Ինչո՞ւ է անհրաժեշտ ստեղծել ռազմական օմբուդսմենի ինստիտուտ
10:37, January 29, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԲանակում ռազմական օմբուդսմենի անհրաժեշտությունը պայմանավորված է զինված ուժերում մարդու իրավունքների խախտման դեպքերի պարբերականությամբ, համակարգային բնույթով ու նաեւ խախտված իրավունքների վերականգնման արդյունավետ իրավական մեխանիզմների բացակայությամբ: Այս կարծիքին է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ըստ նրա՝ պետք է նաեւ առանձին օմբուդսմեն լինի երեխաների իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության եւ լրագրողների իրավունքների պաշտպանության համար:
«Բայց, քանի որ զինված ուժերն առավել փակ կառույց է եւ այնտեղ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ բավական շատ տվյալներ մենք այդպես էլ չենք կարողանում ունենալ, չնայած՝ գոյություն ունի մարդու իրավունքների պաշտպան: Մենք գտնում ենք, որ առանձին մասնագիտացված պետք է լինի այդ ինստիտուտը, որպեսզի զինծառայողները՝ կարճաժամկետ, պայմանագրային կլինեն, սպաներ կլինեն, իրենց իրավական պաշտպանության հարցերով կարողանան ունենան հասցեատեր եւ անկախ մարմին, որը կզբաղվի այդ հարցերով»,- ասաց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը կարծում է, որ արդյունավետության տեսակետից ՊՆ-ն կամ ԶՈւ գլխավոր շտաբը չի կարող զբաղվել այն պատճառների վերացմամբ, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների խախտման, քանի որ ԶՈւ-ն զինվորական ծառայության կազմակերպման անմիջական պատասխանատուն է: «Իրավունքների պաշտպանության անկախ ինստիտուտի հիմնադրումն այս պայմաններում առավել անհրաժեշտ է»,- նշեց նա՝ հավելելով, որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ ներառված է եղել ստեղծել այդ կառույցը, սակայն մինչ օրս այն չի ստեղծվել:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը նույնպես կողմնակից է, որ ստեղծվի ռազմական օմբուդսմենի ինստիտուտ:
«Հանձնաժողովում չի քննարկվել: Տարբեր իրավապաշտպաններ բարձրաձայնել են, նման շատ առաջարկներ են լինում: Երեխաների հարցով օմբուդսմենի առաջարկ էլ կա: Եթե հասնի հանձնաժողովի քննարկմանը, կքննարկենք»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ նշելով, որ այս հարցը տարիներ շարունակ իրավապաշտպանները բարձրացնում են:
«Ես կողմնակից եմ: Բազմաթիվ քննարկումների եմ մասնակցել: Դա գործընթաց է, պետք է աշխատել, տեսնել: Նախաձեռնություն կլինի, համատեղ առաջարկ կլինի, հանձնաժողով կներկայացնեն, մենք միասին կարող ենք անել, բայց այդ հարցով, որքանով ես եմ տեղյակ, առաջարկ չի եղել: Նման քննարկումներ եղել են բանակի վերաբերյալ քննարկումների ժամանակ»,- նշեց պատգամավորը: