«Քաղաքական հաստատված գործընթացներն ու խաղի կանոնները մեծ հույսեր չեն ներշնչում». Արթուր Սաքունց
15:13, December 28, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«ՀՀ քրեական օրենսգրքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց վերաբերյալ մենք առաջարկություններ ենք ներկայացրել Կառավարությանը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` նշելով, որ ամբողջական նախագիծը դեռևս չկա: «Այն պետք է դեռ ամբողջացվի, բայց քանի տարի է` աշխատանքներ են գնում այդ ուղղությամբ և ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխվում են: Մինչ Սահմանադրական այս պարտադրված փոփոխությունները, արդեն իսկ աշխատանքներ կատարվում էին և դա խոսում էր այն մասին, որ իմաստ էլ չկար որևէ փոփոխությունների, բայց, երբ որ քաղաքական որոշում կայացվեց խաղի կանոնները փոխելու` կապված Սերժ Սարգսյանի անձնական իշխանության շարունակական ապահովման համար, հետաձգվեց նախագծի ներկայացումն Ազգային ժողով` պայմանավորված արդեն նոր պարտադրված Սահմանդրության պահանջների կատարմամբ»:
Ըստ Սաքունցի` կան արարքներ, որոնք պետք է ավելի խիստ պատասխանատվության ենթարկվեն և ավելի մեծ ժամկետով, և կան արարքներ, որոնց ավելի մեղմ պետք է վերաբերվել: «Դրա վերաբերյալ մենք առաջարկներ ներկայացրել ենք. թե քաղաքական մարմինը` հանձինս նոր Ազգային ժողովի, ինչ մոտեցում կդրսևորի, իհարկե դա դժվար է հիմա կանխատեսել»,- ասաց նա:
Իրավապաշտպանն այն կարծիքին է, որ քաղաքական գործընթացները, խաղի կանոններն ու մեթոդները, որոնց մենք ականատես ենք լինում և որոնք հաստատվում են, մեծ հույսեր չեն ներշնչում. «Որովհետև դրանք ինքնին ոչ իրավական են իրենց բովանդակությամբ, ուր մնաց ակնկալենք իրավական մոտեցումների գերակայության սկզբունքի հիման վրա ինչ-որ օրենսգրքի հաստատում»,- նշեց Արթուր Սաքունցը:
Վերջինի կարծիքով` Քրեադատավարական նոր օրենսգրքի նախկին նախագիծը հաշվի կառնի նոր Սահմանադրական փոփոխությունները և ապրիլին` խորհրդարանական ընտրություններից հետո, նախագծի ամբողջացման աշխատանքներն ավելի մեծ թափով կընթանան և Քր. օրենսգրքի նախագծի հետ միասին կներկայացվեն Ազգային ժողովի հաստատմանը: