ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց Ալեքսանդր Ցվերիանովի գործով ներկայացված վերաքննիչ բողոքը
12:47, August 28, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. օգոստոսի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Վ. Ռշտունու, քննվեց Ալեքսանդր Ցվերիանովի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. հունիսի 26-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղեկալ Վ. Ավետիսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2015 թ. մարտի 31-ի որոշման դեմ Ա. Սաքունցի կողմից ներկայացված բողոքը և հաստատել հիշյալ որոշման օրինականությունը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցը, նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացրած դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Գևորգ Գևորգյանը և վարույթն իրականացրած ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղեկալ Վ. Ավետիսյանը:
Բողոքի քննության ընթացքում Ա. Սաքունցը, ներկայացնելով վերաքննիչ բողոքի փաստերը, հիմքերը և հիմնավորումները, նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը կայացված որոշմամբ խախտել է ՀՀ Սահմանադրության 16-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 25-րդ, 124-րդ և 127-րդ հոդվածները: Ըստ Ա. Սաքունցի՝ նախաքննության մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումները կատարվել են թերություններով և վերջինիս կողմից օբյեկտիվորեն չեն գնահատվել գործում առկա ապացույցները: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել պարզելու ոստիկանության աշխատակիցների և տուժող Ա. Ցվերիանովի ցուցմունքներում առկա անհամապատասխանությունները կապված վերջինիս բերման ենթարկելու ժամի հետ: Քրեական գործի նյութերով չի հերքվել Ա. Ցվերիանովի՝ ալկոհոլ օգտագործած լինելու փաստը, իսկ ձեռք բերված տվյալները բավարար են ենթադրելու, որ Ա. Ցվերիանովն ալկոհոլ օգտագործել է ոստիկանության աշխատակիցների հյուրասիրությամբ, քանի որ, գտնվելով ոստիկանության բաժնում, այլ կերպ, քան ոստիկանության աշխատակիցների միջոցով, չէր կարող ալկոհոլ ձեռք բերել և օգտագործել: Բացի այդ, Ա. Ցվերիանովն ինքնախոստովանական ցուցմունքով ընդունել է գողությունների 16 դրվագի կատարումը, մինչդեռ, հետագայում դատարանի դատավճռով անմեղ է ճանաչվել նված արարքների կատարման մեջ: Ա. Սաքունցը նշեց նաև, որ վարույթն իրականացնող մարմինը չի նշանակել համապատասխան փորձաքննություններ՝ Ա. Ցվերիանովի նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների փաստի հաստատման համար: Ա. Սաքունցն իր բողոքում հայտնեց նաև այն մասին, որ ոստիկանության բաժնում Ա. Ցվերիանովը խիստ ցավեր է ունեցել՝ իր առողջական խնդիրների պատճառով, որոնց դեմ երկարատև բուժում է ստացել կալանավորումից հետո: Տուժողի ներկայացուցիչն ինքնին խոշտանգում համարեց Ա. Ցվերիանովին խիստ ցավերի մեջ գտնվելու ընթացքում բուժօգնություն չտրամադրելը և այդ ընթացքում քննչական գործողություններ կատարելը:
Ամփոփելով ներկայացված բողոքը՝ Ա. Սաքունցը խնդրեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ընդունել նոր դատական ակտ և վերացնել տուժող Ա. Ցվերիանովի իրավունքների խախտումը:
Նախագահող դատավոր Վ. Ռշտունին փորձեց պարզել, թե արդյոք քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար են ոստիկանության աշխատակիցներին մեղադրանք առաջադրելու համար: Ա. Սաքունցը բավարար գնահատեց գործով ձեռք բերված ապացույցները և նշեց, որ քննությունը պետք է ապացուցի, որ անձի նկատմամբ բռնություն չի եղել, մինչդեռ, տվյալ դեպքում քրեական գործով չի հերքվել Ա. Ցվերիանովի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը:
Ներկայացված բողոքի դեմ առարկեցին վերահսկող դատախազ Գ. Գևորգյանը և վարույթն իրականացրած Վ. Ավետիսյանը: Գ. Գևորգյանը նշեց, որ նախաքննական մարմինը տվել է բոլոր հարցերի պատասխանները, քննությունը կատարվել է քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համպատասխան: Քրեական գործով ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ բռնության փաստը հիմնավորելու համար, մասնավորապես, զննվել են բերման ենթարկելու, ՁՊՎ-ի մատյանները, հարցաքննվել են շտապօգնության աշխատակիցները: Բացի այդ, նա նշեց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են նաև բոլոր տուժողները, ովքեր մինչ Ա. Ցվերիանովի կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալը, հաղորդում չէին ներկայացրել գողության մասին: Նա, վկայակոչել ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում անմեղության կանխավարկածի սկզբունքի վերաբերյալ տրված մեկնաբանությունները, պնդեց, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները հիմք չեն որևէ ոստիկանության աշխատակցի մեղադրանք առաջադրելու համար:
Վարույթն իրականացրած Վ. Ավետիսյանը նույնպես առարկեց Ա. Սաքունցի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի դեմ: Նա իր առակությամբ հայտնեց, որ տուժող Ա. Ցվերիանովի կողմից հայտնած բոլոր հանգամանքները մանրամասնորեն քննվել են, օբյեկտիվ իրականությունը վեր հանելու համար հայտնաբերվել և հարցաքննվել են գործով չշահագրգռված անձինք, իսկ դատարանի արդարացման դատավճիռը հիմք չէ պնդելու, որ Ա. Ցվերիանովի նկատմամբ խոշտանգում է տեղի ունեցել:
Նախագահող դատավոր Վ. Ռշտունին նշեց, որ նախաքննության նյութերը դեռևս դատարան չեն ներկայացվել, ուստի գտավ, որ անհրաժեշտ է դատական նիստը հետաձգել՝ պարտավորեցնելով Վ. Ավետիսյանին քրեական գործի նյութերը ներկայացնել դատարան: Այսպիսով, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մեկ այլ հերթի: