«Պետք է հստակ տեղեկատվություն տային հանրությանն անվտանգության միջոցների մասին, ինչը նույնպես չեն արել». Արթուր Սաքունցը հարցեր է բարձրացնում
23:33, August 28, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Նաիրիտ» գործարանում խոշոր հրդեհի բռնկման պայմաններում համապատասխան գերատեսչությունները պետք է հստակ տեղեկատվություն տային հանրությանն անվտանգության միջոցների մասին, ինչը չի արվել: «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց մասնագիտությամբ քիմիկոս, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Փոխարենը հայտարարվել է, որ այրվող լաքէթինոլ նյութը վտանգավոր չէ մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի համար:
«Դա ասելու համար առնվազն պետք է լինել ոչ մասնագետ: Սովորական ավտոդողի այրման արտանետումը նույնպես վտանգավոր է: Զարմանալի է, որ թունավոր լինելու կամ չլինելու վերաբերյալ դատողութուն են անում ի սկզբանե: Նման դատողություններ անողները քիմիայից հեռու մարդիկ են, որովհետև ցանկացած քիմիական նյութ թունավոր է: Երկրորդ, անթույլատրելի է, որ առանց հետազոտության նման դատողություն են անում, թե այդ խառնուրդի մեջ ինչ քիմիական նյութեր են մտնում»,- ասաց Սաքունցը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ բռնկվել: Ժամը 14:00-ի սահմաններում, ըստ պաշտոնական հաղորդագրության, հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա:
Հրդեհի տարածման առաջին ժամերին հասարակությանը հուզող հարցը մեկն էր՝ այրվող լաքէթինոլ նյութը վտանգավո՞ր է բնակչության առողջության ու շրջակա միջավայրի համար, թե՞ ոչ:
Առողջապահության նախարարությունը ժամեր անց միայն հորդորեց բնակչությանը հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ) փակել բնակարանների դռները և պատուհանները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն հայտարարել է, որ հրդեհի հետևանքով վտանգավոր արտանետումներ չեն եղել, բնակչությանը վտանգ չի սպառնում: Բնապահպանության նախարարության տեղեկատվության համաձայն էլ՝ նախարարության մասնագետները տեղում նմուշառում են կատարել:
Արթուր Սաքունցի խոսքով՝ լաքէթինոլը մաքուր քիմիական նյութ չէ, քիմական նյութերի խառնուրդ է: Ըստ մասնագետի՝ ցանկացած քիմական նյութ ի սկզբանե թունավոր է, ցանկացած քիմիական նյութից արտազատվում է ածխաթթու գազ:
Մանավանդ տվյալ քիմիական նյութերի խառնուրդից կարող են արտազատվել ոչ միայն ածխաթթու գազ, այլ նաև ածխաթթու տարբեր միացություններ, քանի որ այդ ծուխը ցույց է տալիս, որ մաքուր այրում չկա, այլ կիսաայրված նյութեր են:
Երկրորդ, ըստ մասնագետի, կարող են այլ միացություններ էլ առաջանալ, այսինքն՝ լաքէթինոլի խառնուրդում գտնվող այդ քիմիական միացություններից էլ կարող են այլ նյութեր արտազատվել, որոնց ազդեցությունն օրգանիզմի վրա այս պահին դժվար է գնահատել:
«Բայց որ դրանք միանշանակ տոքսիկ ու թունավոր ազդեցություն ունեն, դա անժխտելի է: Պարզ մի օրինակ կա, երբ տանը գազն այրվում է, եթե գազի այրումից հետո նորմալ արտանետում չի լինում, մարդ խեղդվում է: Գրականության մեջ նաև կա, որ լաքէթինոլը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով: Տվյալ դեպքում հայտնի չէ, թե ինչ նպատակով է նախատեսված եղել «Նաիրիտում» առկա այդ նյութն օգտագործել: Միայն հայտնի է, որ դա ստացվել է Պաշտպանության նախարարության պատվերով: Ըստ երևույթին դա հակակոռոզիոն երեսպատման նպատակով են ստացել, որը չեն օգտագործել»,- ասաց Սաքունցը:
Ըստ մասնագետի՝ էներեգետիկ բնագավառում այդ լաքէթինոլն օգտագործելու դեպքում դրա հետ խառնում են այնպիսի նյութեր, որոնք ինքնին տոքսիկ են: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է իմանալ, թե ինչ բաղադրություն է ունեցել այդ նյութը, որովհետև այն հանդիսանում է որպես կողմնակի պրոդուկտ՝ քլորոպրենային կաուչուկի ստացման ընթացքում:
«Բայց տվյալ դեպքում, քանի որ այն ստացել են դրսից, պետք է հասկանալ, թե ինչ բաղադրության մեջ ինչ քիմիկան նյութեր են եղել: Դա շատ պարզ անալիտիկ միջոցներով կարելի է պարզել, կամ էլ ապրանքի ստացման սերտիֆիկատում պետք է լինի քիմիական նյութերի բաղադրությունը»,- նշում է Արթուր Սաքունցը:
Ըստ նրա՝ զարմանալի է, թե ինչու հրդեհի կանխարգելման միջոցառումներ չեն արվել գործարանում: Տևական ժամանակ է՝ մասնագետներն ահազանգում են, որ հրդեհավտանգ իրավիճակ է երկրում՝ պայմանավորված շոգ եղանակով: Հարց է հնչում՝ արդյոք հնարավոր հրդեհների կանխման միջոցներ ձեռնարկվե՞լ են գործարանում, թե ոչ:
«Կա նաև շատ պարզ հարցադրում՝ Պաշտպանության նախարարության պատվերով է դա գնվել, բայց չի օգտագործվել, ինչքա՞ն գումար է ծախսվել այդ լաքի գնման ու տեղափոխման համար, երբ են տեղափոխել, ինչո՞ւ ինչու չի օգտագործվել, դրա փոխարեն ի՞նչ է օգտագործվել: Այսինքն՝ այս խնդիրը երկու մասից է բաղկացած՝ մեկը զուտ այրման հետ կապված հետևանքների մասին է, մյուսը այս հարցադրումներն են: Ամենակարևորն այն է, որ պետք է հստակ տեղեկատվություն տային հանրությանն անվտանգության միջոցների մասին, ինչը նույնպես չեն արել»,- ասում է մասնագետը: