«Իշխանություն ունեցողներն իրենք իրենց պատասխանատվության ենթարկելու հակված չեն». Արթուր Սաքունցը` ձայնագրությունների մասին
10:19, March 29, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը MAMUL.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիական միավորման» կողմից հեռախոսազանգերի միջոցով բացահայտված խախտումներին, կարծիք հայտնեց, որ տեղի է ունեցել հստակ ընտրական խախտում: Ըստ նրա, վարչական մարմինները՝ հանձինս տեղական իշխանությունների, չարաշահել են իրենց պաշտոնական լիազորությունները և ապօրինի հրահանգներ են տվել կրթական հաստատությունների տնօրեններին, որպեսզի վերջիններն ընտրողներ հավաքագրեն: «Դա նաև կազմակերպված բնույթ ունի, որովհետև «Իրազեկ քաղաքացիական միավորման» կողմից կատարված այդ հեռախոսազանգերի միջոցով բացահայտված խախտումները, աշխարհագրական տարածվածության տեսակետից, ընդգրկել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր, բնակավայրեր: Մենք տեսնում ենք, որ կրթական հաստատություններ, թաղապետարաններ, վարչական մարմիններ, որոնց ղեկավարում են համապատասախան մարմինները, նկատի ունեմ՝ նախագահ, կառավարություն, հանրապետական կենտրոնական շտաբ և այլն, սրանք միասնական գործող օրգանիզմ են, որոնք վկայում են գործող կուսակցության սերտաճման մասին»,- նշեց Սաքունցը՝ հավելելով, որ կատարվածը մեկ անուն ունի՝ իշխանության յուրացում կամ օգտագործում՝ մեկ կուսակցության շահերի օգտին:
Իրավապաշտպանի խոսքով, երեկվա այդ տեղեկատվությունը, թե տնօրենները հրավիրվել են քաղաքապետարան, ապացույցն է նրա, որ այն ունենալու է շարունակական բնույթ և իրական ազդեցություն նաև ընտրական գործընթացի վրա, որովհետև ընտրողներն ազատ չեն իրենց կամքն արտահայտելու և ընտրություն կատարելու հարցում: «Սա ցույց է տալիս, որ այդ խախատումները վերացնելու իրական հնարավորությունները բացակայում են, որովհետև մինչ այժմ համարժեք գնահատականներ՝ «Հանրապետական» կուսակցության կողմից՝ խախտումներն ու սեփական մեղքն ընդունելու, գիտակցելու մասին, խոսք անգամ չկա»- նկատեց նա՝ նշելով, որ սա ցույց է տալիս, որ հիմնական անելիք ունեն ընտրությունների գնացող քաղաքական կուսակցություններն ու դաշինքները, քանի որ դա, առաջին հերթին, իրենց ուղղված մարտահրավեր է: «Ակնհայտ է, որ ազատ և արդար ընտրությունների անցկացման համար շատ գործոններ բացակայում են, ուստի հարց է առաջանում՝ ինչպես եք դուք հաշտվելու նման պայմաններին և ինչ քայլեր եք անելու՝ վերացնելու համար այդ խախտումները»,- դիմելով կուսակցություններին ասաց Ա. Սաքունցը:
Վերջինը կարծում է, որ այս խնդրում, պատասխանատվությունն անմիջականորեն ընկնում է հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, որը պարտավոր է օրենքի շրջանակում հետևել ընտրական քարոզչության ընթացքին՝ պահպանելով ընտրական օրենսգրքի նորմերը և հարկ եղած դեպքում՝ բացահայտել խախտումները: «Մենք առայժմ դա չենք տեսնում և փոխարենը տեսնում ենք, որ Ազգային ժողովի այս ընտրություններն արդեն իսկ չեն կարող համարվել ազատ և արդար: Ավելի շատ տեղի է ունենում դրանց շարունակականությունն ապահովելուն ուղղված գործողություններ, որպիսին հանդիսանում է այն երաշխիքը, որ որևէ տնօրեն չի պատժվելու»:
Մեր զրուցակիցն ասաց, որ նման փաստ արձանագրելն արդեն մեծ հարված է ոչ միայն ընտրություններին, այլև հենց կրթական հաստատություններին, որոնց հեղինակությունը հանրության և ընտրողների աչքում ընկել է, և ամեն ինչ արվում է զուտ մի կուսակցության շահերի համար: «Այսինքն՝ մենք արձանագրում ենք, որ Հայաստանում, հրապարակայնորեն, արդեն փաստվում է մեկ կուսակցական համակարգի գոյությունը և մյուս կուսակցություններն, ըստ էության, գոյատևում են այդ մեկ կուսակցության համակարգի շրջանակում, որովհետև ազատ և արդար ընտրությունները համընդհանուր շահ է, որը պետք է գիտակցվի բոլոր քաղաքական ուժերի և հասարակական միավորների բոլոր կազմակերպությունների կողմից… Սա լուրջ մարտահրավեր է արդեն բոլորիս, իսկ ընտրությունը վերջնականապես վարկաբեկվում է ընտրողների աչքում»:
ԿԸՀ-ի կողմից խախտումները հաստատվելու դեպքում արդյոք ի՞նչ տեղի կունենա, կպատժվե՞ն օրինախախտ տնօրենները՝ հարցին, Ա. Սաքունցն ասաց, որ նրանց պատժողը ԿԸՀ-ն չէ. «Նա բացատրություն պետք է պահանջի ոչ միայն տնօրեններից, այլ այդ ձայնագրությունների մեջ նշված թաղապետարաններից, քաղաքապետարաններից և այլ մարմիններից: Բացատրություն պետք է պահանջի ՀՀԿ կենտրոնական շտաբից, անձամբ՝ շտաբի պետ Սերժ Սարգսյանից: Եվ հստակ բացատրություն պահանջի ոչ միայն խախտումների, այլ նաև՝ այդ խախտումների կանխման ուղղությամբ կատարվող քայլերի համար: Բայց պետք է արձանագրել, որ այդ խախտումները կատարողները հովանավորվում են հենց այդ ապօրինի հրահանգներ տվողների կողմից, որոնք ունեն իշխանություն: Եվ այս առումով, իշխանություն ունեցողներն իրենք իրենց պատասխանատվության ենթարկելու հակված չեն: Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկի՝ իրավապահ մարմիննե՞րը, բայց եթե իրավապահ մարմինները չեն կարողացել խախտումները բացահայտել հերթական անգամ, այլ դա անում է ինչ-որ կազմակերպություն, դա խոսում է այն մասին, որ նրանք նույնպես ենթարկվում են այդ կուսակցության հրահանգներին: Եվ այսպիով, ստեղծվում է փակ շղթա, ստեղծվում է մի այնպիսի իրավիճակ, որ իրավական ճանապարհով ՀՀ-ում խնդիրներ լուծել այլևս անհնար է: Սա խոսում է այն մասին, որ իրավապահ լծակներն ու գործիքները չեն գործում, ինչը հղի է շատ լուրջ հետևանքներով, քանզի չի կարող երկրում չգործել իրավական համակարգը, բայց երկրում նորմալ, անվտանգ իրավիճակ լինի»: