Զինծառայողին գտել էին սեփական գոտիով ծառից կախված
15:52, July 28, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը հանդիպել է ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հուլիսի 23-ին կախված վիճակում հայտնաբերված Վարդան Մելքոնյանի հարազատների հետ:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ արդյոք հարազատներից պարզե՞լ է՝ բռնություն կատարելու կասկածանքով այսօր ձերբակալված իրենց տղայի ծառայակիցը ինչ կարգի բռնություն է կատարել: Արմինե Սադիկյանի խոսքով, հարազատներն իրեն պատմել են, որ դիակի զննությանը ներկա են գտնվել, բայց բռնության հետքեր չեն նկատել, բացի որոշ քերծվածքների, որոնք եղել են բազուկների վրա:
«Առաջինը Վարդանին կախված վիճակում տեսել է հրամանատարը, զորամասի տարածքից հարյուր մետր հեռավորության վրա գտնվող ծառից կախված: Հրամանատարը հարցերին չի կարողացել պատասխանել, ասել է՝ ոչինչ չգիտեմ: Այդ զորամասը այն դիրքում է, որ հարակից բնակելի շենքերից էլ է տեսանելի զինծառայողի կախման վայրը, բայց այնպիսի ժամի է դեպքը տեղի ունեցել, որ ոչինչ տեսանելի չի եղել: Այդ օրը նա հերթապահ է եղել ու հետեւել է՝ բոլորը քնեն, նոր դրանից հետո է դեպքը տեղի ունեցել»,- պատմեց Արմինե Սադիկյանը՝ նշելով, որ ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին. «Կասկածում են, որ սպանել են, հետո կախել կամ կախելու միջոցով սպանել, որովհետեւ հենց իր գոտիով է կախված եղել, ասում են՝ այդպես հնարավոր չէր ծառից նման ձեւով ինքն իրեն կախել»:
Վարդան Մելքոնյանի հարազատները Արմինե Սադիկյանին հայտնել են նաեւ, որ դեպքին նախորդող օրը իրենց որդու ու զինծառայակիցներից մեկի միջեւ տհաճ խոսակցություն է իրենց հայտնի դարձել. «Ոչ այնքան լավ զրույց, վիճաբանության նման զրույց, չասացին խոսակցության բովանդակությունը, ծնողները մի քիչ ավելի զգուշավոր էին»:
Հիշեցնենք, որ ըստ ՊՆ հաղորդագրության, 2017 թ. հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: