Համաձայն եմ Գասպարիի հետ, բայց… Արթուր Սաքունցը պատասխանում է Վարդգես Գասպարիին
10:18, February 29, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քաղբանտարկյալներ«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
– Պարոն Սաքունց, նախօրեին Վարդգես Գասպարին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, որի անդամ եք,առաջարկում է լքել և ստեղծել այլընտրանքային դիտորդական խումբ,քանի որ այդ դիտորդական խումբը չունի ոչ մի ներգործություն: Գասպարիի խոսքով՝ «Նուբարաշենը» ոչ թե կալանավայր է, այլ սպանդանոց:
– Նախևառաջ շնորհավորում եմ Գասպարիին ազատության մեջ գտնվելու կապակցությամբ, որը տեղի ունեցավ ամբողջ քաղաքացիական հասարակության շնորհիվ և, դատապարտելով նրա նկատմամբ բռնությունները և հալածանքները, վերստին պնդում եմ, որ պետք է կատարվի քննություն, բացահայտվեն մեղավորները և պատասխանատվության ենթարկվեն:
Գասպարին, իհարկե, ինչպես ցանկացած ՀՀ քաղաքացի, ազատ է իր կարծիքն ունենալու, արտահայտելու ինչպես իր, այնպես էլ ուրիշների կարծիքները և դիրքորոշումները: Պարզապես սա տեսակետ է, որը մինչ այս արվել է նաև այլ անձանց կողմից, նորություն չէ այն, ինչ ասում է, բայց փոքր-ինչ անտեղյակության հետ եմ կապում, որովհետև արդարադատության նախարարությանը կից, ինչպես ինքն է նշում, դիտորդական խմբի գործունեությանը փոքր-ինչ պետք է ծանոթ լինել: Խումբը լիովին անկախ է իր որոշումներում, իր անդամների ընդունման կամ չընդունման հարցերում, խումբը ինքն է որոշում՝ երբ և ում այցելել, և խումբը լիովին ազատ է իր գնահատականներում, որոնք պարբերաբար ներկայացնում է արդարադատության նախարարությանը: Եվ եթե Գասպարին ծանոթ լիներ խմբի կողմից ներկայացված զեկույցներին, ապա կհամոզվեր, որ պարբերաբար ներկայացվել են այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ՔԿՀ-ներում, նաև օրենսդրության հետ կապված բազմաթիվ հարցեր: Այլ խնդիր է, թե բարձրացված հարցերին արդարադատության նախարարությունը տալի՞ս է լուծումներ, թե՞ ոչ: Այս առումով համամիտ եմ, որ, ցավոք սրտի, իրավիճակը չի փոխվել, ինչպես նաև չեն փոխվել Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից պարբերաբար բարձրացված և արձանագրված խնդիրները: Այսինքն՝ Գասպարիի տրամաբանությամբ, իհարկե, երևի թե պետք է դադարեցվեր նաև CPT խմբի մանդատը, որն այցելելու է ազատազրկվածներին: Բայց CPT-ն պիտի նույնպես դիտարկենք ոչ արդյունավետ, քանի որ նրանց կողմից բարձրացված խնդիրները տարիներով մնում են չլուծված: Այստեղ կա որոշակի իրազեկվածության հարց Խմբի մանդատի, գործառույթների և արդյունավետության հետ կապված: Պետք է ասեմ, որ շատ-շատ հարցեր, որոնք կոնկրետ անձերի են վերաբերում, ստանում են կոնկրետ լուծումներ, բայց կան շատ-շատ խնդիրներ, որոնք լուծումներ չեն ստանում: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք Խմբի կողմից արձանագրվել, բարձրաձայնվել, ներկայացվել ու հրապարակայնացվել են, բայց, ցավոք սրտի, լուծումներ չեն ստացել: Դա ոչ թե խմբի արդյունավետության բացակայության մասին է խոսում, այլ քրեակատարողական վարչության և արդարադատության նախարարության ոչ համարժեք քայլերի մասին: Այնպես որ՝ Գասպարիի կարծիքն իր կարծքին է, բայց Խումբն էլ ունի իր մոտեցումները: Ի դեպ, ասեմ, որ հենց Խմբի կողմից հրապարակվեց, տարածվեց դեռևս կալանքի տակ գտնվելիս Գասպարիի կողմից այն հայտարարության տեքստը, որ վերաբերում էր Խմբին: Խումբը կատարեց Գասպարիի խնդրանքը և տարածեց այն, այսինքն՝ թաքցնելու ոչինչ չունի: Սա շատ կարևոր հանգամանք է, մենք բաց ենք ցանկացած քննադատության ու կարծիքի առջև: Ուղղակի կառաջարկենք նաև որոշակի իրազեկվածության հիման վրա մոտեցումները ձևակերպվեին:
– Նա նաև նշում է, որ Դիտորդական խումբը որևէ ներգործություն չունի իրավիճակի վրա:
– Դա Գասպարիի կարծիքն է, և եթե դուք ուշադրություն դարձրել եք՝ նույն քրեակատարողական հիմնարկներում առանձին խնդիրների վերաբերյալ բազմիցս են եղել հրապարակումներ: Հենց դիտորդական խմբի զեկույցները, մտահոգությունները, դիտորդական խմբի անդամների գնահատականները հնչեցվել են: Հիմա բառերի ու որակումների հետ կապված կարող են լինել տարբեր ձևակերպումներ ու գնահատականներ, բայց չկա որևէ խնդիր, որ քրեակատարողական համակարգում գոյություն ունի և Խմբի կողմից չի բարձրաձայնվել: Որոշում կայացնողը Խումբը չէ, Խումբն ընդամենը դիտորդություն իրականացնողը, փաստերը արձանագրողն ու բարձրաձայնողն է: Այսինքն՝ դա անկախ դիտարկման մարմին է: Համաձայն են, թե ոչ՝ սա է իրականությունը: Խումբը կաշկանդված չէ որևէ նախարարի կամ որևէ պաշտոնատար անձի մոտեցումներով կամ նրա որոշումներով: Համաձայն եմ Գասպարիի հետ, որ արդարադատության նախարարությունն ու քրեակատարողական վարչությունը պետք է շատ ավելի պատասխանատու մոտենան ոչ միայն Խմբի դիտարկումներին, այլև միջազգային կառույցների կողմից բարձրացված խնդիրներին: Մասնավորապես, խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցներում նշված խնդիրներին:
– Դուք ծանո՞թ եք ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի հարցազրույցին, որում նա հայտարարում է, որ ՔԿՀ-ներում մոլախաղերն անվերահսկելի են:
– Ամբողջովին մերժում եմ և համաձայն չեմ նման մոտեցմանը, որ հնարավոր չէ կանխել դա: Խոսքը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում մթնոլորտի ձևավորմանը, իսկ մոլախաղերն ընդամենը այսօր գոյություն ունեցող մթնոլորտի վատ դրսևորումներից մեկն են, որն, իհարկե, բավական ծանր հետևանքներ է ունենում ազատազրկվածների և նրանց ընտանիքների ճակատագրի, կյանքի և ունեցվածքի խնդիրների վրա: Այնպես որ՝ պարոն Օսիկյանը պետք է հստակ գիտակցի, որ նման խոստովանությունն ավելի շատ խոսում է անգործության ու անճարակության մասին, որի հետևանքով այն վիճակում ենք, որը հիմա կա: Բայց իրական խնդիրն այն է, որ քրեակատարողական հիմնարկներում չգրված քրեական կանոնները գերակշռում են, ավելի որոշիչ են, քան գրված իրավական նորմերը: Սա է ամբողջ խնդիրը: Այս առումով Քրեակատարողական վարչությունն ուղղակի պատասխանատվություն ունի իրավիճակը շտկելու հարցում: Բայց, միաժամանակ, ես հասկանում եմ, որ խնդիրը շատ ավելի համակարգային է: Մի երկրում, որտեղ քրեական հեղինակություններն ունեն բավական բարձր կարգավիճակ քաղաքական իշխանության կողմից, դա չի կարող իր ազդեցությունը չունենալ կյանքի տարբեր բնագավառներում և հատկապես այնպիսի վայրերում, ինչպիսիք փակ հաստատություններն են, որտեղ քրեական աշխարհի ներկայացուցիչների կողմից կա ուղղակի վերահսկողություն: Այս առումով Օսիկյանը գուցե ընդունում է իր անճարակությունը, բայց միաժամանակ պետք է նաև համարձակություն ունենա հայտարարելու, որ դա պայմանավորված է քաղաքական իշխանության ուղղակի համագործակցությամբ քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ:
Այդ մանդատը հնարավորություն է տալիս շաբաթվա ցանկացած օր, ցանկացած ժամի, ցանկացած քրեակատարողական հիմնարկ մտնելու, վերահսկողություն իրականացնելու, և սրա բացակայությունը կարող է շատ ծանր ազդեցություն ունենալ։ Միաժամանակ մենք գտնում ենք, որ, իհարկե, պետք է նույն արդարադատության նախարարության կողմից խրախուսվեն մոնիտորինգները։