Քաղբանտարկյալները հայտարարեցին, որ կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ
14:33, June 28, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Քաղբանտարկյալներ2014թ. հունիսի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց 2013 թվականի նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը: Սույն դատական նիստի ընթացքում շարունակվեց ամբաստանյալների փաստաբանների կողմից միջնորդությունների ներկայացումը: Ամբաստանյալներ Վահե Մկրտչյանի և Ալբերտ Մարգարյանի շահերի պաշտպան Հովհաննես Քոչարյանը դատարան ներկայացրեց վերջիններիս անձը, ընտանեկան դրությունն ու ընտանիքի սոցիալական վիճակը բնութագրող փաստաթղթեր:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանը ներկայացրեց միջնորդություն իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու և գրավի չափ որոշելու մասին, իսկ միջնորդությունը մերժելու դեպքում պետական բյուջեից հատկացնել գումար՝ Արմեն Հովհաննիսյանի երեք անչափահաս երեխաների խնամքի համար: Միաժամանակ, Արա Զաքարյանը կարծիք հայտնեց գործով իր մյուս պաշտպանյալ Տիգրան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու նույնաբովանդակ միջնորդության վերաբերյալ դատարանի որոշման մասին: Մասնավորապես, պաշտպանը հայտնեց, որ դատարանն իր որոշման մեջ չի անդրադարձել ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, մինչդեռ դրանք պարտադիր են ստորադաս դատարանների համար, բացի այդ, դատարանը չի ներկայացրել այդ որոշումները չկիրառելու և խափանման միջոցը չփոխելու հստակ և հիմնավոր հիմքեր: Պաշտպանը խնդրեց Արմեն Հովհաննիսյանի դեպքում կամայականություն չդրսևորել: Այնուամենայնիվ, դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը՝ պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը:
Որոշման հրապարակումի հետո դատարանն անցավ դատաքննության փուլին: Մեղադրողը հրապարակեց յուրաքանչյուր ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի եզրափակիչ մասը, որից հետո ամբաստանյալները հայտնեցին իրենց կարծիքը առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Ամբաստանյալները չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը և իրենց մեղավոր չճանաչեցին: Նրանք հայտարարեցին, որ կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ՝ որպես սրտացավ քաղաքացի, որպես հայրենասեր, դեմ են դուրս եկել ներքին թշնամու դեմ: Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ ինքը խիստ վիրավորված է անհարգալից վերաբերմունքից, որովհետև ինքը խուլիգան չէ, հազարավոր զինվորներ է դաստիարակել, երեք անգամ վիրավորվել է, ունի բազմաթիվ մեդալներ, որոնց մի մասը շնորհել են ՀՀ երկու նախագահները, ինքը տղաների մեծ մասի հետ կռվել է, եղել է նրանց հրամանատարը, այն ժամանակ թող ասեին, որ խուլիգան են, երբ որ ռուսների դեմ էին կռվում: Վարդան Վարդանյանն ասաց, որ սա քաղաքական հաշվեհարդար է իրենց հանդեպ:
Դատաքննության ընթացքում քննարկվեց ապացույցների հետազոտման կարգը: Փաստաբան Հովհաննես Քոչարյանն առաջարկեց նախ կատարել տեսանյութի ուսումնասիրություն և զննության արձանագրության հետազոտում, ապա լսել տուժողներին, վկաներին, ամբաստանյալներին, հետազոտել իրեղեն ապացույցները, փորձաքննության եզրակացությունը և այնուհետև կատարել այլ ապացույցների հետազոտում: Գործով մեղադրող Արա Զաքարյանն առաջարկեց նախ լսել տուժողներին, վկաներին, ապա հետազոտել գործում առկա ապացույցները, իրեղեն ապացույցները և լսել ամբաստանյալներին:
Նախագահող դատավոր Մ.Մարտիրոսյանը, հաշվի առնելով, որ ըստ էության որպես ապացույց ներկայացված է էլեկտրոնային կրիչը, որոշեց ապացույցները հետազոտել հետևյալ կարգով՝ հետազոտել էլեկտրոնային կրիչը, հարցաքննել տուժողներին, վկաներին, ամբաստանյալներին, այնուհետև հետազոտել իրեղեն ապացույցները, փորձագիտական եզրակացությունը և այլ փաստաթղթերը: Պաշտպանները հայտնեցին, որ անհրաժեշտ են համարում ձայնագրության արձանագրությունը հետազոտել ձայնագրությունը հետազոտելուց հետո: Դատարանը նշեց, որ արձանագրության հետազոտման հարցին կանդրադառնան ձայնագրությունը դիտելուց հետո, եթե առաջանա արձանագրությունը հետազոտելու անհրաժեշտություն:
Քանի որ անհրաժեշտ էր տեխնիկական միջոցների օգտագործում, դատական նիստը հետաձգվեց:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2014 թ. հուլիսի 4-ին, ժամը 12:00: