«Եվրոպական ընտրություն» նախաձեռնող խումբը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ
16:12, June 28, 2014 | Համատեղ, Հայտարարություններ«Եվրոպական ընտրություն» նախաձեռնող խումբը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: ԱրմԻնֆո գործակալությանն ուղարկված փաստաթղթում նախաձեռնող խմբի անդամները նշում են, որ 2014 թվականի հունիսի 27-ին Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը հաջողությամբ ավարտեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրման գործընթացը:
«Մենք ողջունում ենք Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրում Հայաստանի հետ ընդգրկված երեք երկրների առաջընթաց քայլը: Այն դիտարկում ենք որպես ինքնիշխանության կամքի վկայություն, գնահատում, որպես քաղաքական եւ քաղաքակրթական նշանակալի եւ բեկումնային փոփոխություն, անվտանգության ու կայունության կարեւոր գրավական` հետխորհրդային տարածքի մի զգալի մասում:
Միաժամանակ, խորն ափսոսանք ենք հայտնում Հայաստանի իշխանության հայտնի որոշումների հետեւանքով այդ առաջընթացին մաս կազմելու հնարավորությունը ոչ միայն բաց թողնելու, այլ նաեւ եվրոպական ինտեգրացիայի ուղուց դեպի Եվրասիական անհեռանկարային միություն շեղվելու կապակցությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Այդուհանդերձ, համարում են նախաձեռնող խմբի անդամները, որ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի քայլը՝ լինելով այդ երկրների ժողովրդավարացման ու արդիականացման գործընթացի նոր խթան, ուսանելի փորձի եւ գործնական նախաձեռնությունների կամուրջ կհանդիսանա Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ մյուս երկրների, այդ թվում եւ հատկապես Հայաստանում եվրոպական ինտեգրացիայի ուղին ընտրող հասարակական-քաղաքական կառույցների համար: «Լինելով այդպիսի կառույցներից մեկը Հայաստանում՝ «Եվրոպական ընտրություն» նախաձեռնությունն իր հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունն է հայտնում՝ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի համախոհների հետ գործակցությունը զարգացնելու գործում՝ համարելով դա Եվրամիության հետ Հայաստանի համակողմանի հարաբերության սերտացման եւ բովանդակային հարստացման նոր հնարավորություն»:
Հայտարարության հեղինակները հույս են հայտնում, որ մեր երկիրը կվերադառնա ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի օրակարգին՝ հաստատելով իր ձգտումը դեպի ինքնիշխանության ամրապնդում, բարեփոխումներ, եւրոպական արժեքային համակարգ եւ միջազգային լայն ինտեգրում, որ հիմնված է փոխադարձ հարգանքի ու միմյանց շահերի համատեղման վրա:
Հայտարարության ներքո ստորագրել են Հայաստանի հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ` Գայանե Առուստամյանը, Հակոբ Բադալյանը, Լևոն Բարսեղյանը, Աղասի Ենոքյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Նազենի Ղարիբյանը, Բորիս Նավասարդյանը, Աննա Շահնազարյանը, Արթուր Սաքունցը: