կերպ չի նպաստելու իրավիճակի այնքան անհրաժեշտ փոփոխությանը։ Զինվորները չպետք է իրենց կյանքով հատուցեն սոցիալական անարդարությունների համար»։
Էդիկ Բաղդասարյանն ասում է՝ պաշտոնյաների երեխաները ծառայո՞ւմ են սահմանում, թե ոչ, այս հարցը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում.
«Ինչ- որ լղոզված բացատրություններ, պատասխաններ, իհարկե, լինում են։ Բայց սա փակված թեմա է։ Մանրադիտակով էլ փնտրեք, որեւէ պաշտոնյայի երեխա սահմանում չեք գտնի ։ Պետք է ասել՝ չկան այդպիսի օրինակներ, բացառությունը մի քանի զինվորականների երեխաներն են»։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշում է, որ թեեւ զորակոչում վերջին տարիներին մեթոդը բավականին փոխվել է, վիճակահանություն է կատարվում, այնուամենայնիվ, վստահ է, որ կոռուպցիա կա բանակում:
Անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պարզաբանմանը, որ ապահով շատ ընտանիքների երեխաները սովորում են բարձրագույն հաստատություններում եւ այլն, Իշխանյանը հարց է բարձրացնում.
«Արդյոք այդ սովորելը միշտ է արդարացված, ասպրանտուրայի այդ տեղերն ինչպե՞ս են լինում, սոցիալապես անապահով երեխաներն արդյոք ընդունա՞կ չեն սովորելու: Մագիստրատուրա, ասպիրանտուրա, սա ընդունակությունների հարց է, չէ՞ , ոչ թե գումարի: Այսինքն նախարարի ասածից ստացվում է, որ ինքն ընդունում է, որ մեզ մոտ կրթությունը տրված է ունեւորներին: Սա շատ լուրջ հարց է, ստացվում է ոչ ունեւորների երեխաները դո՞ւրս են գալիս կրթությունից, իսկ էդ որոշողն ո՞վ է: Արդյոք ԲՈՒՀ-երից չի սկսվում կոռուպցիան՝ նույն բանակ չգնալու համար։ Նախարարի ասածից կոռուպցիայի տարբեր ճյուղավորումներ են նկատվում»,-«Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:
Իրավապաշտպանն ասում է՝ եթե մի շարք պաշտոնյաների, հատկապես նրանց, որոնք բանակում չեն ծառայել, բայց խոսում են հայրենասիրությունից, ու շատ ու շատ այլոց պաշտպանած դիսերտացիաներից հենց իրենց հարցեր տանք, ապա, ըստ Իշխանյանի, որեւէ մեկը կապակցված պատասխան չի կարող տալ.
«Որովհետեւ դրանք բոլորը կեղծ գրվել են նրանց բանակից ազատելու եւ գիտնականի դիպլոմ ստանալու համար»,-նշում է նա։
Իշխանյանն ասում է՝ պետք է նաեւ հետաքննություն արվի, թե գիտական ուղին բռնած ու բանակից ազատվածներն ասպիրանտուրայում ինչպե՞ս ու ի՞նչ թեմաներով են պաշտպանել.
«Ես համոզված եմ՝ այդ ամեն ինչը, նրանց պաշտպանությունը՝ մակուլատուրա է»,-ասում է նա:
Թե ի՞նչ ճանապարհներ է տեսնում իրավապաշտպանը բանակում հավասարության, ունեւորի-չունեւորի երեխա այս խտրական մոտեցման վերացման ուղղությամբ եւ կոռուպցիոն ռիսկերի վերացման համար, Ավետիք Իշխանյանն ասում է՝ որեւէ բան անելը շատ բարդ է` հատկապես հաշվի առնելով ԼՂՀ խնդիրն ու պերմանենտ պատերազմական վիճակում գտնվելը: Նա նշում է, որ եթե ընդհանուր հասարակական մթնոլորտի փոփոխություններ տեղի չունենան, ապա ապագան շատ չարագուշակ եւ կանխատեսելի կլինի։
Իշխանյանի համոզմամբ, պետք է անկախ ու անկաշկանդ հետաքննություն կատարվի, թե որ պաշտոնյայի կամ ունեւորի տղան ծառայե՞լ է բանկում, թե՝ ոչ, կամ որտեղ է ծառայել, առաջնագծո՞ւմ, թե՞ժ տեղերում, թե՝ հակառակը, եւ իհարկե հրապարակել այս ամենը:
«Այսպիսի մթնոլորտ պիտի ձեւավորվի, որպեսզի ունեւորներն ու պաշտոնյանները կամ իրենց երախները ամաչեն, որ չեն ծառայել բանակում։ Եթե այդ մթնոլորտը մեզ մոտ չի ձեւավորվում, ապա որքան էլ խոսենք կոռուպցիայի մասին, մենք որեւէ արդյունքի չենք հասնի,-«Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը։- Եւ փաստորեն, իսկապես, ստացվում է, որ սոցիալապես անապահով ընտանիքի երախները փրկում են Հայաստանի դեմքը»։