Արթուր Սաքունց. Նման պուտինյան բռնապետական ռեժիմի պնակալեզները կշարունակեն հույսով ապրել, որ մի օր էլ իրենք կերակրատաշտակի մոտ հայտվելու հնարավորությունը կունենան
12:52, August 28, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, ԵՏՄ«Հիմա չեմ հակադարձի, թե ով է ուտում և գործ չի անում, ով է ավելի շատ գրանտակեր: Իսկ եթե գործ ենք անում, և դա դուր չի գալիս՝ նշանակում է, որ մենք շատ ճիշտ ենք աշխատում և շարունակելու ենք նույն տեմպով: Իսկ նման պուտինյան բռնապետական ռեժիմի պնակալեզները կշարունակեն հույսով ապրել, որ մի օր էլ իրենք կերակրատաշտակի մոտ հայտվելու հնարավորությունը կունենան»,- 168.am-ի հետ զրույցում՝ հակադարձելով ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանին, ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ այսօր կայացած ասուլիսի ժամանակ Վարդան Բոստանջյանը ասել էր. «Հիմա բոլոր այն գրանտակերները, կիսատարաբախտները, որոնք տարբեր տեղերից սնվում են, գոյատևում են, դրանք ճղճղում են, թե Մաքսային միությունը լավը չէ, Եվրասիական տնտեսական միությունը լավը չէ: Դուք մտածեք մեր երկրի անվտանգության մասին, ոչ թե մտածեք մանր-մունր, երկու հատ շան լափի նման շպրտած կոպեկի մասին…»:
Ա. Սաքունցից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Վ. Բոստանջյանի վերոնշյալ մեղադրանքներն անուղղակիորեն նաև իրեն չե՞ն հասցեագրված, քանի որ նա նույնպես հանդիսանում է ՄՄ-ին միանալուն դեմ արտահայտվող անձանցից: Ի պատասխան նա ասաց. «Ես դեմ եմ արտահայտվում, դեմ եմ արտահայտվելու Մաքսային միությանը միանալուն՝ անկախ բոլոր գնահատականներից, որոնք մտացածին են: Իսկ դրամաշնորհները, որոնք մենք ստանում ենք՝ ստանալու ենք, և դրանք օրինական են, դրանք ամբողջովին իրավականորեն հիմնավորված են: Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է և՛ Միավորված ազգերի կազմակերպության անդամ, և՛ Եվրոպայի խորհրդի անդամ, և՛ ԵԱՀԿ-ի անդամ, որտեղ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին և քաղաքացիական հասարակության զարգացման համար տրամադրվում են դրամաշնորհներ: Հայաստանի Հանրապետությունում մեր բիզնեսմենները և կառավարությունը մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ դրամաշնորհներ չեն տրամադրում: Իշխանություններին ձեռնտու չէ խոշտանգումներից զերծ մնալու, արդար դատաքննության իրավունքի, զինծառայողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ դրամաշնորհներ տրամադրել, որովհետև իրենք կրիմինալ են և իրենք են այդ խախտողները»:
Ա. Սաքունցի խոսքով՝ վերոնշյալ մտքերը, որ Վարդան Բոստանջյանն է արտահայտել է՝ նույնիսկ իրենը չեն, այլ՝ որոշակի մարդկանց կողմից բովանդակազուրկ մտքեր. «Իսկ ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության անդամակցության վերաբերյալ մոտեցումներին, ապա ես պնդում եմ, որ Եվրասիական տնտեսական միությունը հանդիսանում է ավտորիտար, բռնապետական ռեժիմների միություն, որին անդամակցելու դեպքում Հայաստանում բռնապետությունը կստանա լեգիտիմ ուժ»,- հավելեց Ա. Սաքունցը:
