Արթուր Սաքունցը` Հովիկ Աբրահամյանին. «Ինքը ո՞վ էր, որ կարող էր ասել համաձայն չեմ»
17:47, August 28, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Դա իր խոսքերի ձախողում է: Թե չէ կառավարությունը վաղուց ձախողված է»,-Aravot.am-ի հարցին այն, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրացուցիչ ժամանակ է խնդրում ստվերի դեմ պայքարելու համար, կարելի՞ է համարել ՀՀ կառավարության ձախողում, այսպիսի կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա կարծիքով` նման վարչապետ չեն նշանակում. «Մարդ, որն անմիջականորեն ընդգրկված է բիզնեսի մեջ, որին մեկ ամսվա ընթացքում դարձնում են պատգամավոր, հետո միանգամից ԱԺ նախագահ, ըստ էության ինքը քաղաքական կարիերան կատարում է` ելնելով ոչ թե ինչ-որ խնդիր լուծելու տեսակետից, այլ Սերժ Սարգսյանի հրահանգների կատարման տրամաբանությամբ: Դրա համար նրանից ինչ-որ լուրջ գործողություններ ակնկալել անիմաստ է: Մենք այդպես էլ ոչ մի գնահատական չստացանք այդ նույն կառավարությունից, ԱԺ-ից Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեության վերաբերյալ: Երբ չկա գնահատական քաղաքական մարմնի կողմից, ու հետո միանգամից անցում է կատարում կառավարություն, էլ ի՞նչ երաշխիքներ ունենաս»:
Մեր այն հակադարձմանը, թե Հովիկ Աբրահամյանը մշտապես հայտարարում ու հավաստիացնում է, որ սկսելու է իր մոտիկներից, Արթուր Սաքունցն արձագանքեց. «Ինքը իրենից պիտի սկսի: Ինքը երրորդ խոշոր օլիգարխն է Հայաստանում»: Հարցրինք` ի՞նչ տվյալների համաձայն է նման կարծիք հայտնում:
Արթուր Սաքունցը պատասխանեց. «Վիքիլիքսի. Մարի Յովանովիչի դիվանագիտական ուղերձի, գրության մեջ նշված էր, թե Հայաստանում ովքեր են ամենախոշոր օլիգարխները. Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան և երրորդը` Հովիկ Աբրահամյան: Այսինքն` ինքը այն թիմի ներկայացուցիչն է, որն ամբողջությամբ օլիգարխիան է, ինքն էլ կարկառուններից: Երեսպաշտություն է գալ ու գեղեցիկ խոսքեր ասել. որևէ մեկը կա՞, որ նրա խոսքերին վստահում է»: Մեր հարցին` համամի՞տ եք, որ Հովիկ Աբրահամյանը ժամանակավոր վարչապետ է, պարոն Սաքունցը պատասխանեց. «Ժամանակավորից հարատև չկա, նրանք ավելի երկար կյանք են ունենում, քան շատերը կարծում են: Խնդիրն անձերը չեն. ուզում է Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Սաշիկ Սարգսյանը, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյանը լինի, ինքը` համակարգը, որն իշխում է Հայաստանում, քրեական օլիգարխիկ քաղաքական համակարգ է և անձերով պայմանավորված չէ»:
Հիշեցրինք, որ օրեր առաջ Ծաղկաձորում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց թե ինքը ռիսկային քայլ է արել`ստանձնելով վարչապետի պաշտոնը, պարոն Սաքունցն արձագանքեց. «Իսկ ո՞վ էր նրան հարցրել: Ինքը ո՞վ էր, որ կարող էր ասել համաձայն չեմ: Սերժ Սարգսյանը եթե որոշի, որ վաղը չէ մյուս օրը Հովիկ Աբրահամյանը մարզպետ է գնում, նա մարզպետ կգնա: Ինքը շատ իր վրա իրավասություններ է վերցնում, թե ինքը որոշող է, բայց ես նման կարծիք չունեմ: Ռիսկի դիմողը այդ մասին չի խոսում, այլ գործողություններ է կատարում: Իսկ այս համակարգի մեջ ֆիգուրների տեղափոխությունները ոչ մի բան չեն փոխում: Շախմատային պարտիան հստակ է` ովքեր են վարում: Սա հանցագործ ղեկավարություն է»:
Արթուր Սաքունցը նշեց, թե ինքը չի լսել, որ Հովիկ Աբրահամյանը երկրի կառավարման սկզբունքային հարցերում դիրքորոշում հայտնած լինի` ասենք Մաքսային միության անդամակցության, Ասոցացման համաձայնագրի ստորագրման առումով: Մյուս կողմից էլ հավելեց, թե նա այնպիսի քայլեր է արել, որոնցով սպասարկել է օլիգարխիայի շահերը. «Օրինակ` շքեղության հարկի հանելը: Կամ բյուջեից սահմանային լարվածության այս ամենաթեժ պահին գումարներ են տրամադրվում թանկարժեք ծառայողական մեքենաներ գնելու համար, դրա մասին Հովիկ Աբրահամյանը որևէ ծպտուն չի հանում: Այդ խաղերը չեն անցնի, նման իրավիճակում թատերական ներկայացումներ խաղալը, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, սիրուն չէ»:
Աղբյուրը՝ www.aravot.am