Մի գիշերվա ընթացքում ձվածեղ ուտողները չպետք է կազմեին նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը․ Արթուր Սաքունց
17:45, February 29, 2016Ընտրությունների վերաբերյալ գրեթե բոլոր կառույցների զեկույցներում որպես կարևորագույն կետ նշված է վստահությունն ընտրությունների նկատմամբ եզրույթը: Այդ զեկույցներից հետևում է, որ իշխանությունները պետք է ապահովեն քաղաքական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումն ընտրական գործընթացներում: Պետք է ապահովվի ներառական համագործակցությունը։ Այս մասին Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, որ բաց են քննարկման համար: Ըստ էության՝ այս պահից սկսած արձանագրում եմ, որ իշխանությունները չեն ապահովում ներառական գործընթացի ապահովումը, որը նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում էր տեղ գտել: Այսինքն՝ անտեսում են նաև այդ կառույցին»,- նկատեց Սաքունցը:
Վերջինս, հիմք ընդունելով իշխանությունների նման վերաբերմունքն, առ այն, որ քննարկմանը ոչ մի նեկայացուցիչ ներկա չէ, ասաց. «Այն վերաբերմունքը, որ իշխանությունն է ցուցաբերում, հիմք է տալիս ասել, որ վերաբերմունքն, ըստ էության, ինչպես սահմանադրական փոփոխությունների ժամանակ էլ, հիմա էլ չի փոխել: Համագործակցելու չեն գալիս, այլ պատրաստի հետո հրապարակում են ու միայն հրապարակելուց հետո ասում են՝ առաջարկություններ ներկայացրեք: Առհասարակ, կարծում եմ, որ մի գիշերվա ընթացքում ձվածեղ ուտողները չպետք է կազմեին նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ինչո՞ւ են բոլորի փոխարեն Ընտրական օրենսգիրք մշում: Մենք չպետք է սպասենք, որ ավարտեն, հետո մեզ տրամադրեն նախագիծը: Առհասարակ, նման խցային մոտեցումն անընդունելի է»։