Վարդան Բոստանջյանը նաև կարևորել էր ՀԱՊԿ-ի դերը Հայաստանի անվտանգության պահպանման գործում: Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե ո՞ւր էր ՀԱՊԿ-ը այս վերջին սահմանային լարվածության ժամանակ, Վարդան Բոստանջյանը պատասխանել էր. «Իսկ ի՞նչ պետք է աներ ՀԱՊԿ-ն՝ գար կռիվ անե՞ր»:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի դերին՝ Արթուր Սաքունցը նկատեց, որ հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածության ընթացքում ՀԱՊԿ-ն պարզապես չկատարեց իր պարտավորությունը իր անդամ երկրի նկատմամբ, որը ամրագրված էր այդ կազմակերպության փաստաթղթերում: «Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, և որպես պայմանագրի անդամ պետություն՝ մյուս անդամ երկրների հետ ունենք համատեղ ստորագրված փաստաթղթեր: Կազամակերպությունը հենց այդ նպատակով է ստեղծվել, որ որևէ անդամ երկրի նկատմամբ արտաքին զինվորական, ռազմական վտանգի դեպքում պետք է անհապաղ ինչ-որ գործողություններ իրականացնի: ՀԱՊԿ-ի ցանկացած անդամ պետության նկատմամբ ռազմական հարձակումը կամ վտանգը պետք է համարվի որպես մյուս անդամ երկրների նկատմամբ նմանատիպ վտանգ, և պետք է անպայման առնվազն իրենց վերաբերմունքը արտահայտեին՝ էլ չեմ խոսում գործողությունների մասին: Նման հարց իրենց դիրքորոշման մասին մենք չենք տեսել: Խնդիրը ոչ թե այն է, որ Հայաստանը դիմի և հարցը բարձրացվի, այլ՝ ինքը զոհերի փաստը, որի մասին անընդհատ լրատվական միջոցներով ասվում էր՝ բավարար էր և կարող էր հիմք հանդիսանալ, որպեսզի այդ հարցը օրակարգ մտցվի»,- նկատեց Ա. Սաքունցը:
Իրավապաշտպանի կարծիքով՝ իրականում ՀԱՊԿ-ը ոչ թե հանդիսանում է արտաքին ռազմական միջամտության կանխարգելման կամ դիմագրավման կառույց, այլ՝ անդամ երկրներում բռնապետական ռեժիմների պահմանման միջոց: Եվ դա է պատճառը, որ առանձին հանդիպումների կամ քննարկումների ժամանակ ՀԱՊԿ-ի քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի անդամ՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վ. Պուտինը բազմիցս արտահայտվել են, որ ներքին քաղաքական անկայունության դեպքում ստեղծվեն ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժեր, որոնք կկանխեն այդ ներքին անկայունությունները. «Իրենց հետաքրքրում է ներքին անկայունության ձևակերպման ներքո բռնապետական ռեժիմների պահպանման խնդիրը»,- ասաց Ա. Սաքունքը:
Հակառակ դեպքում, ըստ նրա՝ ՀԱՊԿ-ի քարտուղար Ն. Բորդյուժան, «որը հաճախակի գնում-գալիս է որպես քարտուղար», առնվազն պետք է հրադադարի հարցը բարձրացներ. «Կառույցներ կան, չէ՞, որոնք զբաղվում են մոնիթորինգով, տեղեկատվության հավաքագրամամբ, վերլուծությամբ, առաջարկությունների մշակմամբ: Նման որևիցե հարց եղե՞լ է, թե՞ ոչ Հայաստանի իշխանություններին ուղղված՝ մենք չիմացանք. իմացանք, որ չի արվել: ՀԱՊԿ-ն իր անդամ երկրի հետ կապված խնդրին, որը տվյալ դեպքում ռազմական էր (հայ-ադրբեջանական սահմանին, Իջևանի հատվածում հատվածում կար նման խնդիր, էլ չեմ խոսում ղարաբաղյան բաժանարար գծում այդ վիճակի հետ կապված), որևիցե արձագանք չներկայացրեց»:
Աղբյուրը՝ 168.am