Զոհված 2 զինծառայողի հարազատներ հայտնել են, թե վստահ չեն, որ իրենց որդու մարմինը եղել է դագաղում
15:42, November 28, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին օրերս պատրաստել էր զեկույց:
Զեկույցում մասնավորապես ասվում է, որ պատերազմական գործողությունների ժամանակահատվածում մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկությունների հիմնական աղբյուրը հանդիսանում էր ՀՀ պաշտպանության նախարարությունը: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակում էր միայն զոհվածների անուն ազգանունը՝ ապրիլի 4-ից ապրիլի 30-ը ներկայացնելով 80 զոհված զինծառայողների տվյալներ, մինչդեռ զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ պատկերը ամբողջացնելով նրանց ընտանիքներից, հարազատներից եւ ԶԼՄ-ներից ստացված տեղեկությունների համադրմամբ, թվերը փոխվում են: Ուսումնասիրության արդյունքում ապրիլ ամսվա զոհերի թիվը կազմել է 106-ը, որից 94-ը զոհվել են հակառակորդի կողմից, իսկ մնացածը` դժբախտ պատահարների հետեւանքով:
Թե ինչ սկզբունքով են առաջնորդվել զեկույցը պատրաստողները, եւ ինչպես են հավաքագրել այս թվերը, զրուցեցինք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատանքները համակարգող, իրավաբան Արմինե Սադիկյանի հետ (Ծանոթություն` Ա.Սադիկյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգողն է): «Ըստ մարզերի չենք առանձնացրել խնդիրները, այսինքն՝ չենք կենտրոնացել, թե որ մարզից են ավելի շատ եղել զոհերը: Բայց եթե այդ մասին խոսեմ, պետք է ասեմ, ըստ մեր տվյալների, 106 զոհերից ամենաշատ զոհերը եղել են Երեւանից՝ 18 հոգի, Սյունիք՝ 13, Շիրակ՝ 12, Արարատ՝ 9, Արմավիր՝ 7, Կոտայք եւ Լոռի՝ 6-ական, Գեղարքունիք՝ 5, Արագածոտն՝ 3, Տավուշ՝ 2, Վայոց Ձոր՝ 1, 2-ի բնակավայրի մասին տվյալներ չկան եւ ԼՂ-ից՝ 22: Մենք կարողացել ենք հանդիպել 61 զոհվածի ընտանիքի կամ հարազատների հետ: Լինելով բոլոր մարզերում, բացի Սյունիքից եւ ԼՂ-ից, բոլոր վայրերում էլ խնդիրները ընդհանուր են՝ նույն սոցիալական վիճակը կամ բնակարանային պայմանները: Չեմ կարող ասել, որ կա որեւէ բնակավայր կամ մարզ, որտեղ ավելի բարեկեցիկ են, քան մյուսներում: Խնդիրները բոլորի մոտ նույնն են: Ամեն դեպքում, որեւէ զոհ չկար որեւէ պատգամավորի, նախարարի կամ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներում, չնայած մենք գտնում ենք, որ որեւէ մեկի ընտանիքում՝ անկախ սոցիալական վիճակից, չպետք է լինեն զոհեր: Իսկ սա հաստատում է բազմիցս բարձրացված այն հարցը, որ զինված ուժերում եւ հատկապես առաջնագծում եւ պատերազմական գործողություններում հայտնվում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների զավակները»,-ասաց նա:
Իսկ ահա պատերազմական գործողությունների ընթացքում իրենց որդիների մահվան հետ կապված մեր զրուցակցի խոսքերով որոշ ինֆորմացիա են հայտնել նաև զոհվածների հարազատներն ու ծնողները: «Եղել են թերություններ, չարաշահումներ՝ կապված նյութատեխնիկական ռեսուրսների անբավարար քանակի, հետախուզական տվյալների բացակայության, զինտեխնիկայի անսարքության, աջակցող ուժերի ուշացման հետ կապված, որոնք մեզ հայտնել են նաեւ այն ծնողները, ովքեր ականատեսն են եղել:
Եւ հենց այս առումով է, որ մենք պնդում ենք մեր պահանջները, որ համապատասխան բոլոր կառույցները, գերատեսչությունները պետք է իրականացնեն ծառայողական քննություն ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում եւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացած, զոհված զինծառայողների մահվան հանգամանքների ուղղությամբ: Միանշանակ պետք է իրազեկեն հարազատներին, պետք է բոլոր հնարավոր դեպքերում բարձրացված թերացումների վերաբերյալ փաստերով հարուցվեն քրեական գործեր եւ բացի այդ, այս խնդիրների հանրային քննարկումը պետք է լինի օրակարգում»,-ասաց Արմինե Սադիկյանը:
Ավելացնենք, որ զեկույցում նշված է նաև, որ պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված հարցված 44 զինծառայողների ընտանիքներից միայն 23-ն են ստացել պաշտոնական տեղեկատվություն /զինկոմիսարիատից, գյուղապետարանից կամ քաղաքապետարանից/ իրենց հարազատի մահվան փաստի մասին: 5 ընտանիք իրենց հարազատի ճակատագրի մասին տեղեկացել է ԶԼՄ-ներով տարածված 18 անհայտ կորած զինծառայողների ցուցակի հրապարակումից, իսկ զոհված 2 զինծառայողի հարազատներ հայտնել են, թե վստահ չեն, որ իրենց որդու մարմինը եղել է դագաղում:
Նրանցից մեկի մայրը պնդել է, որ իր որդու դագաղի մոտ 3 օր հերթապահել են ոստիկանության աշխատակիցները՝ թույլ չտալով բացել դագաղը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am